Ծուռ հայելիների երկրում

Ծուռ հայելիների երկրում
Մի քանի օր է՝ Հայաստանում բոլորի ուշադրությունը գամված է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ուղղությամբ: Մարդիկ կարծես բաժանված լինեն երկու խմբի՝ մի մասն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, եւ պահանջում է անկախ փորձաքննություն, մյուսները պնդում են, որ չի կիրառվել՝ դրանք հասարակության եւ Նիկոլի «հալյուցինացիաների» արդյունքն են: Եվ այս անիմաստ վեճի ամենաակտիվ մասնակիցները մարդու իրավունքների պաշտպանն ու ՔԿՎ մամուլի խոսնակն են, իսկ երեկ նրանց միացավ նաեւ արդարադատության նախարարը: Դժվար է այս բանավեճից գլուխ հանել, եւ ես չեմ էլ ուզում պարզել՝ Նիկոլի նկատմամբ բռնություն կիրառվել է, թե ոչ. մեր երկրում ամեն ինչ հնարավոր է: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հաշտ լինել այն փաստի հետ, որ թերթի խմբագիրը, քրեական հանցանք չգործած անձը գտնվի ազատազրկման վայրում եւ հասարակությունն ընդամենը պահանջի՝ չծեծել նրան: Ինչպես կարելի է Նիկոլի համար կազմակերպված բողոքի ակցիան նվիրել որեւէ այլ բանի, քան նրան ազատության մեջ տեսնելու պահանջն է: Չեմ հասկանում նաեւ, թե ինչպես կարող է օմբուդսմեն կոչվող անձը ոչ թե Նիկոլի իրավունքները պաշտպանել, այլ կոչ անել՝ հապճեպ եզրակացություններ չանել, սպասել փորձագիտական եզրակացությանը: Ո՞ւմ իրավունքներն է պաշտպանում այս անձը՝ փորձագետների՞, ՔԿՎ մամուլի խոսնակի՞, արդարադատության համակարգի եւ ապօրինի դատավճիռ արձակած անձա՞նց: Իսկ արդարադատության նախարարը՞, որն ի լուր աշխարհի փորձում է ապացուցել, որ ՔԿՎ մամուլի ծառայության հաղորդագրությունն իրական է եւ Նիկոլը բռնության չի ենթարկվել: Նախարար, որ եթե ոչ եզակի, ապա շատ քիչ հայտարարություններ է տարածել, հանկարծ որոշել է պաշտպանել ՔԿՎ անմեղությունը: Ամոթ եւ խայտառակություն: