Ի՞նչ է սպասվում Աստանայում

Ի՞նչ է սպասվում Աստանայում
ԼՂ հակամարտության շուրջ ընթացող վերջին զարգացումների կիզակետը կարծես թե Աստանան է լինելու: Դեկտեմբերի 1-2-ին այնտեղ կկայանա ԵԱՀԿ գագաթաժողով եւ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Գործընթացում Աստանայի ունենալիք նշանակությունն այս կամ այն մակարդակով շարունակ ընդգծվում է: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չէր բացառել, որ սպասվելիք գագաթաժողովը կարող է «բեկումնային» լինել, աստրախանյան հանդիպման արդյունքներն ամփոփելիս ՌԴ նախագահ Մեդվեդեւը հայտարարել էր, որ դեկտեմբերի 1-2-ին Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան վերջնականապես համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան խաղաղ համաձայնագրի համար:



ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ձգտում է գագաթաժողովում ԼՂ կարգավորման հարցում հասնել կոնկրետ որոշումների: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամոն էլ օրերս հույս է հայտնել, որ Աստանայի հանդիպումը կողմերին կօգնի ընդունել բարդ, բայց կարեւոր որոշում: Բացի այս, վերլուծաբանների մակարդակով շրջանառվում է նոր «ճանապարհային քարտեզի» ստորագրման հնարավորությունը: Դատելով այս ամենից, Աստանայում ԼՂ հարցի քննարկումը շարքայիններից չի լինելու: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը առկա տեղեկությունների պարագայում որեւէ տեղաշարժ ակնկալելն անհիմն է համարում: Ըստ նրա, գագաթաժողովից ակնկալիքների ու նոր «ճանապարհային քարտեզի» մասին խոսելն ուղղակի Ադրբեջանի տակտիկական քայլն է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:



Տեղաշարժ, Կիրո Մանոյանի խոսքով, միայն 2 դեպքում կարող է լինել. «Կամ Ադրբեջանն իր կեցվածքը իսկապես փոխել է եւ կարող է ընդունել, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմից դուրս, կամ Հայաստանի վրա շատ մեծ ճնշում կա, եւ Հայաստանը ստիպված է ինչ-որ քայլի գնալ: Այլ պատճառ տեղաշարժի ես չեմ տեսնում»: Առավելագույնը, որ ակնկալում է Կիրո Մանոյանը Աստանայից, դա այն է, որ ԵԱՀԿ գագաթաժողովը կվերահաստատի համանախագահների կողմից արդեն հնչեցված դիրքորոշումը: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը տեսակետ հայտնեց, որ եթե ԵԱՀԿ ՄԽ երկրների նախագահները ներկա գտնվեն գագաթաժողովին եւ փորձեն Ալիեւ-Սարգսյան հանդիպումը կազմակերպել, որոշման գոնե ինչ-որ ձեւի կփորձեն հանգել, չնայած կողմերի մոտեցումներն իրարամերժ են:



«Ադրբեջանը չի պատրաստվում ԼՂ վերջնական կարգավիճակի մասին խոսել, Հայաստանն էլ առանց այդ կարգավիճակի չի պատրաստվում որեւէ ձեւով ազատագրված տարածքների հետ կապված ինչ-որ բան ասել: Այդ վիճակով միայն մի բան կարող եմ կանխատեսել՝ աշխարհը կփորձի այնպես անել, որպեսզի պատերազմը չվերսկսվի, ամեն ինչ գնում է շատ ավելի կոշտ ձեւակերպմամբ, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա»: Արամ Կարապետյանի խոսքով՝ ինչ-որ բան կարող է փոխվել, եթե ճնշումներ լինեն կողմերի վրա.



«Ճնշումները ավելի շատ կգան դեպի մեր կողմը, որպեսզի մենք դառնանք ավելի հեշտ համոզվող: Դատելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթից, մենք պիտի պատրաստ լինենք շատ լուրջ ապակայունացման, իսկ ապակայունացում կարող է լինել միայն մի ձեւով՝ երբ Ադրբեջանը որոշի վերականգնել իր «տարածքային ամբողջականությունը» պատերազմի միջոցով: Դա կարող է լինել, այսպես ասած, թատերականացված»:



Ինչ վերաբերում է փաստաթղթի ստորագրման հնարավորությանը, ըստ ՆԺԿ ղեկավարի, ինչ-որ բան այնուամենայնիվ կպարտադրվի կողմերին. «Դա կլինի հիմնական փաստաթղթի նախերգանքը ճանապարհային քարտեզի ձեւով, թե ուղղակի փաստաթուղթ, որը վերջնականապես կֆիքսի սկզբունքները, որով կպատրաստվի մեծ պայմանագիրը, դժվար է ասել, բայց կարծում եմ՝ փաստաթուղթը բավականաչափ լուրջ կլինի: Բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ փաստաթուղթը հատկապես Սերժ Սարգսյանի կողմից չի ստորագրվի»: ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, խոսելով ԵԱՀԿ առաջիկա գագաթաժողովից, ուշադրություն հրավիրեց ՄԽ համանախագահ երկրների նախագահների եւ համանախագահների վերջին 3 հայտարարությունների տերմինաբանության վրա՝ «օկուպացված տարածքներ», «Խանքենդի»:



Սա, ըստ Վլադիմիր Կարապետյանի, խոսում է միջազգային հանրության դիրքորոշման փոփոխության մասին, եւ եթե այդ նույն ձեւակերպումները մտնեն ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների ստորագրելիք Ամփոփոիչ հռչակագրի մեջ, որտեղ անդրադարձ է լինելու ԼՂ հակամարտության վիճակին, ինչի հավանականությունը շատ բարձր է, դա շատ վտանգավոր զարգացում կլինի եւ կնշանակի, որ ԼՂ շուրջ  տարածքների ազատման հարցում պատասխանատվությունը կրելու է Հայաստանը: Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց, որ այդ փաստաթուղթն ընդունվում է կոնսենսուսի սկզբունքով, եւ Հայաստանը կամ պետք է այն ստորագրի, կամ վետո դնի:



«Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Հայաստանն ընդդիմանա դրան եւ վետո դնի: Դա կարողացավ անել Տեր-Պետրոսյանը 96 թվականին Լիսաբոնում: Արդյո՞ք կկարողանա անել Սերժ Սարգսյանը, եթե նման դրույթ մտնի: Ես խիստ կասկածում եմ»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ ընդունվելիք փաստաթղթում հիշատակված ձեւակերպումները չեն լինի, եթե  համանախագահները հրաժարվեն իրենց ձեւակերպումներից: «Դժվար է պատկերացնել, թե ինչը կարող է նրանց դրդել դա անել, եթե անգամ Նալբանդյանն է կողմ արտահայտվել համանախագահների հունիսի 26-ի հայտարարությանը»,-նկատեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը:



Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման շուրջ երկկողմ փաստաթղթի ստորագրմանը, Վլադիմիր Կարապետյանը դրա մասին խոսելը վաղաժամ է համարում: Ըստ նրա, Ռուսաստանի նախագահի հետ ակտիվ շփումները վկայում են, որ դրա հետ կապված՝ կողմերը բանակցում են: