Հանուն Նիկոլի ազատության

Հանուն Նիկոլի ազատության
Երեկ լրատվամիջոցների ղեկավարներն ու Նիկոլ Փաշինյանի ճակատագրով մտահոգ մեծ խումբ մարդիկ հավաքվել էին Սարյանի արձանի մոտ՝ իրենց զորակցությունը հայտնելու Փաշինյանին եւ իշխանություններին հասկացնելու, որ լրագրողի, խմբագրի դեմ պայքարելու իրենց որդեգրած մեթոդներն անպատվաբեր են եւ մերժելի: Ընդ որում, հավաքի նպատակը նախապես եղել էր Նիկոլի անվտանգության հարցը բարձրացնելը, սակայն հավաքված խմբագիրներն ընթացքում որոշեցին, որ ճիշտը Նիկոլի ազատությունը, այլ ոչ թե անվտանգությունը պահանջելն է: Բոլորի համար պարզ է, որ նա դատապարտվել է քաղաքական հայացքների համար: Պարզ է նաեւ, որ ցանկացած քրեական հանցանքի համար այն մեկուկես տարին, որ նա անցկացրեց ազատազրկման մեջ, որպես պատիժ, բավարար է: Եվ ժամանակն է, որ ինչ-որ մարդկանց վրեժի ծարավը հագուրդ ստացած լինի: Մյուս կողմից՝ ամոթ եւ խայտառակություն է բանտարկել խմբագրին, երբ իրական հանցագործներն ազատության մեջ են եւ անպատժելի, երբ հասարակությունը թաղված է հանցանքների ու օրինախախտումների մեջ, երբ օրենքի շրջանակներում ապրելը գրեթե անհնարին է դարձել: Երբ միջազգային հանրությունը շարունակ մատնացույց է անում քաղբանտարկյալների գոյությունն ու պահանջում կատարել եվրոպական կառույցների պահանջներն ու ԵԽԽՎ բանաձեւերը: Մի խոսքով, բավ է: Երեկվա միջոցառումը մեզ՝ խմբագիրներիս համար կարեւոր էր նաեւ մեկ այլ առումով. մենք բազում խնդիրներ ու անհամաձայնություններ ունենք, մենք տարբեր դաշտերում ենք գործում եւ, անկեղծ ասած, իրար հետ անգամ հարաբերվելու խնդիրներ ունենք, սակայն միայն այն փաստը, որ 13-15 լրատվամիջոցների խմբագիրներ ներկա էին այդ ակցիային, կանգնել էին իրար կողքի եւ միավորվել էին հանուն Նիկոլի ազատության, արդեն լավ է: