Ճամփաբաժանը` Աստանան

Ճամփաբաժանը` Աստանան
Եթե մինչ օրս Սերժ Սարգսյանին հաջողվում էր պահպանել իր նախորդի որդեգրած քաղաքականությունն ու Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների ընթացքում տանուլ տված դիրքերը պարտակելու միջոցով երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը, այսօր արդեն կանգնել է ճամփաբաժանին, ու այդ ճամփաբաժանը Աստանան է: Դեկտեմբերի սկզբներին Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ԼՂ հարցի շուրջ համաձայնության ձեռքբերման անխուսափելիության մասին այլեւս խոսում են իրենք՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:



Նոյեմբերի սկզբին Լեհաստան կատարած այցի ժամանակ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը «Rzeczpospolita» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը ԼՂ հարցի շուրջ կոնկրետ լուծումների ձեռքբերման ակնկալիքներ ունի, ու նշել, որ Հայաստանի համար գոյություն ունի երեք կարեւոր պայման՝ ԼՂ անկախությունը, այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ տարածքային կապը: Այս ակնկալիքների մասին դատողությունները, սակայն, հարցի բուն էությունը քողարկելու ու երկրի իշխանությունների չեղած կամքի ցուցադրության նպատակ են հետապնդել:



Իրականում այդ փաստաթղթի ստորագրման անխուսափելիությունն ընկած է աքվիլյան փաստաթղթի հիմքում: Հիշեցնենք՝  մեկ տարի առաջ, հուլիսի 10-ին, Իտալիայի Լ’Աքվիլա քաղաքում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները հանդես եկան համատեղ  հայտարարությամբ՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ, որով գաղտնազերծվեցին համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին բանակցող կողմերին ներկայացված կարգավորման Մադրիդյան սկզբունքները: «Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007թ. նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից»,- վկայում է հայտարարությունը:



Սրանով նախագահները միջնորդներին ուղղակի հրահանգում էին կողմերին ներկայացնել ոչ թե Մադրիդյան սկզբունքները, այլ «փաստաթղթի լրամշակված տարբերակը»:  Բաքուն հայտարարել էր, թե չնայած առանձին կետերի շուրջ անհամաձայնությանը, իրենք կողմ են Մադրիդյան նորացված սկզբունքների շուրջ բանակցությունները շարունակելուն, ու շարունակ պնդում էր, որ այդ սկզբունքները լիարժեք հնարավորություն են տալիս ոչ միայն վերադարձնել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղը, այսինքն` վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը:



Սակայն 2010-ի հունիսի 26-ին հանթսվիլյան հայտարարության մեջ Մադրիդյան նորացված սկզբունքների մասին խոսք չգնաց. «Մենք որպես նշանակալի քայլ ենք դիտարկում եւ ողջունում ենք այն փաստը, որ երկու կողմերն էլ ընդունում են, որ տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք մենք առաջարկել ենք 2009թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայի գագաթաժողովում արած մեր հայտարարության առնչությամբ»: Պարզվում է, որ երեք նախագահները հղում են կատարել ոչ թե սկզբունքների լրամշակված տարբերակին, այլ հենց կոնկրետ 2007 թ. նոյեմբերին կողմերին ներկայացված Մադրիդյան փաստաթղթին:



Ուստի այս հանգամանքը շեշտելու նպատակով է թերեւս առաջացել Աստանայում կայանալիք գագաթաժողովի շրջանակում կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը: Հայաստանի քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ Աստանայում կողմերը համաձայնություն են  ձեռք բերելու: «Ամենայն հավանականությամբ,  Աստանայում կստորագրվի կոնկրետ փաստաթուղթ, որը կներառի մինչ այդ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ քննարկված փաստաթղթերի, զորօրինակ՝ աքվիլյան փաստաթղթի դրույթները»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: