Ես ասում եմ` չես արել, դու ասում ես` արել եմ

Ես ասում եմ` չես արել, դու ասում ես` արել եմ
Ահա այս արտահայտությունն արդեն մի քանի ամիս արտաբերում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի  ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ։ Բաժինների պետերը հերթով զեկուցում են նախորդ շաբաթ կատարածը ու գրեթե միշտ նույն արտահայտություններն են օգտագործում՝ «կենցաղային ու սանիտարական աղբահանություն, վթարված լուսացույցներ ու լուսաֆորներ, թափառող կենդանիների վնասազերծում ու բյուջեի հավաքագրում, քաղաքի քրեական ու էպիդեմիկ վիճակի մասին»։



Քաղաքապետ Սամվել Դարբինյանը զեկույցները լսելուց հետո գրեթե միշտ դժգոհում է նախորդ շաբաթ տրված հանձնարարականները «կիսատ-պռատ» անելուց ու էլի հանձնարարում   է՝ «մյուս շաբաթ ավարտած լինեք»։ Գարուն-ամառ սեզոններին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ամեն նիստի ժամանակ գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանին հանձնարարում էր չեղյալ համարել այն այգիների վարձակալների հետ պայմանագրերը, որոնք ոչ մի բարեկարգում չէին արել այգիների ու բնակչության համար, սակայն արդեն աշուն է, բայց մեր այգիներում այդպես էլ ոչինչ չի փոխվել։



Քաղաքապետը վերջերս սկսել է դժգոհել նաեւ քաղաքի լուսավորությունից եւ էլի ամեն շաբաթ հանձնարարում է կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնին. «Ասեք կամ նորմալ փոխեն լամպերը, կամ էլ նոր մրցույթ հայտարարեք, իրանց տեղը ուրիշին կտանք»: Սակայն այս դեպքում էլ բաժնի պետ Լյովա Մելիքյանը հպարտությամբ ասում է. «Մենք ինչ անենք, էստեղ փոխում ենք, էնտեղ վառվում է»։ Վերջերս քաղաքապետը սկսել է չվստահել բաժնի պետերի ասածներին, ամեն զեկույցի հետ կապված՝ իր տեղակալին կամ քարտուղարին հանձնարարում է՝ «գնա զանգի, տես ճիշտ ա՞, թե՞ չէ»:



Երբ անցած շաբաթվա նիստում զեկուցվում էր մանկապարտեզների ձմեռային սեզոնին անցնելու պատրաստվածության մասին, հրամայեց հերթով զանգել բոլորին ու ճշտել։ Բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցություններին ներկա է լինում «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Վահանյանը, որին եւս քաղաքապետը նկատողություն է անում ջրի վթարների հետ կապված։ Մեկ-մեկ էլ «սպառնում» է, մասնավորապես նոյեմբերի 9-ին հիշեցրեց, որ ջուրը լցվում է ճանապարհներն ու մայթերը, հետո սառում է, ու նախ՝ հետիոտները չեն կարողանում մայթով երթեւեկել, եւ ապա՝ մեքենաների համար ստեղծվում է վթարային իրավիճակ: «Այ որ մի ավարիա էղնի սառած փողոցի վրա, ես էլ շոֆերին օգնեմ, որ դուք պատասխան տաք, նամանավանդ, ասենք, մի 50 հազար դոլարանոց ավտո էղնի ու ստիպի, որ սարքեք, նոր կիմանաք, թե տրուբեն փոխելն էր հեշտ, թե ավտո սարքելը»,-նշել էր Դարբինյանը։