Իմ ապրանքը էկոլոգիապես մաքուր է

Իմ ապրանքը էկոլոգիապես մաքուր է
Հարցազրույց Ռուբեն Հախվերդյանի հետ:



- Դեկտեմբերի 5-ին 60 տարեկան եք դառնում, ծերունական դեպրեսիա չկա՞ դեռ:



- Ճիշտն ասած` տարիքս չեմ էլ զգում, միայն զգում եմ վազելու ժամանակ, երբ շնչառությունս չի հերիքում:



- Պա՜հ, վազում էլ եք:



- Հա, իհարկե, ամեն օր Զանգվի ձորում, մարզվում եմ:



- Իսկ դեպրեսիայի աղբյո՞ւր, ընդհանրապես:



- Նայած ինչ տեսանկյունից նայենք: Ես աշխատում եմ շատ բաներ չնկատել, որովհետեւ եթե ամեն ինչի վրա ջղայնանաս եւ այլն` կամ ինսուլտը, կամ ինֆարկտը անպակաս են:



- Իսկ էդ ի՞նչն է, որ Ռուբեն Հախվերդյանին կարող է ինֆարկտի հասցնել:



- Գռեհկությունը, մարդկանց անշնորհք պահվածքը, գավառամտությունը… Ու էդ ամեն ինչը առավելապես դրսեւորվում է ֆեոդալական համակարգում, այդպիսի ժամանակներում էլ մենք հենց ապրում ենք: Եվ այդ ժամանակներն էլ մեզ թելադրում են որոշակի կեցվածք: Սոցիալական անհավասարությունը երբ շատ ա ակնհայտ դառնում, հասարակությունը կարծես պատռվում է: Արդեն էն սոցիալական հարաբերությունները չեն մարդկանց միջեւ, ինչպես նախկինում էին: Կաշառքը կերել պրծել ա էս երկիրը, կոռուպցիան ամենասարսափելի բանն ա, որ կարող ա խորտակի էս երկիրը: Չնայած սովետի ժամանակ էլ մի բան չէր:



- Դե բնականաբար, ամեն հասարակարգ իր թերի կողմերն ունի…



- Դե հիմա ասում են` էն ժամանակ տարին մի անգամ գնում էինք Սոչի՝ հանգստանում էինք:



- Բայց էն ժամանակ էլ խոսքի, ինքնադրսեւորման ու ընդհանրապես ազատության խնդիր կար:



- Հիմա էլ կա ինքնադրսեւորման խնդիր, որովհետեւ ճաշակը թելադրում են: Օրինակ ներկա երգիչներից շատերին թե էս, թե նախկին պրեզիդենտի օրոք թելադրվում էր մի երգելաոճ, որն իրենք էլ չէին հասկանում` ում ա պետք: Երգը լսում ես` ոնց որ նույն մարդը գրած լինի, նույն մարդը երգի: Սխալ շեշտադրությամբ էլ երգում են: Ու ամենապարադոքսալ բանը, որ ինձ զարմացրել ա մանկուց, երբ կինը կնոջ մասին ա երգում: Սայաթ-Նովայի երգերը որձոտ երգեր են, որձի գրած երգը կինը ո՞նց երգի, նորմալ ա՞, կարծում ես: Պրիմիտիվ բան եմ ասում իհարկե, բայց էլի զարմանալի ա: Կամ որ երգերում կանանց համեմատում են ջեյրանի կամ եղնիկի հետ, էդ ի՞նչ զոոֆիլիա ա: Ինձ համար միշտ զզվելի ա եղել գուսանական էդ երեւույթը: Մինչդեռ մեր ժողովրդական երգերի մեջ նման բան գրեթե չկա, գուսանականների մեջ են շատը: Էլ չեմ ասում, որ անընդհատ տանջվում են սիրուց:



- Արվեստագետը բա չպետք ա՞ տանջվի, որ լավ բան արարի:



- Հա, բայց սիրուց բացի ուրիշ տանջվելու թեմա չկա՞: Արտասահմանում բողոքական երգարվեստն ա հարգի` ռոքը, ռեփի մեջ էլ կա դա, ես ռեփ էլ եմ սիրում, նրանք սոցիալական խնդիրներ են բարձրացնում: Երբ դու երգ ես գրում միայն քո մասին, դա ոչ մի արժեք չունի, բայց երբ երգիդ մեջ ամեն մեկը գտնի իրեն, էդ ժամանակ ա երգը ստացվել: Ես ինքս, օրինակ, մինչեւ երգը չեմ ստուգում դահլիճի վրա, չեմ կարող ասել` երգը կընդունվի հասարակության կողմից, թե ոչ, ի վերջո գնահատական տվողը մարդիկ են: Չգիտեմ, երգը պետք է բուժիչ, դեպրեսիայից հանող հատկություն ունենա, անձամբ ես իմ ապրանքը համարում եմ էկոլոգիապես մաքուր ապրանք:



- Դե Հախվերդյանի օրինակով էլ ցույց եք տալիս անընդհատ, որ արվեստագետը պետք ա միշտ բողոքական լինի: Ձեր համար էլ անընդհատ ասում են, որ ամեն ինչից միշտ դժգոհ եք, նույնիսկ նրան հասաք, որ ասեցիք, թե մի կիրթ թուրքին 10 հատ հայի հետ չեք փոխի, հետո բացատրեցիք, լավ, հասկանալի դարձավ: Բայց էս երկրում ոչ մի լավ բան չկա՞:



- Էս երկրի դրական բանը կարգին մարդիկ են, բարեբախտաբար կարգին մարդիկ ունենք մեր երկրում, հո ամեն ինչ սեւ չի՞: Փորձեր արվում են փոփոխությունների, դեռ չի ստացվում, բայց արվում են…  Օրինակ տես, եթե պետությունը ինքը չի կարողանում հոգ տանել երկրի համար, հայտնվում են մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտին սկսում են օգնել: Օրինակ Ծառուկյան Գագիկը, որն օգնում ա սպորտին, Երեւանից դուրս բնակվող ուսանողներին: Ես կողքից եմ լսել, որ շատ դեպքերում նույնիսկ չի էլ ասվում, թե նա ինչեր է անում, ինքը չի սիրում, որ էդ մասին խոսում են: Դե սպորտսմենների պահով տեսնում ենք արդեն, ոնց որ իրանց կնքահայրը լինի: Խոսելուց էլ, պահվածքից էլ զգացվում ա, որ կուշտ ու բարի մարդ ա: Ճիշտ ա` հասարակությունը կարող ա քծնի, ասի` մեր թագավոր ախպերն ա, բայց նա պետք ա էդ տեսակ մարդկանցից վախենա: Բայց էն, ինչ ինքն անում ա, կարծում եմ՝ դրական բան ա անում: Այսինքն էն, ինչը բաց ա մնում պետության կողմից, ինքն ա ստիպված լրացնում ու դա անում ա սրտացավորեն: Դրա համար էլ ռեյտինգը բարձր է, սրտացավության համար, որը զգում եմ, որը ցուցադրական չի:



- Է, նորմալ չի՞ դա, բա փող ունի` օգնում է:



- Հա, բայց քիչ փող ունեցողներ կա՞ն: Օրինակ շատ չինովնիկներ, որոնց պահով չեմ հասկանում, թե ինչու պետք ա նրանք ավելի հարուստ լինեն, քան մեծահարուստը: Քանի որ մեծահարուստը ալիբի ունի, ասում է` բիզնես եմ արել, հարստացել եմ, իմ փողն է: Բայց չինովնիկը երբ աշխատավարձ է ստանում, սկսած պրեզիդենտից` վերջացրած գրասենյակային ամենավերջին աշխատողը, Ամերիկայում եթե էդպիսի բան լիներ, էդ չինովնիկի հարցով միանգամից կզբաղվեր FBI-ը (Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ Վ. Թ.): Ես դրանց казнокрад եմ անվանում: Աղվեսներին բերել են հավերին պահակ: Կոռուպցիան հենց էդ ա, ոչ թե որ նստեն հաշվեն, թե էս օլիգարխը կամ էն օլիգարխը ինչքան փող ունի, դա ոչ մեկիս գործը չի: Բայց թե ինչ իրավունք ունի չինովնիկն էդքան փող ունենալ, այ դա արդեն բոլորիս գործն ա: Ի վերջո էս երեք իշխանություններն էլ բերեցին նրան, որ ժողովուրդը սկսեց զզվել իր հայրենիքից:



- Բա ի՞նչ է պետք անել, որ ժողովուրդը նորից սիրի հայրենիքը:



- Նախեւառաջ ժողովուրդը պետք ա հարգի իր ղեկավարին եւ սիրի էդ ղեկավարին: Իսկ մենք գիտենք, որ սերը էս դեպքում փոխադարձ պետք ա լինի, միակողմանի սեր չի կարող լինել: Եվ ղեկավարն էլ էնքան տակտ պետք ա ունենա, որ ներողություն խնդրի ժողովրդից ու իր ապրելակերպով, կեցվածքով, ռսի ասած` դուխ տա ժողովրդին:



- Եկեք վերադառնանք երգիչ Ռուբեն Հախվերդյանին: Նոր երգեր չեք գրում ոնց որ: Երկրպագուները բողոքում են: Նորություններ չկա՞ն:



- Էս վերջերս համարյա չեմ գրում, որպեսզի նոր երգ գրես, պետք ա գոնե մի կես տարի համերգ չտաս, մնաս մենակության մեջ, ինքդ քո հետ, ստեղծագործես: Թե չէ` թոռ ա, երեխա ա, դրանք էնքան են շատացել ինձ մոտ, որ պատառ-պատառ են անում դիակս (ծիծաղում է): Հիմա բարեբախտաբար նոր արվեստանոց ունեմ, որտեղ կարող եմ մենակ մնալ ու զբաղվել, ես չեմ ուզում լավ պապիկ լինել, լավ ամուսին լինել, ես ուզում եմ լավ երգ գրել:



- Ստացվո՞ւմ է:



- Ես կարծում եմ, որ էս տարի ֆորմայի մեջ եմ, քիչ թե շատ տունս ապահովված է, ու կարծում եմ` իրավունքը ձեռք եմ բերել մենակ մնալու ու ստեղծագործելու: Էս պայմաններում իհարկե կարծում եմ նոր երգեր կլինեն: Էս պահին երկու CD եմ անում, մեկը հովանավորել է պաշտպանության նախարարությունը, պատերազմի մասին երգեր են, մյուսը` ես իմ ուժերով, իմ կողմից հայթայթած միջոցներով: Դժվարությամբ եմ անում, բայց մեծ հաճույքով: Եվ նոր երգեր կան, եւ հին երգեր նորովի` նոր գործիքավորմամբ, նոր մոտեցումներով: Ես ուզում եմ էս բեռից ազատվել, որ նոր ապրանք բերեմ պահեստից:



- Տեքստային փոփոխություններ չկան, չէ՞, հին երգերի մեջ:



- Մի երգի մեջ կա, բայց իրավունք չունեմ ասելու, նույնիսկ դեռ չեմ վերջացրել:



- Լավ, գոնե երգն ասեք` մենք մտածենք, թե ինչ կարող էր փոփոխված լինել:



- Այդ երգում թվարկում եմ էն ամենը, ինչ իրավունք չունեմ: Օրինակ` ես իրավունք չունեմ սիրել ոչ մեկին, քանի որ ունեմ օրինական կին: Եվ կրկներգը սա է` ես իրավունք չունեմ, դա է իմ իրավունքը, որն իմ մեջ շարժում է իմ վրդովմունքը: Ուզում եմ ասել, որ էս աշխարհը բանտ է, ու չիկարելիներից բացի ոչ մի կարելի բան չկա:



- Տխրեցինք, այ մարդ… Պետք ա խմել, ոչ թե խոսալ:



- Միանգամա՜յն ճիշտ դիտարկում:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ