Սարգսյանը որոշել էր զարմացնե՞լ

Սարգսյանը որոշել էր զարմացնե՞լ
Ինչ ասել կուզի նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթավերջին Արցախի պաշտպանական դիրքերում արտասանած խոսքը զարմացնում է եւ հիացնում: Նախ զարմացնում է: Եթե Սերժ Սարգսյանը կարող է հանպատրաստից այնքան լակոնիկ, իմաստալից եւ արժանապատիվ խոսել, մնացյալ առիթներով ու լսարանների առջեւ ինչո՞ւ այդպես չի խոսում: Ինչո՞ւ է, որպես կանոն, ամենուր թղթերից կարդում դատարկ, թույլ, չարչրկված ֆրազներով տեքստեր, որ մարդկանց ձանձրացնի, իրեն էլ անգույն ու անհուսալի միջակություն ներկայացնի: Ինքն իր թշնամի՞ն է:



Թե՞ գաղտնիքն այն է, այն տեղանքներում էր, որտեղ ժամանակին երեւի մարտնչել է, զինվորական համազգեստով էր եւ իր ամպլուայում: Այդ դեպքում մնում է մաղթել, որ ոչ միայն ռազմական մթնոլորտը, այլեւ քաղաքացիական կյանքն ու քաղաքական միջավայրը դառնան իր ամպլուան, որոնց առնչությամբ նույնպես ունենա մտքեր, համոզմունքներ եւ դրանք կարողանա արտահայտել: Չգիտեմ` ադրբեջանցիների վրա ինչ տպավորություն է գործել այդ ելույթը, բայց Հայաստանում երեւի շատերին հաճելիորեն զարմացրեց:



Իհարկե, գեղարվեստական ինչ-որ փայլ էլ կար խոսքում, բայց Տեր-Պետրոսյանը ճարտասանության այնպիսի նշաձող է դրել Հայաստանի քաղաքական դաշտում, որի կողքին այլոց ելույթների, ներառյալ Սարգսյանի ելույթի գեղարվեստական կողմը կարելի է լռության մատնել: Բայց բովանդակության տեսակետից դա հանգրվանային ելույթ էր: Գուցե մի ամբողջ սերնդի աշխարհայացքային ըմբռնումների ու մտածողության մեջ կատարված տեղաշարժի արձանագրում: Ինչո՞ւ:



Ղարաբաղյան շարժմամբ հասարակական կյանք մտած սերունդը, որի ներկայացուցիչն է Սերժ Սարգսյանը, հազիվ թե կյանքի պաշտպանությունից, Արցախի շուրջ անվտանգության գոտի ձեւավորելուց այն կողմ միտք կամ խնդիր են ունեցել: Հենց այդ մտածողության արդյունքն էր, որ Հայաստանը, բազում զրկանքներ կրելով, պատերազմում հաղթելով հանդերձ` ոչ միայն շահ չունեցավ այդ պատերազմից, այլեւ տնտեսական, հետո էլ արդեն քաղաքական զրկանքների ու մետամարֆոզների ենթարկվեց: Մինչդեռ եթե պետության ընկալում եւ մտածողություն լիներ, Արցախի շուրջ տարածքնե՞ր կգրավվեին ինքնապաշտպանության համար, թե՞ Տավուշի սահմանամերձ գյուղերը ավերակելուն ի պատասխան, գոնե ադրբեջանական Ղազախի շրջան մտնելու փորձ կարվեր:



Թեեւ անցյալի մասին «եթե»-ներով չեն խոսում, բայց հետագա տարիներին, կարծում եմ` բոլորն էլ սկսեցին գիտակցել, որ կարեւորը ոչ թե հողերն են, այլ դրանց տեղադրությունը: Եթե Ադրբեջանը վտանգ զգար Հայաստանից, Ղազախով հանգիստ նավթամուղներ եւ գազամուղներ չանցկացներ, որտեղի՞ց եւ ի՞նչ դոլարներով պետք է Հայաստանի համար խոչընդոտներ ստեղծեր ու մտքով անցկացներ նորից պատերազմել:



Քսան տարում, ինչպես երեւում է, հայերը հիմնավոր վերանայել են իրենց երբեմնի հայացքներն ու արժեքները: Այսինքն` Արեւմուտքից այնքան հուշեցին, այնքան Ադրբեջանին բարձրաձայն բացատրեցին, որ Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու, էլ ուր մնաց Հայաստանի դեմ պատերազմելու դեպքում հայերն ամենաքիչը կվնասեն եւ շարքից կհանեն, իսկ ով գիտե, գուցե ընդհանրապես նվաճեն ու վերահսկեն ադրբեջանական նավթամուղների ու գաղամուղների խողովակաշարերը, որ Հայաստանում չէին կարող ի վերջո չհասկանալ, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմն այլեւս խնդիր չի ունենալու հողեր պաշտպանել, այլ նվաճել: Նվաճել  ստրատեգիական նշանակության տեղանքները:



Արեւմուտքից վաղուց էին Ադրբեջանին բացատրում, որ նավթ ու գազ արտահանել չկարողանալն այդ երկիրը բացարձակապես կփլուզի: Այժմ վերջապես Հայաստանի իշխանությունների խոսքում էլ այդ ճիշտ շեշտադրումը հնչեց: Նոր պատերազմի դեպքում Արցախի պաշտպանությունը չի լինի Հայաստանի խնդիրը, այլ այդ հարցը մեկընդմիշտ փակելը: ՀՀ նախագահի հայտարարությունն է. «Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլեւ վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: ...Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»:



Ոչ թե հող պաշտպանել, այլ նվաճել այն հողը, որը տալիս է աշխարհաքաղաքական ու տնտեսական առավելություն: Սա է պետությունների մտածողության կոդը, ի տարբերություն ազգային-ազատագրական պայքար մղողների: Հրաշալի կլիներ, որ քսան տարի առաջ այդ մտածողությամբ առաջնորդվեինք: Այժմ բարեբախտաբար պետություն ունենալը թույլ է տվել հաղթահարել մտածողության եւ հոգեբանական կաղապարներ: Բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի համար էներգակիր չարտահանելն ու նավթադոլարներից զրկվելն ամենաուղիղ ճանապարհն է Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ փակելու համար: Ադրբեջանում դա գիտեն ավելի լավ, քան Հայաստանում: Դրա համար էլ նրանք երբեք պատերազմ չեն սկսի:



Իհարկե, մեր դեպքում էլ եթե պատկերացնես ինչ է հարկավոր անել, դեռ չի նշանակում, թե նաեւ կկարողանաս: Բայց, ինչպես Աստվածաշնչում է ասվում` «Ի սկզբանե էր բանը»: Այսինքն նախ միտքն է: Երբեք հնարավոր չէ անել մի բան, ինչ է նախ չի ծնվել մտքում եւ չի դարձել մտածողություն: Հրաշալի է, որ այժմ Հայաստանի նախագահի խոսքում է երեւում պատերազմում ոչ թե պաշտպանվելու, այլ ռազմական ճանապարհով ապագայի խնդիր լուծելու մտածողություն: