Գերեզմանոց միջպետական մայրուղու եզրին

Գերեզմանոց միջպետական մայրուղու եզրին
Հանրապետության միջպետական մայրուղիների եզրերին ավտովթարներից զոհվածների հիշատակը վառ պահելու համար օր օրի ավելանում են հուշաքարեր, որոնք ոչնչով չեն զիջում գերեզմանոցներում տեղադրված մահարձաններին՝ մի տարբերությամբ, որ գերեզմանոցներում դեռեւս հանդիպում են ավանդական տապանաքարեր, իսկ այստեղ հուշաքարերը լինում են բարձրադիր, հիմնականում` զոհվածի նկարով: Դրանք իրենց ճոխությամբ են զիջում գերեզմանոցային հուշաքարերին, եւ հենց այդ ճոխությամբ էլ կարելի է դատողություն անել զոհվածի կամ նրա հարազատների սոցիալական վիճակի մասին:



Մայրուղու Երեւան-Գյումրի, Աշտարակ-Թալին ընկած հատվածը համեմատաբար ուղղասլաց է, քիչ շրջադարձերով, եւ հենց այդ հատվածում էլ ճանապարհի երկու կողմից իրար հաջորդում են բազմաթիվ հուշաքարեր: Երբեմն հանդիպում են այնպիսիք, որոնք գրեթե կպած են ճանապարհին եւ հնարավոր է մի նոր ավտովթարի պատճառ դառնան եւ հենց իրենց տեղում կամ հարեւանությամբ տեղադրվեն նոր մահարձաններ: Մայրուղու Ն. Բազմաբերդ-Դավիթաշեն հատվածի երկար ձգվող զառիթափը` կտրուկ շրջադարձով, հատկապես ձմռան ամիսներին պատճառ է դառնում բազմաթիվ ավտովթարների եւ մարդկային զոհերի: Այս հատվածում ավելի խիտ են տեղադրված հուշաքարերը, եւ մի քանի տարուց այն հաստատ չի տարբերվի ցանկացած գերեզմանոցից:



Կան այնպիսի հուշաքարեր, որոնք ջարդված են, ավերված, եւ ենթադրվում է, որ դրանք մեքենայի ղեկին նստած անձնավորությանն են խորհրդանշում, որ այդ ավտովթարից էլի մարդկային զոհեր են եղել, եւ նրանց հարազատները հետագայում ջարդել են վարորդի մահարձանը: Երբեմն հանդիպում են խաչքարեր. բարձունքներում եւ մայրուղով անցնելիս կամա թե ակամա թվում է` գտնվում ես մի նոր հիմնված գերեզմանոցում:



Կարծում ենք` այս երեւույթը պետական ուշադրության առիթ պետք է դառնա եւ պետականորեն արգելվի մի մարդու համար երկու հուշաքար կանգնեցնելը` մեկը գերեզմանոցում, մյուսում՝ վթարի տեղում: Ճիշտ չէ՞ր լինի դրանց փոխարեն ծառեր տնկելը, մանավանդ, որ այդ հուշաքարերը ժամանակի ընթացքում ինչ-որ ձեւով վերանալու են:



Այս մայրուղուն զուգահեռ առաջիկայում կկառուցվի Հարավ-հյուսիս ճանապարհը, որի շատ հատվածներ կանցնեն այդ հուշաքարերի վրայով: Հնարավոր է, որ դրանց տերերը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպեն, սակայն սա այն խնդիրն է, որ երկուստեք հավասարաչափ մեղավոր են թե? զոհվածների տերերը, թե? կառավարության համապատասխան մարմինները: Առաջիններն այդ քայլին չպիտի գնային, իսկ կառավարությունը պետք է հիմնավորված եւ քաղաքակիրթ օրենսդրական ակտերով արգելեր այդ երեւույթը:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ