Հաջորդ պիկետը Կոշո՞ւմ (վիդեո)

Հաջորդ պիկետը Կոշո՞ւմ (վիդեո)
Երեկ ժամը 14:00-ին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների եւ մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիան դեռ չսկսված, դատախազության դիմաց էին հավաքվել բազմաթիվ ոստիկաններ, իսկ պիկետի սկսվելուն պես նրանց թիվը կրկնապատկվեց: Դատախազության շենքի դիմացի մայթին հավաքվածները իրենց ձեռքին կրելով  Նիկոլ Փաշինյանի, քաղբանտարկյալների ազատ արձակմանն ուղղված պաստառներ, վանկարկում էին՝ «ազատ, անկախ Հայաստան», «պայքար, պայքար մինչեւ վերջ», «Նիկոլ», «Աղվան, ձեռքերդ հեռու Նիկոլից», «հաղթելու ենք»:



Իսկ դատախազության մայթին կանգնած ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին «Դադարեցրեք խոշտանգումները բանակում, ոստիկանությունում, կալանավայրերում, նամանավանդ քաղբանտարկյալների նկատմամբ» պաստառը ձեռքին փորձում էր մոտենալ շենքին, սակայն ոստիկանները նրան արգելում էին առաջ գնալ: Ի վերջո նրան հաջողվեց ճեղքել ոստիկանների պատը, բայց հասան նրա ետեւից, հրեցին եւ գետնին գցեցին: Մարդիկ սկսեցին մեղադրել ոստիկանին՝ Գասպարիին վայր գցելու մեջ: Շուտով իրավիճակն ավելի սրվեց եւ իսկական բախում տեղի ունեցավ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ:



Ոստիկանները ուժ ու եռանդ չէին խնայում մարդկանց ամենավերջին բառերով հայհոյելու համար: Իսկ երբ ժողովրդի կողմից ստացան իրենց խոսքերին ու պահվածքին համարժեք պատասխան, գործի դրեցին բռունցքները՝ հաշվի չառնելով նույնիսկ, որ իրենց դիմաց կանայք ու աղջիկներ են: Հետո ոստիկանները սկսեցին հավաքվածներին հրելով քշել դեպի դիմացի մայթ ու նրանց առաջ պատ կազմեցին՝ արգելելով առաջ շարժվել: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես լիովին համոզված եմ, որ արդարադատությունը, որպես այդպիսին, չի գործում:



ՀԱԿ-ի կոլեգաները ճիշտ եզրակացություն են անում, որ՝ Նիկոլին ուզում են հոգեկան խանգարվածություն կպցնել: Եթե հիշում եք՝ դեռեւս Խորհրդային Միության ժամանակ, երբ որ մարդը սկսում էր ասել, որ Խորհրդային Միությունը լավը չի, ասում էին՝ հիվանդ ա, եւ տանում էին բուժման, նույն ձեւով փորձեցին ներկայացնել նաեւ Շանթ Հարությունյանին, երբ որ սկսեց խոսել տարբեր հատուկ ծառայությունների մասին: Տպավորություն ունեմ, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանին փորձում են ներկայացնել, որ ինչ-որ խանգարվածություն է ստանում կամ այդ ճանապարհին է»:



Կարապետյանը գտնում է, որ իրավիճակը գնալով ավելի հեղափոխական է դառնում, եւ «այսօր դրված է հեղափոխական տրամադրված մարդկանց կոտրելու խնդիր»: «Պետք է ձայն բարձրացնել այնտեղ, որտեղ հիմա նստած է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ Կոշի գաղութում: Եթե ՀԱԿ-ը համաձայնի, ես կարծում եմ, որ հաջորդ պիկետը պետք է այնտեղ անցկացվի, մենք էլ հաճույքով մասնակից կլինենք Կոշի գաղութը պիկետավորելուն, ստանալ թույլտվություն եւ առաջին անգամ «կրիմինալ զոնան» քաղաքական պիկետավորման ենթարկել»: Փորձեցինք այդ մասին լսել նաեւ Լեւոն Զուրաբյանի կարծիքը, նա նշեց, որ նման առաջարկ իրենց չի եղել. «Թող մեզ առաջարկեր, ինչի՞ էր Ձեզ առաջարկում»:



Պիկետի ժամանակ, չգիտես որտեղից, հայտնվեց մոտ 25 տարեկան մի երիտասարդ, որը փորձում էր ցուցարարներին համոզել, որ նման միջոցառումներ կազմակերպելը սխալ է: Ոստիկաններից հետաքրքրվեցինք, թե որտեղից հայտնվեց այդ երիտասարդը, նրանցից մեկը պատասխանեց. «Մենք ենք հրավիրատոմս ուղարկել, կարմիր լենտն էլ վրան կապած»: Նշենք նաեւ, որ ցույցը նկարահանվում էր ոստիկանության կողմից: