Իշխանությունը պատրաստվում է ընտրական մարտերի՞

Իշխանությունը պատրաստվում է ընտրական մարտերի՞
ՀՀ իշխանությունը բավական յուրովի է նախապատրաստվում 2012 թ. ընտրություններին: Խոսքը միայն քաղաքական ասպեկտի մասին չէ կամ հեռուստաալիքներով մեկնարկած քարոզարշավի: Ինչպես հայտնի է դառնում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի մշտադիտարկման եզրակացությունից, որը հանձնաժողովը հրապարակել է ի լրումն մարտի 1-ի մասին նիկոյանական հանձնաժողովի, մինչ ընտրություններ ՀՀ իշխանությունը հատուկ նախապատրաստում է ոստիկանությունը: Ըստ այդմ՝ մինչեւ 2011թ. 2-րդ կիսամյակ պետք է պարտադիր դասընթացներ կազմակերպվեն ոստիկանների համար՝ «հասարակական կարգի պահպանմանը ներգրավված ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գործողությունների, նրանց կողմից զանգվածային անկարգությունների ժամանակ ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրման, ինչպես նաեւ ԶԼՄ-ների հետ շփվող ծառայողների համար»:



Այս պահանջն ամրագրված է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացության մեջ: Նաեւ առաջարկ կա ուղեցույցներ տպագրել եւ բաժանել ոստիկաններին՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների գործողությունների, նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման վերաբերյալ»: Ի դեպ, առաջիկա ընտրություններին ոստիկանների ձեռքին հատուկ ուղեցույցներ են լինելու՝ լրագրողների հետ շփվելու համար, եւ պետք է ենթադրել, որ ոստիկանները լրագրողների հետ շփման ժամանակ շարժվելու են բացառապես այդ ուղեցույցներով: Ավելին, լրագրողների հետ շփվող ոստիկանները պետք է պարտադիր հատուկ դասընթացներ անցնեն: Ուղեցույց է լինելու նաեւ «զանգվածային անկարգությունների ժամանակ հասարակական կարգի պահպանման ընթացքում բանակցություններ վարող ծառայողների համար»: Այնպես որ, ինչպես երեւում է պետաիրավականի եզրակացությունից, ՀՀ իշխանությունը բավական հիմնովին է նախապատրաստվում ընտրական մարտերին:



Հայտնի է, որ մարտի 1-ի հարցով ստեղծված փաստահավաք խումբը հինգ զեկույց է հրապարակել՝ բավական աղաղակող փաստերով: Նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին հարցրինք, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովը փորձե՞լ է իրենց եզրակացությունները հաշվի առնել, քննարկել ինչ-ինչ հարցեր: «Չէ, էդպիսի բան չի եղել: Ես չեմ էլ կարծում, որ պետք է լիներ, որովհետեւ Դավիթ Հարությունյանի հանձնաժողովը, ես կարծում եմ՝ բոլորովին այլ խնդիր է հիմա լուծում: Իրենց բացարձակ չի հետաքրքրում մարտի 1-ի բուն իրողությունների խնդիրը վեր հանելը:



Մարտի 1-ի հետեւանքների վերացման պատրվակով տեղի է ունենում սովորական իմիտացիոն գործընթաց՝ փորձ անելով հանրությանը ներկայացնել, որ գտել են ինչ-որ լուծումներ մարտի 1-ի էջը փակելու համար: Բայց իրենք սխալվում են, որովհետեւ մարտի 1-ի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ կբացահայտվեն 10 սպանությունների մեղավորները եւ մարդասպանները ու կպատժվեն բոլոր այն մարդիկ, որոնց ապօրինի հրամանների արդյունքում տեղի ունեցան մարտի 1-ի ողբերգական զարգացումները»: Փաստահավաք խմբի նախկին անդամին նաեւ հարցրինք, թե բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ որեւէ աշխատանք տեսնո՞ւմ են իշխանությունների կողմից:



«Ոչ, չեմ տեսնում: Հանրությունն էլ չի տեսնում, եւ չկան դրանք պարզապես: Իսկ լուծումը միակն է՝ մեղավորները պետք է պատժվեն: Քանի այդ գործընթացը չկա, մարտի 1-ի էջը փակել պարզապես անհնար է: Ես կարծում եմ, որ պետաիրավական հանձնաժողովը իր հիմնական խնդիրը՝ կապված մարտի 1-ի դեպքերի լրացուցիչ ուսումնասիրության հետ, չիրականացրեց: Այդ հանձնաժողովը չկարողացավ այնպիսի փաստաթուղթ ստեղծի, որով պետք է պատկան մարմիններին ստիպեր գնալ մարտի 1-ի բացահայտման»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:



Ի դեպ, հանձնաժողովի առաջարկության արդյունքում մարտի 1-ի դեպքերից 2 տարի անց ՀՀ ՊՆ պահեստներում վերացվել են ոստիկանության ժամկետանց հատուկ միջոցները: Ըստ այդմ՝ վերացվել է 1544 հատ ժամկետանց «Չերյոմուխա 1», 1850 հատ «Չերյոմուխա 2», 962 «Չերյոմուխա 5», 2708 «Չերյոմուխա 10», 48 «Չերյոմուխա 7» եւ այլն: «Դրանք պետք է ոչնչացված լինեին մինչեւ մարտի 1-ը: Դա պետք է իր կիրառումը չգտներ ընդհանրապես»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը (ով նաեւ ՊՆ նախկին փոխնախարար է)՝ շարունակելով. «Բայց ես ուզում եմ ասել, որ մարդիկ մարտի 1-ին չեն մահացել այն պատճառով, որ կիրառված հատուկ միջոցները հին են եղել, մարդիկ մահացել են, որովհետեւ այդ միջոցները կիրառվել են որպես հրազեն, որպես նշանառու զենք, բացի դա՝  «Չերյոմուխա 7»-ը նախատեսված չի եղել զանգվածային միջոցառումների ժամանակ կիրառելու համար:



Դրա կիրառման կարգը այն ժամանակ էլ է գոյություն ունեցել, եւ հեչ պետք չի նոր կարգ մշակել: Այդ կարգով էլ հստակ գրված է, թե այդ հատուկ միջոցը ինչ նպատակներով պետք է օգտագործվեր: Մարտի 1-ին որպես հրազեն կիրառման արդյունքում մարդիկ մահացել են: Լավ կլիներ, որ հանձնաժողովը զեկույցով պարտադրեր պատկան մարմիններին բացահայտել մարդասպաններին, որոնց ոչ լիարժեք աշխատանքի կամ սխալ հրահանգավորման արդյունքում «Չերյոմուխան» սխալ կիրառվեց, ու մարդիկ մահացան կամ վիրավորվեցին»:



Նախկին փաստահավաք խմբի անդամը նաեւ ընդգծեց, որ մարտի 1-ին մարդիկ միայն հատուկ միջոցներից չեն մահացել: «Մահացել են նաեւ ինքնաձիգի կրակոցից, ատրճանակի կրակոցների արդյունքում, մինչեւ հիմա մեղավորները բացահայտված չեն, չնայած փաստահավաք խմբի զեկույցում բավականին հիմնավորված փաստացի նյութ կա, որը պատկան մարմիններին տալիս էր հնարավորություն բացահայտելու մեղավորներին: Ես կարծում եմ՝ այս զեկույցը չի տալիս այն հարցերի պատասխանը, որին սպասում են թե զոհվածների հարազատները, թե մեր հանրությունը»,-եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը: