Ոստիկանության գործողություններին հաջորդեց «կառափնարանի» տեսարանը

Ոստիկանության գործողություններին հաջորդեց «կառափնարանի» տեսարանը
Երեկ առավոտվանից ՀԱԿ ակտիվիստները պիկետ են անցկացրել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, «Երեւան» հյուրանոցի դիմաց, որտեղ անցկացվում էր «ԵՄ-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովը»: ՀԱԿ երիտասարդների ակցիան սկսելուց հետո ժամանել են ոստիկանները եւ արգելապատնեշներ շարելով՝ պահանջել երիտասարդներից ետ քաշվել եւ ակցիան անցկացնել դրանցից այն կողմ: Արգելապատնեշները շարվել են համաժողովի անցկացման վայրից բավական հեռու, եւ ակցիայի մասնակիցները հրաժարվել են «նահանջել»՝ առաջարկելով, որ արգելապատնեշներն ավելի մոտ բերվեն: Ոստիկաններն իրենց մարմիններով պատ են կառուցել եւ սկսել են հետ հրել երիտասարդների փոքր խմբին:



Երիտասարդները դիմադրել են, ապա տեսնելով, որ ոստիկաններն ագրեսիվ ձեւով ուժ են կիրառում, պառկել են գետնին: Ոստիկանների եւ երիտասարդների հաջորդ ընդհարումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակցիային մասնակցող երիտասարդների նոր խումբ է եկել: Նրանց ոստիկաններն արգելել են անցնել արգելապատնեշը եւ միանալ իրենց ընկերներին: Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ ոստիկանական բաժանմունք են տարել ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին եւ Սարգիս Ղազարյանին:



Այդպիսով պիկետի մասնակիցները, ինչպես վերջերս կառավարության ընդունելությունների տան մոտ անցկացված ակցիայի ժանանակ, դարձյալ կիսվել են: Չնայած ոստիկանների պահանջին, պաստառներով ու դրոշներով մի քանի երիտասարդներ մնացել են արգելապատնեշի ներսում, իսկ պիկետի մասնակիցների հիմնական զանգվածը հավաքվել է դրանցից դուրս: Այս էլ որերորդ անգամ ոստիկանները, անհեթեթ պահանջներ ներկայացնելով, ընդհարում են հրահրում եւ ի վերջո չկարողանալով կոտրել իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդների դիմադրությունը՝ դիմում են բացահայտ բռնության:



«ԵՄ-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» մասնակիցները հանդես են եկել ոստիկանների գործողությունները դատապարտող հայտարարությամբ: Պիկետի մասնակիցները իշխանությունների անօրինական գործողությունները եւ երկրում ժողովրդավարության ու  ազատ խոսքի խնդիրները ցույց տալու համար դարձյալ հետաքրքիր միջոց էին մտածել: Եթե հոկտեմբերի 19-ի պիկետի ժամանակ ՀԱԿ ակտիվիստները քաղբանտարկյալների առկայությունը պատկերող բանտի տեսարան էին ներկայացրել, այս պիկետին կառափնարանի տեսարան էր: «Կառափնարանի» երկու կողմերում փակցված էին Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի պատկերները, իսկ «Կառափնարանի» ձողից կախված էին պարկեր, որոնց վրա գրված էին «Ժողովրդավարություն», «Արդարադատություն», «Ազատ մամուլ», «Ազատություն» եւ «Մարդու իրավունքներ»:



Պիկետի մասնակիցները, ի թիվս այլ վանկարկումների, վանկարկում էին նաեւ «Ազատ, անկախ ոստիկան», ապա հիշելով, որ այդ ոստիկանները չորս երիտասարդ են բերման ենթարկել, «Ամոթ, ամոթ» էին գոռում: Ոստիկանների մի մասը անտարբեր էր այդ վանկարկումներին, մի քանիսը գլխահակ էին լսում, իսկ առավել բարձրաստիճաններն անամոթաբար ժպտում էին: Մի քանի ոստիկան, իրենց պաշտոնն ու կոչումը մոռացած, լեզվակռվի էին բռնվել ՀԱԿ ակտիվիստ կանանց հետ եւ 10:0 տանուլ էին տալիս: Հնչեցին նաեւ «Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, սրիկա» վանկարկումները:



Պիկետի մասնակից կանայք, չկարողանալով զսպել իրենց զայրույթը, մոտենում էին «կառափնարանի» երկու ծայրերում փակցված Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին պատկերող ստվարաթղթերին եւ կտտացնում նրանց ճակատներին, ցույց էին տալիս, թե ականջներն են քաշում: Մի կին մոտեցավ Ռ. Քոչարյանի պատկերին եւ ոչ այնքան ջրառատ թքեց ճակատին: Պիկետի մասնակիցները մի քանի ժամ կանգնելուց հետո գնացին մի փոքր հանգստանալու, որ այնուհետեւ մասնակցեն նաեւ Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին: