Կրկին ինքնասպանություն

Կրկին ինքնասպանություն
Երեկ ուշ երեկոյան մեզ լուր հասավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կրկին կալանավոր է ինքնասպան եղել: Լուրը համապատասխան մարմիններից ճշտել չհաջողվեց, քանի որ իրենց սովոր ձեռագրով մեկը մյուսին էր «պաս» տալիս, իսկ ՔԿՎ մամուլի խոսնակը, ինչպես միշտ, անհասանելի էր: Ինքնասպանությունը, փաստորեն, Հայաստանում դարձել է ելքի ճանապարհ: Ովքեր չեն կարողանում լուծել իրենց խնդիրները, ովքեր հոգնել են պայքարելուց, զզվել են ապրելուց՝ դիմում են ինքնասպանության: Դիմում են բոլոր տարիքային խմբերում՝ ինչպես անչափահասները, այնպես էլ կենսաթոշակառուները եւ ուժերի ծաղկման շրջանում գտնվողները: Ինչպես գործազուրկները, այնպես էլ աշխատանք ու զբաղվածություն ունեցողները: Սուիցիդի ֆենոմենը վերլուծողները բարդ-բարդ մտքեր են արտահայտում: Դրա պատճառներն ու առիթը փնտրում են տարբեր մարմինների վատ աշխատանքի, ծնողների, դպրոցի ու սոցիալական ծառայությունների թերացումների մեջ: Բոլորն էլ ճիշտ են, սակայն ամենաիրականն այն է, որ ինքնասպանությունների աճը հասարակական անհուսության հետեւանք է: Երբ քաղաքացիներն իրենց երկրում հեռանկար չեն տեսնում: Երբ պայքարը՝ իշխանություն փոխելու, կյանքը բարելավելու, տարբեր համակարգերի աշխատանքը բարելավելու ուղղությամբ մատնվում է անհաջողության, մարդ կոչվող փխրուն ու թույլ էակին մնում է կախաղանի ձողը: Անշուշտ, մեղքը բոլորինն է՝ եւ նշված ծառայություններինը, եւ պետական այրերինը, եւ հասարակական հաստատություններինը: Սակայն մեղավորներ փնտրելու անշնորհակալ գործը վիճակը չի փոխի: Երկրում խոշոր, արմատական փոփոխություններ անելու ժամանակն է: Մինչեւ կտրուկ փոփոխություններ չարձանագրվեն՝ գոնե հասարակական գիտակցության մեջ, եւ հույս չծնվի, սուիցիդի դեպքերը շարունակվելու են: