Որն է խելամտության եւ թույլատրելիության սահմանը

Որն է խելամտության եւ թույլատրելիության սահմանը
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը   երեկ հաղորդագրություն-պարզաբանում է տարածել օրերս «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից բանակի թեմայով կազմակերպված քննարկմանը բարձրացված որոշ հարցերի կապակցությամբ: Մասնավորապես, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցադրումների հետ կապված: Արթուր Սաքունցը քննարկման ժամանակ շեշտել էր, որ պաշտպանության նախարարությունը ոչ թե փակ, այլ գաղտնի համակարգ է, ՊՆ բյուջեի հետ կապված որեւէ տեղեկություն հնարավոր չէ ստանալ:



Սրա հետ կապված՝ ՊՆ-ն նշում է, որ նախարարությունը վարում է թափանցիկ պաշտպանական քաղաքականություն, սակայն դա «չի նշանակում, որ ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիական խումբ կարող է ազատորեն իր տրամադրության տակ ունենալ ազգային անվտանգությանը վերաբերվող այնպիսի տեղեկություններ, որոնցով կարող է որոշել պաշտպանական բյուջեի ծախսերի նպատակահարմարությունը»: Այնուհետ օրինաչափ է համարում, որ ԱԺ-ում պաշտպանական ծախսերի քննարկումները փակ են:



«Պատկերացնո՞ւմ եք, եթե որեւէ քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրի տեղեկատվություն ստանալու իր իրավունքը սահմանափակելու մեջ` պահանջելով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների, նրանց տեղակայման վայրերի, կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք նման տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս: Արդյո՞ք պետական՝ հասարակական շահը պահանջում է, որ նման տեղեկությունները հասու լինեն մեր հակառակորդին»,-հարցադրում է անում ՊՆ խոսնակը:



Հաղորդագրության մեջ անդրադարձ կա նաեւ արտերկրի բարձրագույն ռազմակրթական հաստատություններում 2005-2010թթ. ուսանած ՀՀ ԶՈւ սպաների թվաքանակին: Արթուր Սաքունցն առաջարկել էր հրապարակել այդ սպաների անուններն ու թվաքանակը, ինչպես նաեւ նրանց հետագա գործունեության մասին տեղեկություններ՝ նկատի ունենալով այն, որ նրանց մի մասը Հայաստան վերադառնալուց հետո թողնում է ռազմական գործը: ՊՆ-ն հայտնում է, որ նրանց թիվը շուրջ 800 է, ինչն «ինքնին անիմաստ է դարձնում այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ շահարկումները»:



Ինչ վերաբերում է ՊՆ-ի կողմից կառուցվող շենքերի բնակիչների ցուցակներին, ՊՆ խոսնակը դրա վերաբերյալ շահարկումներն անհիմն է համարում եւ նշում, որ դրանք կարելի է ձեռք բերել «բաց աղբյուրներից»՝ նման ցուցակներ գոյություն ունեն համայնքներում, ընտրական հանձնաժողովներում, ՀՀ ոստիկանությունում: «ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունքում հանրային իրազեկումը աստիճանաբար ավելի բարձր մակարդակի է լինելու, սակայն այն երբեք չի անցնելու խելամտության ու թույլատրելիության սահմանը»,-եզրափակվում է հաղորդագրությունը: