Դպրեվանքում, ինչպես Ադրբեջանում

Դպրեվանքում, ինչպես Ադրբեջանում
1988թ. արցախյան շարժման առաջին ամիսներին Ադրբեջանի Շամխորի շրջանի Մադրասա գյուղը տեղահանվեց եւ գրեթե ամբողջությամբ տեղափոխվեց Հայաստան, ու Աշտարակի տարածաշրջանի Շամիրամ եւ Արուճ գյուղերի հարեւանությամբ հիմնվեց 2-րդ Մադրասան, այնուհետեւ այն անվանափոխվեց Դպրեվանքի: 1990-91թթ. այստեղ հառնեց գեղատեսիլ մի գյուղ` երկհարկանի տներով, լայն փողոցներով, տնամերձ այգիներով: Եղան հարսանիքներ, ծնվեց նոր սերունդ: Իհարկե, մահեր էլ եղան, եւ մադրասցիների անցյալի մի մասն ամփոփվեց այս նոր հողում:



Կյանքը կարծես բնականոն ռիթմի մեջ էր, միայն թե գյուղն առայսօր զուրկ է պետական հոգածությունից: Շուրջ 130 ընտանիք հաստատվեց այստեղ, սակայն գյուղը չունեցավ մշակույթի օջախ, մանկապարտեզ, դպրոց, իսկ գյուղապետարանը ծվարեց մի վագոն-տնակում: Դպրեվանքի երեխաները օրը մի քանի կիլոմետր կտրելով՝ հասնում էին Արուճի դպրոց: 20-ամյա իր պատմության ընթացքում գյուղում մի ծրագիր իրագործվեց. «Շեն» կազմակերպությունը կառուցեց օրվա կարգավորիչ ջրամբար, սակայն այդ ջրամբարը ջրի երես է տեսնում երկու շաբաթը, իսկ ամռան ամիսներին` 20 օրը մեկ:



Այս պայմանները խիստ նպաստավոր էին, որպեսզի դպրեվանքցին երկրորդ անգամ տեղահանվեր եւ բռներ գաղթի ճանապարհը: Այս անգամ գյուղը լքելով՝ նրանք հայտնվում էին Երեւանում, հանրապետության տարբեր մարզերում, շատերը` նախկին խորհրդային երկրներում:  Մինչ հեռանալը նրանք բազմաթիվ նամակներ ուղարկեցին կառավարություն, մարզային իշխանություններին, սակայն ստացան նույն բովանդակությամբ անհույս պատասխաններ` առաջիկայում հնարավորությունների սահմաններում կլուծենք:  Արդյունքում 200 շնչից Դպրեվանքում այսօր բնակվում է ընդամենը 30-ը, որոնց մի մասը ծերեր են, մյուսներն էլ արտագաղթելու տեղ չունեն: Գյուղապետարանի նախկին քարտուղար Ռայա Հոկկայանը Դպրեվանքի վերջին մոհիկաններից էր:



Հիմնականում ինքն էր բարձրացնում մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարցը: Մեկնելուց առաջ, երբ զրուցում էինք, ասաց` Ադրբեջանի Մադրասա մեր գյուղում ունեինք մշակույթի տուն, մանկապարտեզ, դպրոց, եկեղեցի: Դպրոցում ուսուցանվում էր հայերեն, եկեղեցում հայկական սովորությամբ կատարվում էին ծիսակարգեր: Փաստորեն, ազգապահպանության համար այնտեղ ունեինք ամեն ինչ, բացի պետականությունից: Հայաստանյան Մադրասայում (Դպրեվանքում) դարձանք անկախ պետության քաղաքացիներ, սակայն զրկվեցինք վերը թվարկված ամեն ինչից:



Ստացվում է՝ ադրբեջանաբնակ մեր գյուղը տեղահանվել է հայտնի դեպքերի պատճառով, հայաստանյանը՝ գիտակցված քաղաքականության կամ հանցավոր անտարբերության արդյունքում: Ո՞րն է տարբերությունը: Աշտարակից ընդամենը 20 կմ հեռավորության վրա` Երեւան-Գյումրի մայրուղու հարեւանությամբ հառնում է գեղատեսիլ մի գյուղ` Դպրեվանք: Այն դրսից օտարի աչքն է ծակում, ներսից` տիրոջ: Անմարդաբնակ մի գյուղ:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ