Օպերացիա 37 թիվ կամ էն ո՞վ նայեց լիսածակից

Օպերացիա 37 թիվ կամ էն ո՞վ նայեց լիսածակից
Ամեն անգամ, երբ Հայաստանում հաստատված ռեժիմին դիմադրողներից մեկի հետ հալածանքի նոր դեպք է գրանցվում, թվում է, որ դրանից սոսկալին անհնար է պատկերացնել: Սակայն հաբռգած խավի մթագնած ուղեղի փոխակերպումները գեներով իրենց փոխանցված անցավորների ստորության նորանոր մեթոդներ են ի հայտ բերում: Կոշի գաղութում բանտարկված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պարբերաբար կիրառվող բռնություններն ու ճնշումները գագաթնակետին են արդեն հասել: ...



Երեկ տեղեկացանք, որ գիշերը, քնած ժամանակ Նիկոլին մոտեցել են սեւազգեստ, սեւ դիմակներով երկու անձինք, նրան հարվածներ հասցրել ու ահաբեկելով արթնացրել: «Լուսադեմին, ժամը 4-ի կողմերը ինձ զանգահարեցին Նիկոլ Փաշինյանի մտերիմներն ու տեղեկացրին, որ նրան բանտում ահաբեկել են: Ես գնացել եմ բանտ, տեսակցել Նիկոլին, ու նա ինձ պատմել է, որ գիշերը քնած ժամանակ իր վրա հարձակվել են դիմակներով երկու հոգի, հավանաբար հատուկ ջոկատայիններ, եւ ոտքերով ու ձեռքերով հարվածել, ինքն արթնացել է ու բղավել, եւ այդ մարդիկ փախել են»,-պատմում է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:



Նա տեղեկացրեց, որ Նիկոլի դեմքին բռնության հետքեր չի նկատել, միայն ձեռքն է քերծված եղել, ու շեշտեց, որ Նիկոլը գտնվում էր համարժեք վիճակում, եւ ինքը հավատում է նրան: Նույնիսկ քաղաքական չասենք, քաղաքացիական հայացքների ու դիրքորոշումների համար բանտարկված լրագրողի նկատմամբ նման բռնություն կիրառելը վերջնականապես հաստատում է ստալինյան ռեժիմի մեթոդաբանությունը՝ եթե ոգին չեն կարողանում կոտրել, ոտնձգություն են իրականացնում մարդու ամենանուրբ ու թերեւս ամենախոցելի ոլորտի՝ հոգու վրա, որը տեսանելի ու հասու չէ հատկապես դիմակավորներին ու նրանց տերերին եւ որի վրա բռնության հետքեր հայտնաբերելը գրեթե անհնարին է:



Ուստի ՔԿՀ վարչության պետի դոկտոր գեբելսիկը՝ մամլո խոսնակ Արսեն Բաբայանը, իրեն հասանելի հայերենով գրավոր է գրել ու տարածել, նշելով, որ Նիկոլի խցակիցները, որոնցից շատերը ռեցիդիվիստներ են, վկայել են, որ նման բան տեղի չի ունեցել, եւ կատարվածը «Նիկոլի Փաշինյանի գիշերային երազների շարքից է»: Հասկանալի է չէ՞, «գիշերային երազների շարք»:



Իրենց տհաս խելքով հող են նախապատրաստում Նիկոլին 37 թվականի մեթոդներով ոչ ադեկվատ հայտարարելու եւ ընդդիմադիր շարժումը վարկաբեկելու նպատակով մթնոլորտ նետված «հոգեխանգարմունքի» մասին բարբաջանքը հիմնավորելու համար: Այս աներեւակայելի ստորության աստճանն այլեւս մեկնաբանելու ցանկություն էլ չի մնացել, որովհետեւ գործողություններն իրենք իրենց մատնանշում են միտումը՝ թռիչք կկվի բնի վրայով: Հատուկ դիմակավորներին նախ բացատրենք, որ «Թռիչք կկվի բնի վրայովը» Միլոշ Ֆորմանի հայտնի ֆիլմն է, Միլոշ Ֆորմանը ռեժիսոր է, իսկ ֆիլմի հերոսը ըմբոստ ոգի է, որին պարտակում են հոգեբուժարանում ու հասցնում հոգեխանգարման:



Հետո նշենք, որ եթե Ստալինի ուրվականին գերեվարված իրենց հոգիներն ընդամենը կատարում են մթությունից հնչող տիրոջ հրահանգները, միեւնույն է, այսօր 37 թիվը չէ ու իրենց գիշերային քաջքի կերպը դժվար վախեցրած լինի Նիկոլի գիտակցությունը, ու նրա բղավոցը հաստատ զայրույթից է եղել: Այդ բղավոցն ի դեպ, արձագանքում է պարբերաբար Երեւանի փողոցներում քայլերթի ելած Նիկոլի համակիրների բազմահազարանոց շարքերում, որոնք բացականչում են «Նի՜կոլ» եւ «Սերժիկ, հեռացիր»:



Կրկին բացատրենք՝ այս կոչը ունենալու է մութ սենյակում վառվող լույսի էֆեկտ, որից փախչելու համար խավարասերները ծակուծուկ են փնտրելու, ինչպես արել են այն դիմակավոր երկուսը՝ Նիկոլի բանտախցում, եւ որի մասին վկայում է Արսեն Բաբայանի գրավորը. «Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը եւ նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որ խցում որեւէ դիմակավորված աշխատակից չկա»: