Բռնությունները մեզ մոտ ոչ գրանցվում են, ոչ էլ բացահայտվում

Բռնությունները մեզ մոտ ոչ գրանցվում են, ոչ էլ բացահայտվում
Աշխարհում յուրաքանչյուր տարի միլիոնավոր երեխաներ դառնում են ֆիզիկական, սեռական եւ հուզական բռնության զոհեր: Երեխաների հանդեպ բռնության կիրառումը ամբողջ աշխարհում լուրջ հիմնախնդիր է, քանի որ այն լրջորեն վնասում է զոհերի ֆիզիկական, հոգեկան առողջությանը, բարեկեցությանը, անձի զարգացմանը: Հետաքրքիր է, որ ծեծված, տանջված, շահագործված եւ սպանված երեխաների մասին վկայություններ են պարունակվում հնեաբանական հետազոտություններում: Հայաստանում երեխաների հանդեպ բռնության կիրառման դեպքերի մեծ մասը չի բացահայտվում կամ չի գրանցվում:



«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տվյալներով` մի շարք երկրներում օրենքով երեխայի եւ ծնողների իրավունքները հավասարակշռված են: Սահմանված են կոնկրետ հոդվածներ, որոնք թույլ են տալիս տարբերակել «երեխայի հանդեպ անփութություն», «նեղացված երեխա», «հնարավորություններից զրկված երեխա», «կարիքավոր երեխա» եւ «պաշտպանության կարիք ունեցող երեխա» իրավիճակները: Իսկ ահա մեր երկրում անելիքները շատ են: Մասնավորապես, ընտանեկան բռնությունները «փակ դռների ետեւում են»:



Համաձայն ՀՕՖ-ի երեխաների կենտրոնի վիճակագրության` 2008-2010թթ. կենտրոնում ապաստանած 470 երեխաների գերակշիռ մասը տառապել են տարաբնույթ զրկանքներից, հոգեբանական բռնություններից, մոտ կեսը` ֆիզիկական բռնություններից, իսկ 36 անչափահասներ ենթարկվել են սեռական ոտնձգությունների: Այդ մասին զոհերը խուսափել են բարձրաձայնել, քանի որ բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել ընտանիքներում: Ըստ Հայաստանի իրավապահների, Հայաստանում 2008թ. արձանագրվել է սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների` Հայաստանի համար աննախադեպ աճ` 63 դեպք 33-ի դիմաց: Տուժողների թվում 50-ը կամ 79%-ը անչափահասներ են: