Դատ ու դատաստանի տեղը մարզային իշխանությունը գիտի, Պարտիզակինը` ոչ

Դատ ու դատաստանի տեղը մարզային իշխանությունը գիտի, Պարտիզակինը` ոչ
Արագածոտնի մարզում կան մի շարք բնակավայրեր, որտեղ սեփականաշնորհման գործընթացից ի վեր հողն անմշակ է եւ հիմնականում` ոչ հողատիրոջ մեղքով: Այդպիսի համայնքներից է Թալինի տարածաշրջանի Պարտիզակ գյուղը: Այն հիմնվել է 1976թ. Արզնի-Շամիրամ ջրանցքի վերջնամասում: Չանցած տասը տարի` գյուղը հայտնի դարձավ որակյալ խաղողի եւ պտղի արտադրության բնագավառում:



1991թ. հողի եւ տեխնիկայի սեփականաշնորհումից հետո իշխանություններից շատ ջանք չպահանջվեց, որպեսզի իսպառ չորանային Պարտիզակի այգիները: Անհրաժեշտ էր ընդամենը փակել ջրի հոսքը դեպի Պարտիզակ: 2-3 տարվա ընթացքում 100 հեկտարից ավելի խաղողի այգիներից 80-ը հավասարվեց հողին, իսպառ չորացավ 25 հա բերքատու երիտասարդ այգի:



Խորհրդային տնտեսությունից ժառանգած գյուղատնտեսական մի քանի տեխնիկան անգործությունից անպիտան դարձավ: Առաջացավ երկրորդ հիմնախնդիրը. եթե մարդիկ ցանկանային անգամ մեծ ծախսերի գնով այգիների տարածքները վերածել վարելահողի եւ մշակել հացահատիկ, եթե անգամ ջրի խնդիր չունենային, ապա տեխնիկայի բացակայության պատճառով ինչպե՞ս պետք է հողը մշակեին:



Հիմա պարտիզակցին ապրում է երկու հույսով՝ մեկը, որ հայտնվեն մարդիկ ու կոպեկներով գնեն իրենց հողերը, մյուսն էլ, որ տնտեսական ճգնաժամը վերանա, որպեսզի գործ բացվի գյուղի հարեւանությամբ գտնվող տուֆի հանքերում, ու քար բառնալով՝ լուծվի իրենց հանապազօրյա հացի խնդիրը: Սակայն հացի խնդիրը չլուծած պարտիզակցուն դատ ու դատաստան է սպառնում` չմշակված հողի հարկերը չմուծելու համար:



«Մենք չենք խուսափում հարկերից, բայց թող էդ իշխանավորն իրեն հարց տա` ի՞նչ է արել շուրջ 150 սեփականատեր պարտիզակցու համար, գյուղի համար: Ոչինչ: Թող գոնե սերմացու  տար, պարարտանյութ կամ խելքին մոտ մի ծրագիր մշակեր` մեզ էս վիճակից հանելու»,- ասում են Պարտիզակում: Ոչ մի հողատեր գյուղացի չի ցանկանա սովից մեռնել, ու այդ մաքառող գյուղացին կարող է գնալ ու ասել. «Մարզպետ, դու մի քանի տարվա ցորենի սերմացու ես մեզ պարտք. մի տարվանը թեկուզ թանկ գնով տուր մեզ, մենք դրա դիմաց կտանք արդեն մեկուկես տասնամյակ չմշակված մեր հողերի հարկը»:



Պարտիզակում, ինչպես ասացին, շատերը հողի սեփականաշնորհման վկայականներ ունեն, սակայն հողի տեղը չգիտեն, իսկ կուտակված հարկերի համար կա դատ ու դատաստան, որի տեղը մարզային իշխանությունը գիտի, Պարտիզակինը` ոչ:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ