Ռեժիմի շուրջ սեւ-մութ ամպեր են կուտակվում

Ռեժիմի շուրջ սեւ-մութ ամպեր են կուտակվում
Ընդդիմության երեկվա  հանրահավաքին ընդառաջ ՀԱԿ երիտասարդներից չորսին ոստիկանություն տանելու քաջագործությունը ստիպեց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանին հորդորել ոստիկանությանը բաց թողնել տղաներին, հակառակ դեպքում երթի երթուղին հանրահավաքից հետո  ուղղություն կբռնի դեպի ոստիկանություն: Հայտնի չէ, ընդդիմադիրներին անակնկալ մատուցելո՞ւ թե՞ բազմամարդ երթից խուսափելու համար, միտինգի ավարտին բաց թողեցին երիտասարդներին: Նրանց ժողովուրդը դիմավորեց ու քաջալերեց ծափողջույններով:



ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ԱՅՍՔԱՆ ՏՀԱՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ



Տնտեսության կենտրոնացման մասին ելույթ ունեցող Հրանտ Բագրատյանը կանգ առավ կառավարության վերջին «ցուգ ցվանգի»՝ մեքենաների ապահովագրության պարտադրանքի վրա: «Մենք երբեք չենք ունեցել այսքան տհաս կառավարություն»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը: «Վերջին օրերին կառավարության կողմից քաղաքացիների  մեքենաների պարտադիր ապահովագրության պահանջը նոր թափ է առել, ռադիոյից ու հեռուստատեսությունից մեր տուն է ներխուժում մեքենա ապահովագրելու բոթը, ինչը ահաբեկչության մեջ է պահում հանրապետության բնակչությանը:



Մոտենում է հունվարի մեկը, իսկ մարդիկ պետք է մինչ այդ վերջին լուման ծախսեն ու մեքենաներն ապահովագրեն»: Նախկին վարչապետը կանխատեսեց, որ մարդիկ հունվարից հետո հրաժեշտ կտան մեքենա վարելուն, հարամ կլինի նաեւ Ամանորը: Կարճ ասած, օրենսդրորեն  ամրագրված թալան է դա: Լեւոն Զուրաբյանը իշխանության հոգեվիճակը վերլուծեց այսպես. «Բանն այն է, որ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ռեժիմի շուրջ կուտակվում են սեւ ամպեր, սեղմվում է միջազգային մեկուսացման օղակն ու կրիտիկական սահմանի հասնում ժողովրդի ատելությունը: Թեժանում է մթնոլորտը քաղբանտարկյալների շուրջ»,- փաստեց ՀԱԿ համակարգողը:



Նա հանրությանը իրազեկեց, որ իշխանությունները բաց են թողնելու բոլոր քաղբանտարկյալներին, բացի Նիկոլ Փաշինյանից ու Սասուն Միքայելյանից՝ այդպիսով խուսափելով Եվրոպայի խորհրդի պատժամիջոցներից: «Ինչ կարելի է սպասել մի երկրի ղեկավարից, որի ԱԺ նախագահը Մուկն է»,- ասաց Զուրաբյանը՝ խոսելով պանրի թանկացումից:



ՀԱԿ-Ի ՆՊԱՏԱԿԸ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» ՏԵՐՄԻՆԸ ԿՈՐԶԵԼԸ ՉԷ



Քանի որ հանրահավաքը հրավիրվել էր Եվրամիություն-Հայաստան երկխոսության շրջանակներում Երեւանում ընթացող սեմինարին զուգահեռ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի գլխավոր թեման դարձյալ զնդաններում փակված քաղբանտարկյալներն էին: ՀԱԿ առաջնորդը վերջնականապես ու համակողմանիորեն ներկայացրեց ՀԱԿ դիրքորոշումն այս առնչությամբ. «Ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչների վերաբերյալ «քաղբանտարկյալ» բառը կորզելուն: Հարկ եմ համարում միանգամից հակադարձել, որ սա լիակատար անհեթեթություն է: Կոնգրեսն իր առջեւ երբեք այդպիսի խնդիր չի դրել, քանի որ միջազգային հանրությունն իրականում վաղուց ի վեր մեր ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել, թեպետ տերմինի փոխարեն «նրբանկատորեն» օգտագործելով նրա սահմանումը»:



Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելացրեց, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը բազմաթիվ միջազգային փաստաթղթերով, զեկույցներով ու հայտարարություններով հիրավի հաստատված փաստ է, որը լրացուցիչ ապացույցների ու հիմնավորումների կարիք չունի: Հետեւաբար, «քաղբանտարկյալ» բառը երբեւէ կարտասանեն թե ոչ, իրենց բացարձակապես չի հետաքրքրում: Ըստ ՀԱԿ առաջնորդի՝ սա խնդրի մի մասն է, մյուս մասը նրանց ազատ արձակման գործում միջազգային հանրության կողմից անհրաժեշտ ջանքերի ներդրումն է, ինչում դեռեւս աններելիորեն թերանում են:



«Գլխավոր պատճառն անշուշտ, ինչպես բազմիցս նշվել է, աշխարհաքաղաքական նկատառումներն են, ավելի կոնկրետ՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզելու ակնկալիքը»,-հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես միշտ, հանրահավաքին հաջորդեց աշխույժ երթը, ակտիվացել էին նաեւ համազգեստավորները, այս անգամ վանկարկումների բովանդակության հարցը խիստ էին դրել: Իրենց ականջներին ոչ հաճելի վանկարկումներից նրանք ջղաձգվում էին, հրահանգում լռել, իսկ երբեմն էլ հարձակվում էին ազատության համար մարտնչող քաղաքացիների վրա: