Իմիտացիոն բնույթի քայլեր

Իմիտացիոն բնույթի քայլեր
Իմ գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերություններն այս պահին գտնվում են փակուղում, եւ դատելով տարատեսակ հայտարարություններից, դա երկարատեւ փակուղի կարող է լինել, քանի որ Թուրքիայում սպասվում են ներքաղաքական կարեւոր իրադարձություններ, որոնց համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների առաջընթաց սպասելն այդքան էլ ճիշտ չէ: Ինչ վերաբերում է նախագահ Գյուլի հայտարարությանը, պետք է ասեմ, որ  թուրքական իշխանությունները հայ-թուրքական արձանագրությունները տապալելուց եւ փակուղի մտցնելուց հետո իրենք իրենց երկրի միջազգային  հեղինակությանը լուրջ հարված հասցրեցին եւ հիմա փորձում են իմիտացիոն բնույթի քայլեր ձեռնարկել, որոնք միտված են տպավորություն ստեղծելու, թե հայ-թուրքական գործընթացը շարունակվում է, եւ Թուրքիան հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին:



Այդ քայլերը վերջին ժամանակներում ինտենսիվացվել են եւ դարձել Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր տեղ զբաղեցնող մի հանգամանք: Թուրք ամենատարբեր գործիչներ շարունակ խոսում են լուռ դիվանագիտության, հասարակական դիվանագիտության, Ցյուրիխ 2-ի մասին եւ դրանցով էլ ցանկանում են բնութագրել հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակը: Ես հակված եմ կարծելու, որ այդ հայտարարությունները խորքային առումով չեն համապատասխանում իրականությանը եւ կրում են իմիտացիոն բնույթ:



Մեր ԱԳՆ-ի բավական կոպիտ հայտարարությունը, որ որեւէ լուռ դիվանագիտություն չկա, ավելի մոտ է իրականությանը: Չնայած դրան՝ Թուրքիան շարունակում է իր իմիտացիոն քաղաքականությունը, եւ կանխատեսում եմ, որ այն կշարունակվի: Թուրքիան այդ քաղաքականությունն ամբողջացնելու համար կիրառում է տարատեսակ մեթոդներ, այդ թվում, այսպես կոչված, հասարակական դիվանագիտությունը: Այդ համատեքստում ակտիվանում են հայ-թուրքական տարատեսակ «հասարակական շփումներ»՝ կլոր սեղաններ, սեմինարներ, փոխայցելություններ, սկանդալային ինչ-որ էմիսարների այցեր Հայաստան:



Այդ ամենը խրախուսվում է արտասահմանյան գրանտատու կազմակերպությունների կողմից եւ շատ գրավիչ են մեր տեղական գրանտակեր  կազմակերպությունների համար: Այս առումով դա աճելու հեռանկար ունի: Իսկ Հայաստան գործուղված «սահմանախախտների» քայլերն էլ նպատակ ունեին ավելի մեծ աղմուկ բարձրացնել եւ ուշադրությունը գրավել հայ-թուրքական՝ իբրեւ թե շարունակվող գործընթացի վրա:



Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ

թուրքագետ