Հեռացան ոչ ցանկալի՞ փոխնախարարները

Հեռացան ոչ ցանկալի՞ փոխնախարարները
Երեկ բավական անսպասելի ինքնակամ հրաժարական տվեցին առողջապահության երկու փոխնախարարները: Թեեւ կատարվածը հաջորդեց կոռուպցիայի մասին վարչապետի հանկարծահաս հայտարարությանը, մեզ հասած տեղեկություններով, սցենարը նախապես քննարկվել է նաեւ առողջապահության նախարարի հետ: Ուշագրավ է, որ նախարարությունից հեռացան երկու փոխնախարարներ, ովքեր նախարար Քուշկյանի հետ որոշակի հակասություններ ունեին: Երեկվա դրությամբ նախարարը չէր հանդիպել իր փոխնախարարների հետ եւ նրանց հրաժեշտ չէր տվել:



Մեզ հասած տեղեկություններով, վերջին մեկ ամսում նախագահի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է կատարել առողջապահության նախարարությունում եւ աղաղակող խախտումներ հայտնաբերել պետպատվերի եւ դեղերի ձեռքբերման ու բաշխման համակարգում: Կոռուպցիայի մասին վարչապետի հայտարարությունը կարող էր կապ ունենալ հենց այս փաստի հետ: Այլ հարց է, թե ինչ չափով են հրաժարական ներկայացրած փոխնախարարները պատասխանատու այդ խախտումների համար:



Աբրահամ Մանուկյանի պարագայում կարելի է ասել, որ նա պատասխանատուների շարքում է, քանի որ հենց ինքն է համակարգել պետպատվերի հետ կապված ֆինանսական բոլոր գործարքները: Հայտնի է, որ նախարարությունում դեղերի հարցով վերահսկողության պատասխանատուն նախկինում եղել է փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, սակայն հետագայում այն իր ձեռքն է վերցրել Հարություն Քուշկյանը: Հայտնի է, որ Թաթուլ Հակոբյանը համակրում է Դաշնակցությանը, սակայն որեւէ կուսակցության չի պատկանում:



Արդեն նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը, որը փոխնախարար է դարձել 2007թ. վերջին` հիմնականում Սերժ Սարգսյանի օլիգարխ եղբոր` Սաշիկ Սարգսյանի հետ իր սերտ կապերի միջոցով, նախարարություն է ընդունվել որպես ՀՀԿ-ական, ապա դարձել ԲՀԿ անդամ: Աբրահամ Մանուկյանը նաեւ խոշոր բիզնեսմեն է, չնայած առողջապահության ներկա համակարգում դա համարյա ընդունված կարգ է: Նա «Նոր Ձորաբերդ» մեծ ռեստորանի նախկին տերն է, նաեւ մի շարք այլ ռեստորաններ ու բիզնեսներ ունի:



Ասում են` նա չունի համապատասխան բարձրագույն կրթություն, բայց զարմանահրաշ կերպով 2007 թվականի նոյեմբերին դարձել է առողջապահության փոխնախարար: Փոխնախարար նշանակվելուց հետո Աբրահամ Մանուկյանին անձամբ շնորհավորելու է գնացել Սաշիկ Սարգսյանը: Աբրահամ Մանուկյանը ֆինանսական գործարքների հիմնական իրականացնողն է եղել: Ի դեպ, նրա բավական երիտասարդ տղան վերջերս դարձավ ՀՀ աշխատանքի տեսչության պետ: Ամեն դեպքում, նախարարության մեր աղբյուրները պնդում են, որ նախարարությունում ոչ ոք ոչինչ ինքնագլուխ չի անում:



Թաթուլ Հակոբյանի մասով` նախարար Քուշկյանի ու փոխնախարար Հակոբյանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել: Փոխնախարարն ու նախարարը չեն շփվել վերջին 20-25 օրերի ընթացքում: Անգամ երբ հրաժարական է ներկայացվել, նախարարը չի հարցրել, թե ինչու է Թաթուլ Հակոբյանը, ով 10 տարի աշխատել է այդ պաշտոնում, հրաժարական ներկայացրել: Նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ կոռուպցիայի մասով վարչապետի հայտարարությունը չի կարող կպչել Թաթուլ Հակոբյանին, նա սեփական բիզնես չունի: Ավելին` Թաթուլ Հակոբյանն արդեն աշխատանքի նոր տեղ ունի. նա գնում է աշխատելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: