Ողջերը թալանում են, մեռածները` համալրում

Ողջերը թալանում են, մեռածները` համալրում
Այս տարի հոկտեմբերի 21-ին կառավարությունը փոփոխություն կատարեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում, ըստ որի, կենսաթոշակառու զինծառայողների մահվան դեպքում վճարվում էր թաղման նպաստ, որը կազմում էր զինծառայողի թոշակի 15-ապատիկը: Օրենքում փոփոխություն կատարելուց հետո զինծառայողի մահվան դեպքում արդեն կվճարվի ոչ թե թոշակի 15-ապատիկը, այլ ընդամենը 200 հազար դրամ: Այս անսպասելի փոփոխությունը մեծ վրդովմունք է առաջացրել զինծառայող կենսաթոշակառուների շրջանում:



Նրանք կարծում են, որ այս քայլն ուղղված է զինծառայողների եւ բանակաշինության դեմ եւ դրանով խարխլում են զինծառայողի բարոյական եւ հոգեբանական վիճակը: «Այսօր կառավարությունը հակապետական գործունեություն է վարում: Հիմա իշխանության են եկել մարդիկ, ովքեր հեռու են բանակաշինությունից եւ այսօր ուզում են խարխլել մեր բանակը, այդ իսկ պատճառով էլ նրանք հակաօրինական որոշում են կայացնում: Նրանք օրենքում ամրագրված 15-ապատիկը փոփոխել են, եւ այսուհետեւ զինծառայողի մահվանից հետո կտրամադրվի ընդամենը 200 հազար դրամ, ինչպես սովորական քաղաքացուն:



Այս փոփոխությունով նրանք վատթարացնում են զինծառայողի բարոյական վիճակը: Ոչ ոք չի ըմբռնում, թե որքան վտանգավոր է զինծառայողի աշխատանքը: Սա բարոյական վնաս է հասցնում մեր պաշտպանական համակարգին: Այսօրվա զինծառայողը որ իմանա այսպես է, նա էլ նույն ոգով, եռանդով չի անի իր գործը»,- ասում է պահեստազորի փոխգնդապետ Ալբերտ Մանուկյանը:



Փաստորեն, օրենքում կատարված փոփոխությամբ հսկայական գումարներ են խնայվում, եւ դեռ հարց է՝ այն կմնա բյուջեո՞ւմ, թե՞ որոշների գրպանում: Եթե համարենք, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու զինվորական ստանում է միջինը 80 հազար դրամ թոշակ (հիմնականում զինվորականներն ավելի բարձր թոշակ են ստանում), ապա մահվանից հետո չփոփոխված օրենքով տրվող նպաստը ստացվում է միլիոն 2 հարյուր հազար դրամ: Իսկ նոր օրենքի համաձայն՝ կվճարվի ընդամենը 200 հազար դրամ: Այսինքն կատարվում է մոտ 1 միլիոն դրամի խնայողություն:



«Ինչ է, ուզում են բյուջեի ճեղքերը մեր մահվան գումարներո՞վ լցնեն: Եթե կոպիտ հաշվարկ անենք, որ տարեկան 20 հոգի էլ մահանան, ստացվում է, որ 20 միլիոն գնում է իրենց գրպանը: Մեռելների հաշվին իրենց գրպաննե՞րն են լցնում: Դա մեզ տրված արտոնություն է, եւ ոչ ոք իրավունք չունի վերցնել այդ արտոնությունը մեզանից: Սա անբարոյական քայլ է: Ես մահանամ ու ընտանիքիս թողնեմ պարտքի տա՞կ, աղքատությա՞ն մեջ: Սոցապ նախարարը անբարոյական է, իր կատարած աշխատանքը վնաս է բոլորին: Թող 2 օր գնա դիրքերում կանգնի, տեսնեմ կդիմանա՞: Կառավարության անդամներից երեւի 50 տոկոսն էլ ծառայած չի լինի: Ու հիմա նրանք այս քայլով հարվածում են բանակին: Այդ օլիգարխների մեջ թաքնված ատելություն կա զինծառայողների, Արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ»,- համոզված է Ալբերտ Մանուկյանը:



Նրա խոսքով, այս փոփոխությունը վրդովել է մոտ 5 հազար կենսաթոշակառու զինվորականների, եւ նրանք պահանջում են վերանայել օրենքը, թողնել այնպես, ինչպես կար: «Մենք պահանջում ենք նախ փոխել օրենքը, այն թողնել իր սկզբնական ձեւով, եւ երկրորդ՝ պահանջում ենք, որ հարգեն մեզ՝ զինվորականներիս»,- զայրացած ասում է թոշակառու փոխգնդապետը: Այնուամենայնիվ, նոր օրենքը նոյեմբերի 1-ից մտել է ուժի մեջ, եւ ակնհայտ է, թե դա ինչպես կանդրադառնա կենսաթոշակառու զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական դրության վրա: