Բանակի թեման

Բանակի թեման
Բանակային թեման մի տեսակ գերակշռող է դարձել մեր կյանքում: Եվ դա արտահայտվում է ոչ միայն դաշտային համազգեստ հագած բանակի գերագույն հրամանատարի՝ զորամասեր այցելությունը լայնորեն լուսաբանող ռեպորտաժներով, ոչ միայն պաշտպանության նախարարի հաճախացած ելույթներով: Ընդհանրապես հրացանավոր մարդն ավելի հաճախ է սկսել երեւալ էկրանին: Ինչպես ավելի հաճախ են սկսել երեւալ զինվորների հարցերով զբաղվող տարբեր ՀԿ-ների՝ իշխանության հետ սերտաճած ղեկավարներն ու բանակը պրոպագանդող անձինք: Այս մթնոլորտի բաղկացուցիչ մասն են քաղաքացիական հասարակության կազմակերպած քննարկումները, տարբեր գործիչների խոսքում բանակի թեմային վերաբերող վերլուծությունները: Դրա ներկայությունը զգացվում է նաեւ կառավարության շենքի մոտ զինվորների մայրերի պարբերական դարձած ակցիաներով, երկրի մթնոլորտում ավելացած ռազմական ու ռազմաշունչ հայտարարություններով: Մեր զինական ուժի ցուցադրություններով: Անշուշտ, այդ տեսարանները դիտելիս յուրաքանչյուր մարդ հպարտությամբ է լցվում սեփական երկրի ու նրա բանակի նկատմամբ: Այս տարածաշրջանում մենք գործոն ենք, մեզ հետ պետք է հաշվի նստեն ու հարգեն, մեզնից պետք է վախենան: Մեր սահմաններն անառիկ են թշնամու համար: Բայց, անկեղծ ասած, երբեմն թվում է, թե հզոր ու անպարտելի բանակի մասին խոսակցությունները մեր հեքիաթներից ինչ-որ տեսարաններ են հիշեցնում: Չգիտեմ՝ Քաջ Նազարի, թե Սուտլիկ որսկանի պատմությունները: Եվ սկսում եմ մտածել, որ հզորն ու ուժեղը, անպարտելին ու քաջը այդքան չեն հոխորտում եւ ուժի ցուցադրության հատուկ տեսարաններ չեն բեմադրում: Նրանք հաղթող են՝ առանց տեսարանների ու ցուցամոլության: Նրանք ուժեղ են, իսկ ուժեղը հոխորտալու եւ սպառնալու կարիք չունի: