Կաշինն արդեն խոսում է

Կաշինն արդեն խոսում է
«Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը երկուշաբթի  ուշքի է եկել եւ կարողացել է խոսել: Նա պատմել է, որ իր ծնոտին հարվածած տղամարդը ֆուտբոլի երկրպագուի է նման եղել: Կաշինը որեւէ այլ մանրամասներ չի կարողացել հիշել: Քննիչները կսկսեն հարցաքննել լրագրողին այն ժամանակ, երբ նրա առողջական վիճակը թույլ կտա: Նրա կինը` Եվգենիա Միլովան, լրագրողներին հայտնել է, որ առաջիկայում Կաշինից որեւէ ցուցմունք չարժե ակնկալել, որովհետեւ նա դեռ բավականին թույլ է իրեն զգում եւ դժվարությամբ է խոսում:



Հիշեցնենք, որ Օլեգ Կաշինն իր տան մոտ դաժան ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը: Նրա վրա են հարձակվել երկու տղամարդ, որոնց անձը դեռեւս պարզված չէ: Հանցագործներն Օլեգին ծեծի են ենթարկել ծաղկեփնջի մեջ թաքցրած երկաթե ձողով, կոտրել են նրա ծնոտը, ծնկները, դաստակը: Լրագրողը գանգուղեղային վնասվածք է ստացել: Ակնհայտ է, որ հարձակման պատճառը Կաշինի մասնագիտական գործունեությունն է, քանի որ հանցագործները նրա մոտից ոչինչ չեն գողացել: Լրագրողի վրա հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «Մարդկանց խմբի կողմից մահափորձ կատարելու» հոդվածով: Կաշինն իր լրագրողական գործունեությունը սկսել է 2000 թվականից, որից հետո բազմիցս ֆիզիկական բռնությունների է ենթարկվել: 2004 թվականին նրան ծեծի էին ենթարկել Անվտանգության դաշնային պաշտպանության ծառայության աշխատակիցները: