«Գրողները բանտում» (WiPC) կոմիտեն 50 տարեկան է

«Գրողները բանտում» (WiPC)  կոմիտեն 50 տարեկան է
Միջազգային PEN-ը նշում է նոյեմբերի 15-ի միջազգային տոնը եւ իր հարգանքի տուրքն է մատուցում աշխարհի այն քառասունմեկ գրողներին, ովքեր զոհվել են այս տարվա ընթացքում: Միջազգային PEN կենտրոնը ստեղծվել է 1921թ., Լոնդոնում Ջոն Գոլսուորդիի կողմից: Գրողների հանդեպ  շարունակական բռնությունները միջազգային հանրությանը ստիպեցին հասկանալ, որ ազատ խոսքն ու գրականությունը նույնական են: PEN-ը աշխարհի խոսքի ազատության համար պայքարող ամենաառաջին եւ ամենահին կազմակերպությունն է:



«Գրողները բանտում» (WiPC) կոմիտեն ստեղծվել է 1960թ. Բրազիլիայում անցկացված PEN-ի կոնգրեսում` աշխարհում ամենուրեք այլախոհերի ձայները լռեցնելու փորձերից  ահագնացող տագնապի պատճառով: Խոսքը վերաբերում էր ֆաշիստական եւ ամբողջատիրական, ինչպես նաեւ hետգաղութատիրական վարչակարգերից հալածված, սպանված կամ անհայտացած գրողներին: Հիսուն տարի շարունակ այն կարեւորագույն դեր է խաղացել ողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի փաստավավերացման գործում:      2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը Լյու Քսիաոբոյին` Անկախ չինական PEN կենտրոնի հիմնադիր նախագահին, մի առանձնահատուկ նշանակություն է հաղորդում այս կոմիտեի հոբելյանին:



2010թ. 15 նոյեմբերին «Գրողները բանտում»  օրվա առթիվ WiPC կոմիտեն ընդգծում է հետեւյալ գրողների անունները.



- Հուսեին Դերակշան - Իրան, բլոգեր` դատապարտված 20 տարվա բանտարկության:



- Ռոբերտ Մինտիա - Կամերուն, լրագրող` ձերբակալված, գտնվում է մեկուսարանում, գերվատթար առողջական վիճակում:



- Թալ Ալ-Մալուհի - Սիրիա, բլոգեր, բանաստեղծ, 19-ամյա ուսանող: Կալանքի մեջ է 2009թ., մեղադրվելով լրտեսության մեջ:



- Դիլմուրոդ Դաիդով - Ուզբեկստան, ազատ լրագրող, բանտում 12 տարվա պատիժ է կրում դրամաշորթության շարժառիթով: Տառապում է թոքախտով:



- Ժոզե Բլադիմիր Անտունա Գարսիա - Մեքսիկա, լրագրող` սպանված 2009թ. նոյեմբերին:



- Նիկոլ Փաշինյան - Հայաստան, լրագրող, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր: Դատապարտված է 7 տարվա ազատազրկման`  հակաիշխանական գործունեության համար:



Աշխարհի 100 երկրներում գործող ավելի քան 140 PEN կենտրոններ տոնեցին «Գրողները բանտում»  կոմիտեի 50 տարվա աշխատանքը` ներառելով այնպիսի ակնառու պատմական անհատականությունների, ինչպիսիք են Յոզեֆ Բրոդսկին եւ Վացլավ Հավելը,  Աննա Պոլիտկովսկայան, Կեն Սառո-Վիվան, Սալման Ռուշդին եւ այլք:



1960   թվականից «Գրողները բանտում» կոմիտեն ամբողջ աշխարհում դարձավ չափորոշիչ` պաշտպանելու ոչ միայն գրողների իրավունքները, այլեւ յուրաքանչյուրի խոսքի ազատությունը:



Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկական ՊԷՆ կենտրոնի նախագահ