Արամ Կարապետյան. ՀՀԿ-ԲՀԿ բախումն սկսվել է

Արամ Կարապետյան. ՀՀԿ-ԲՀԿ բախումն սկսվել է
Արդեն սկսվել է Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների բախումը, որը շարունակական բնույթ է կրելու, չնայած որ ինձ համար իշխանությունը  մի դեմքով է: Բայց պետք է միանշանակ հաշվի առնել, որ ԱԺ-ում եղած տեղերի բաշխումը Սերժ Սարգսյանի համար գլխացավանք է: Եթե պետք է գնան այնպես, ինչպես իրենք են նախատեսում, այսինքն իրենց սցենարով, որ անգամ ազգանուններն են արդեն գրված, թե ով է անցնելու, բնական է, որ «Բարգավաճ Հայաստանը» եւ Դաշնակցությունը՝ ի դեմս  Ռոբերտ Քոչարյանի, չեն ցանկանա բավարարվել այն քչով, որն իրենց կարծիքով  իրենց կարող է առաջարկել Սերժ Սարգսյանը եւ Հանրապետականը:



Եթե նկատել եք, հիմա բավականաչափ քննադատվում է թե Քուշկյանի գործունեությունը, թե Իշխան Զաքարյանի: Ես կատեգորիկ դեմ եմ, երբ կոռուպցիայի հետ կապված հարցերը քննարկման են դրվում, որովհետեւ ինչո՞ւ են քննարկում, եթե կարելի է գործեր հարուցել եւ աշխատել: Բայց մի բան է գործ հարուցելը եւ մարդուն մեղադրելը, այլ բան, երբ պատգամավորն ամբիոն է բարձրանում եւ ասում, որ իրենից 4 հազար դոլար կաշառք են ուզել: Ես սկսում եմ հասկանալ, որ Հայաստանում կաշառք ուզելը հատակին մոտ է դարձել, եթե դա ճիշտ է իհարկե:



Տեղի ունեցածն ուղղակիորեն մի բան է ցույց տալիս՝ կոալիցիայի ներսում բախում է սկսվում, որին, կարծում եմ, կգումարվի վարչապետի նկատմամբ շատ խսիտ քննադատությունը: Դա կդառնա ժողովրդի մեջ բողոքի ձայն այնպես, ինչպես «Նաիրիտը», եւ աստիճանաբար «Բարգավաճի» ներկայացուցիչները կսկսեն խոսել: Դաշնակցությունն արդեն քննադատում է: Կառավարության քննադատությունը, ի դեմս վարչապետի, կթեժանա, որը, պետք է ասեմ, ճիշտ կլինի, որովհետեւ ներքին տնտեսական քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի, բարձիթողի վիճակ է:



ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հանգուցալուծման խնդիրները կապված կլինեն արտաքին դաշտի հետ: Ինչպես արտաքին դաշտի գործողություններն առաջ կգնան, ինչքան կթուլանա Սերժ Սարգսյանն արտաքին դաշտում, դրանով պայմանավորված կլինի նաեւ կոալիցիայի ներսում զարգացումները:



Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԺԿ ղեկավար