Ուր ուզում եք` բողոքեք, աշխատավարձ չենք տա

Ուր ուզում եք` բողոքեք, աշխատավարձ չենք տա
Երեկ, մինչ հաստափոր չինովնիկները շտապում  էին կառավարության հերթական նիստին, «Նաիրիտ» գործարանի հուսահատված աշխատակիցները կառավարության մոտ բողոքի ակցիա էին սկսել: Նրանք պահանջում էին իրենց չորս ամսվա աշխատավարձերը: Այս պահանջը նախքան կառավարություն գալը բարձրացրել էին   նաեւ իրենց հիմնարկում, սակայն բանվորից տնօրեն դարձած Ռուբիկ Սաղաթելյանը նրանց քամահրանքով պատասխանել էր, որ փող չի լինելու, ուր ուզում են՝ թող գնան բողոքեն: Աշխատակիցների փոխանցմամբ, իրենց ուղարկել են հարկադիր պարապուրդի, այն էլ ձմեռվա շեմին:



«Չորս ամիս աշխատավարձ չենք ստացել: Մեզ ասում են՝ ապրանքը չի իրացվում, ու աշխատավարձ չեն տալիս: Ուպրավլենին  բարձր աշխատավարձով գալիս ա գործի, մինչեւ 3 միլիոն փող ստացող կա, ես 28 տարի աշխատում եմ, ինձ համ քիչ են վճարում, համ էլ ասում են փող չի լինելու եւ վերջ, ուր ուզում եք՝ գնացեք-բողոքեք»,-դժգոհեց աշխատակիցներից մեկը: Ամեն դեպքում, կառավարությունում նրանց ընդունեցին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպեց հիմնարկի կողմից կեղեքվածներին ու փորձեց հանգստացնել՝ հիշեցնելով, որ այդ ամենը ճգնաժամի հետեւանք է:



«Ճգնաժամից հետո քիմիական ոլորտը կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Հիմա փորձում են միջոցառումների պլան մշակել, տեսնենք ինչով կարող ենք օգնել, որպեսզի այս վիճակից դուրս գանք»,-բացատրեց Մովսիսյանը՝ տեղում որոշելով, որ յոթ հոգով երեքշաբթի գան իր մոտ՝ բարձրացված խնդրի պատասխանը ստանալու: Երբ զրույցի ընթացքում որպես սեփականատեր նշվեց Տիգրան Սարգսյանը, նախարարը բավականին ճկուն պատասխան տվեց. «Բոլորի անունն էլ կարող է շրջանառվել, հիմա դա ի՞նչ կապ ունի իրավիճակի հետ:



Նույն վիճակը երկու տարի առաջ հանքարդյունաբերությունում էր: Բայց դե արագ վերականգնվեց ոլորտը: Այս ոլորտը ամենածանր ոլորտն է, որը հեշտ չի վերականգնվում, այս խնդիրը միայն «Նաիրիտում» չէ, ամբողջ աշխարհում է»: Հայաստանում իսկապես որ ամենուր նույն ձեռագիրն է կիրառվում: Ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել նաեւ Վանաձորի «քիմպրոմ» գործարանում: Երեկ այս պատճառով  բողոքի ցույց են արել նաեւ նրանք:



ԿԱԴԱՍՏՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵՍՆ ԷԼ ՉԵՆՔ ՏԵՍՆԻ



Չնայած կառավարության դիմաց գորշ ու մռայլ տրամադրություն էր, պետական չինովնիկների ձեռամբ զրկանքների ենթարկված քաղաքացիների բողոքներ, ներսում ջերմ ու ոգեւորված մթնոլորտ էր: Հայրենի կառավարությունը անհոգ ծրագրեր ու նախագծեր էր, որ հաստատում էր: «Բեկումնային փոփոխություն է, արտակարգ պայմաններ են ստեղծվելու մեր քաղաքացիների համար՝ օգտվելու այս ծառայություններից, էլեկտրոնային եղանակով, օնլայն ռեժիմով, առանց բյուրոկրատական քաշքշուկների: Ինքը շատ ժամանակակից եւ արդիական համակարգ է:



Եթե անհրաժեշտություն կա օժանդակելու, որ ավելի շուտ լինի, մենք կարող ենք առանձին միջոցներ ուղղել՝ ավելի արագ  ներդնելու»,-օրակարգը հաստատելիս երանության մեջ ընկավ վարչապետը, երբ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետ Երվանդ Զախարյանը զեկուցեց  կոմիտեում կառուցվածքային բարեփոխումների մասին: Համակարգում կներդրվեն սպասարկման էլեկտրոնային միջոցներ, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին կադաստրային քաշքշուկներից զերծ մնալ: Այս քաղաքակիրթ համակարգը թեեւ կներդրվի 2012 թվականին, սակայն վարչապետին այնպես էր ցնցել ու ոգեւորել, որ վերջինս կադաստրի պետին հորդորեց այս մասին նիստից հետո իրազեկել հանրությանը: