Լյումպեն կամ երիտասարդի TrAm նախաձեռնությունը

Լյումպեն կամ երիտասարդի TrAm նախաձեռնությունը
Դու մի ասա, Երիտասարդության համաշխարհային օրն էր երեկ ու նաեւ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) 11-րդ տարեդարձը, եւ այդ առիթով դաշնության գլխավոր երիտասարդ Ատոմ Մխիթարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Սա մի կես ժամ պատմում էր համաշխարհային երիտասարդության տեղի, դերի ու նշանակության մասին ու դադար չէր տա, եթե լրագրողների համբերությունը չհատեր ու բոլորը միաբերան չպնդեին, որ խոսի Հայաստանի երիտասարդության խնդիրներից ու քանի որ ներկայանում է նրանց անունից, ասի, թե ինչ են արել:



Սակայն մարտնչող պատմագետի համառությամբ Ատոմը փորձում էր ճեղքել «անհամբեր լրագրողների» դիմադրությունն ու պատմել, թե ի՜նչ դարակազմիկ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացրել, իրականացնում եւ իրականացնելու՝ հանուն երիտասարդության ապագայի: «Մենք էլ այդ երիտասարդության մի մասն ենք, ինչպե՞ս կբացատրեք այն իրողությունը, որ ձեր բոլոր ծրագրերը, հատկապես սոցիալական ու նյութական հարցերին վերաբերող, առնչվում են միայն ձեզ ու ձեր մերձավոր մի քանի տասնյակ երիտասարդի»,-հնչեց մոտակայքից:



Սա դասական դեմագոգի հմտությամբ խոսքը կտուրը գցեց ու սկսեց պատմել, թե ինչպես են իրենք ներդրում ունեցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում, որի ապոգեյը եղել է TrAm նախաձեռնությունը: Դրա շրջանակներում հայ եւ թուրք երիտասարդներ փոխայցելությունների միջոցով փորձել են գտնել «առկա խնդիրների լուծումներ»: Գտել են թե ոչ, չի պարզվում, բայց որ մի բոլ գրանտ են կերել այդ ու շատ այլ ծրագրերի իրականացման շրջանակներում,  ակնհայտ է: Երբ մի կերպ հնարավոր եղավ ընդհատել նրա «բառային լուծը», հարցրի. «Դուք ինքներդ նշեցիք, որ երիտասարդական շարժումը ձեւավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ ֆաշիստական ռեժիմի կրկնությունը բացառելու նպատակով:



Հիշեցնելով նաեւ 70-ականների երիտասարդական ընդվզումները, նշեմ, որ ամբողջ աշխարհում երիտասարդությունը, որպես կանոն, ըմբոստանում է առաջինը, եւ հասարակարգեր փոխելու գաղափարները  ծնվում են հատկապես երիտասարդների շրջանակներում: Այսօր էլ, Երիտասարդների համաշխարհային օրը, մեր երկրի ոստիկանները ռեժիմի դեմ պայքարի ելած երեք երիտասարդի են ծեծել Երեւանի կենտրոնում՝ այն աստիճան, որ նրանց համար շտապօգնության մեքենա է եկել, հետո նրանց ձերբակալել են: Որպես երիտասարդների անունից ու երիտասարդների խնդիրներով մտահոգված առաջնորդ ներկայացող անձ, ի՞նչ եք արել նրանց սատարելու, նրանց իրավունքները պաշտպանելու եւ ընդհանրապես Հայաստանի երիտասարդների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, սույն Ատոմը համարժեք չէ:



«Հայաստանում երիտասարդությունը բնակչության քսան տոկոսն է կազմում, նախկին մարդահամարի տվյալներով, երիտասարդության հիմնական խնդիրները Հայաստանում հիմնականում գործազրկությունն է...»,-խոսեց: Ստիպված եղա խնդրել, որ պատասխանի հարցիս, ու քանի որ պատասխանը չհնչեց, լրագրողները լքեցին ասուլիսը, ու հարցս մնաց միակն ու մնաց անպատասխան: Ասուլիսից դուրս լրագրողները սկսեցին քննարկել Ատոմի պահվածքն ու խոսել այն մասին, որ սա տղան, լինելով այսքան երիտասարդ, տպավորություն է ստեղծում, որ բրածո է մնացել 37 թվից:



Իսկ ես հիշեցի մի հայտնի անեկդոտ. «Մի ծեր հայ կին ու մի ծեր հայ տղամարդ ունեցան մի ծե՜ր հայ երեխա»: