Քաղաքական կամք է պետք

Քաղաքական կամք է պետք
Օրերս Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հասարակական մի խումբ կազմակերպություններ, հանդես էին եկել պահանջագրով՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելիս ապահովել իրենց կողմից առաջարկված 5 դրույթներ:



Դրանք էին՝



1. ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացում բացառապես համամասնական ընտրակարգով:



2. Քվեարկության մատյանների (քվեարկած քաղաքացիների ստորագրություններով) թափանցիկություն/հրապարակայնություն (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները պատճենահանվում են եւ փակցվում համապատասխան ընտրական տեղամասում):



3. Քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում: Ընդ որում, վստահված անձի, դիտորդի, ինչպես նաեւ ԶԼՄ-ի կողմից կարող է նույն սկզբունքով իրականացվել տեսաձայնագրում:



4. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորում բացառապես ՀՀ Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից` յուրաքանչյուրից երկուական ներկայացուցչի նշանակմամբ: Ընտրատարածքային եւ տեղամասային հանձնաժողովների կազմավորում նույն սկզբունքով. ընտրատարածքայինների անդամներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից նշանակման, իսկ տեղամասայինների անդամներին` ԸԸՀ-ի անդամների կողմից նշանակման միջոցով: Ընդ որում, բոլոր մակարդակների` ԿԸՀ անդամներին նշանակող կուսակցությունները եւ ԸԸ, ՏԸ հանձնաժողովների անդամներին նշանակող պաշտոնատար անձինք պետք է իրավունք ունենան ետ կանչել (փոփոխել) իրենց նշանակած անձանց:



Հինգերորդ կետը վերաբերում էր քաղաքական համակարգում կանանց ներգրավվածության մեծացմանը` ընդհուպ մինչեւ 30 տոկոս: Պահանջագրի տակ ստորագրել են մի շարք հասարակական կազմակերպություններ: Նրանց կարծիքով՝ այս կետերի ներգրավումը ընտրական օրենսգիրք կբացառի ընտրական գործընթացում կեղծիքները, լցոնումները եւ այլ խախտումներ, եւ գործընթացը կդառնա ավելի թափանցիկ: Սակայն պահանջագրի տակ ստորագրած «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը համոզված է, որ որքան էլ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, եթե չկա քաղաքական կամք, փոփոխություններն անարդյունք կլինեն:



«Շատ լուրջ առաջարկներ են, եւ ես կարծում եմ՝ դրան համաձայնելը նրանց 90 տոկոսով կբերի քաղաքական ինքնասպանության, կամ էլ նրանք պետք է այնքան ճկուն լինեն, որ կարողանան կեղծել անգամ այս պայմաններում: Ցանկացած կատարելության հասնող օրենսգրքի դեպքում էլ հնարավոր է անտեսել այն ու չկատարել պահանջները, եթե չկա քաղաքական կամք: Մոտեցումները պետք է համակարգային լինեն, այսինքն եւ պետք է ընտրական օրենսգիրքը փոխել, եւ անհրաժեշտ է քաղաքական ճնշում, որ լինի քաղաքական կամք»,- ասաց ԹԻ-ի տնօրենը: Ըստ Հոկտանյանի, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց հետո, եթե կրկին խախտումներ արվեն, դա ավելի խայտառակ կլինի.



«Եթե դու կատարելագործում ես ընտրական օրենսգիրքը, եւ այդ դեպքում խախտում է արվում, որը նրանք իհարկե կանեն, եթե չունեն քաղաքական կամք, ապա երեւույթն ավելի խայտառակ բնույթ կկրի»: Ինչ վերաբերում է ԱԺ-ում կանանց 30 տոկոս ներգրավվածությանը, ապա, ըստ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի, նպատակը «քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունը բարձրացնելն է՝ հաշվի առնելով, որ մենք այդ առումով միջազգային ասպարեզում բավականին վատ ցուցանիշներ ունենք: Կանայք տղամարդկանց հետ չունեն հավասար հնարավորություններ ներգրավվելու քաղաքական ասպարեզում եւ օգտագործելու իրենց ռեսուրսներն ի նպաստ մեր երկրի բարօրությանը»:



Իսկ Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ ավելի շատ կանանց ներկայությունը կմեղմի քաղաքական դաշտը, կբարձրանա քաղաքական կուլտուրան, քանի որ, ըստ նրա, մեզ մոտ քաղաքականությունը չափազանց կոպիտ է: Սակայն այս հարցում նա կարծում է, որ պետք է զգուշավոր լինել, որպեսզի չկրկնվի խորհրդային տարիների օրինակը, երբ կթվորուհիները դառնում էին պատգամավորներ, եւ դրանից ոչ մի օգուտ չկար: «Այդ ծայրահեղությունից էլ պետք է խուսափել: Պետք չէ ուղղակի թվաքանակ ապահովել: Հակառակ դեպքում ավելի վատ կլինի, քան հիմա է: Պետք է ճիշտ օգտագործել այդ 30 տոկոսը, որովհետեւ մեր շուրջն իսկապես կան քաղաքականության համար պատրաստ կանայք, որ կարող են ԱԺ-ում լուրջ դերակատարում ունենալ»,-կարծում է Վարուժան Հոկտանյանը:



Իսկ ընտրական օրենսգրքի փոփոխության ժամանակ առաջարկված պահանջագիրը որքանով հաշվի կառնվի՝ եւ Հովսեփ Խուրշուդյանը, եւ Վարուժան Հոկտանյանը կարծում են, որ դա իրենց հետեւողականության արդյունքում կլինի: