Վիրահայոց թեմի մամլո դիվանը հայտարարում է

Վիրահայոց թեմի մամլո դիվանը հայտարարում է
Երեկ լրատվամիջոցները տարածեցին լուր այն մասին, որ Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի սրահում կայացած «Թբիլիսիի հայ համայնքի խնդիրները եւ հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին Վրաստանի վերինտեգրման փոխնախարար Էլենե Թեւդորաձեն հայտարարել էր, թե՝ Վրաստանում Հայ առաքելական սուրբ եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, եւ Վրաստանը որեւէ կերպ կարգավիճակ չի տալու եւ չի գրանցելու վիրահայոց թեմը:



Փոխնախարարի հայտարարությունը մտահոգիչ եւ անհասկանալի է, հայ համայնքի համար՝ մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նույն պետական նախարարության ղեկավարությունը նախարար Թեմուր Իակոբաշվիլու գլխավորությամբ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, եւ հավաստիացրել են, որ իրենց առաջարկով փոփոխություն է կատարվելու քաղաքացիական օրենսդրության մեջ, ավանդական կրոնական համայնքներին Վրաստանում տրվելու է հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ:



Տիկին Էլենե Թեւդորաձեի նման կեցվածքը չի բխում ինչպես Վրաստանի ժողովրդավարական քաղաքականության սկզբունքներից, քանի որ ոտնահարում է մարդու կրոնական իրավունքները եւ 100 ամյակներով Վրաստանում գործող ինչպես  հայ, այնպես էլ այլ կրոնական ավանդական  համայնքների արժանապատվությունը, ինչպես նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Նորին Սրբություն Իլիա Բ պատրիարքի պաշտոնական դիրքորոշմանը, որը կողմ է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ մյուս ավանդական կրոնական համայնքներին հանրային իրավաբանական սուբյեկտի կարգավիճակ տալուն:



Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ Վրաստանում Հայ առաքելական սուրբ եկեղեցին գործել է 4-րդ դարի 1-ին կեսից ի վեր, երբ Վրաստանում քրիստոնեությունն ընդունվեց իբրեւ պետական կրոն: Այդ շրջանից ի վեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմը եղել եւ գործել է Վրաստանի բոլոր ժամանակների օրենսդրության համաձայն, ինչպես վրաց թագավորների, այնպես էլ ցարական տիրապետության ժամանակաշրջանում եւ խորհրդային տարիներին: Ցավալի է, որ անկախությունից անցել է 20 տարի, սակայն դեռեւս չեն լուծվում կրոնական համայնքների կարգավիճակի եւ, այսպես կոչված, վիճահարույց հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցերը: Ցանկալի կլիներ, որ տիկին Թեւդորաձեն մտահոգվեր Վրաստանում պատմամշակութային կոթողների վթարային վիճակով եւ հայկական եկեղեցիների՝ համայնքին վերադարձնելու հիմնախնդիրներով:



Վիրահայոց թեմի մամլո դիվան