Պետրոս Մակեյան. Հոգեկան հիվանդն իրենք են

Պետրոս Մակեյան. Հոգեկան հիվանդն իրենք են
Այն «հերքումը», որը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի խոսնակ կոչվածն է հրապարակել, իրենց իսկ բարոյական կերպարին հարիր բան է, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է եղել: Իրականում պատվիրատուն եւ կազմակերպիչը եղել է այդ նույն կառույցը, որովհետեւ առանց քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ադմինիստրացիայի իմացության, որեւէ բան քրեական տարրերը չեն կարող  կատարել, քանի որ նրանք համատեղ են գործում: Սա՝ առաջին հերթին:



Երկրորդ. այն, ինչ նախորդ գիշեր տեղի է ունեցել, այսինքն այն, որ դեմքերը դիմակներով ծածկած հարձակվել են Նիկոլ Փաշինյանի վրա, այդ Բաբայան կոչվածը «հերքում» է ու երազի է վերածում, փորձում է դա ներկայացնել որպես մարդու հոգեկան վիճակի խանգարում: Բայց իրականում հոգեկան հիվանդներն իրենք են՝ այսօրվա իշխանավորները: Ինչպե՞ս կարելի է եղելությունը «հերքելու» համար վկայակոչել 18 կալանավորներին: Միթե նրանք չեն հասկանում, որ եթե անգամ այդ 18 կալանավորների աչքի առաջ մարդ էլ սպանեն, նրանք որեւէ բան չեն ներկայացնի, չեն ասի, որովհետեւ, նախ, գոյություն ունի վախի մթնոլորտը եւ հետո՝ այդ սուտ «գողական» ասվածը իրենց մոտ աշխատում է:



Այնպես որ, քրեական տարրերի միջավայրում չէր կարող որեւէ մեկը, որեւէ մի կալանավոր հաստատել այն, ինչ իրականում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ նենգամիտ վրեժխնդրությունն ու քինախնդրությունը, որ իրականացնում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ցույց է տալիս այսօրվա իշխանության իրական կերպարը: Բայց նրանք պետք է իմանան, որ դա բումերանգ է եւ ինչ-որ պահի այդ բաբայանների, հարությունյանների ու մնացած կամակատարների դեմ պետք է դուրս գա: Այդ քրեական տարրերն էլ պետք է հասկանան, որ իրենց արածը երկար չի հանդուրժվելու եւ որեւէ ձեւով իրենց դեմ պետք է դուրս գա: Ես ենթադրում եմ, որ մեր հասարակությունն էլ այս հարցին անտարբերությամբ չի նայելու, որովհետեւ այդ աստիճանի ստորությունը մարսելը բավականին բարդ է լինելու:



Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ,

նախկին քաղբանտարկյալ