Էլ գող փիսո, էլ քաչալ շուն...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն...
Խորհրդարանում երեկ շարունակվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան-պատգամավոր Սպարտակ Մելիքյան վեճը, որը երեկ տեղափոխվեց իրավական հարթություն. ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պատվի, արժանապատվության ոտնահարման փաստով քաղհայց է ներկայացրել դատարան ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանի դեմ: «Ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ մարդիկ ցանկանում են Վերահսկիչ պալատին մեղադրել կեղտոտ խաղերի մեջ. դա երեւաց թե գործունեության սկզբնական փուլում, երբ փորձ արվեց ուղղակի ջարդել ՎՊ-ի ողնաշարը, ինչը չհաջողվեց, եւ թե նաեւ երեկվա ելույթներից մեկում, որը ցույց տվեց, որ կիրառվելու են անթույլատրելի եւ հայկական բարոյականությանը խորթ երեւույթներ»,- ԱԺ ամբիոնից երեկ հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:



Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը մեղադրել էր Վերահսկիչ պալատին Անանիա Շիրակացու անվան համալսարանը ստուգելու ժամանակ 4 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մեջ: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ պալատի բաց ու հրապարակային գործունեության արդյունքում ծնված յուրաքանչյուր արձանագրություն կարող է բերել այն նույն գնահատականին, ինչ հնչեցվեց երեկ պատգամավորների կողմից»,- շարունակեց Զաքարյանը՝ պնդելով, որ խախտումները, որոնք արձանագրվել են «Անանիա Շիրակացի» համալսարանում, ճիշտ են, հիմնավոր ու անառարկելի:



ՎՊ նախագահը նաեւ ուշադրություն հրավիրեց, որ նշված համալսարանի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը հենց պատգամավոր Սպարտակ Մելիքյանն է, ինչը ՀՀ Սահմանադրությամբ արգելված է համատեղել պատգամավորական լիազորությունների հետ: Ուշագրավ է, որ Սպարտակ Մելիքյանին օգնության հասավ ՀՀԿ խմբակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ հայտարարելով, թե պատգամավորն իրավունք ունի սեփականություն ունենալ:



Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, որ դիմելու է ԱԺ-ին՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար: «Ես խնդրելու եմ խորհրդարանին, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, որ հետագայում որեւէ մեկը չասի, որ անկաշկանդ եմ կամ խոչընդոտ եմ առաջացնում այդ քննությունը մինչեւ վերջ տանելու համար»,-հայտարարեց Մելիքյանը՝ հավելելով, որ պատրաստ է անգամ մանդատից հրաժարվել: «Երեւի ես անլուրջ մարդու տպավորություն չեմ թողնում, որ առանց ապացույցների խոսեմ եւ այսպիսի բարձր ամբիոնից հայտարարություն անեմ»,- պնդեց Սպարտակ Մելիքյանը՝ կրկնելով ՎՊ-ին ուղղված մեղադրանքը:



«Քանի որ ունեմ կոնկրետ փաստ, որ կոնկրետ մարդ ինձանից որպես այդ խորհրդի նախագահ պահանջել է գումարը: 4 հազար դոլարի մասին է խոսքը»: Պատգամավորն անուններ չտվեց՝ հայտարարելով, թե դատարանում ամեն ինչ կասի: «Այդ գործելաոճն աշխատում է արդեն մի քանի տարվա ընթացքում: Այսինքն՝ դա առաջին դեպքը չէ, որ տարբեր համայնքներում, տարբեր հիմնարկություններ ստուգելիս կա այդպիսի երեւույթ, եւ այդ երեւույթից կախված շատ-շատ պաշտոնյաներ վախենում են բարձրաձայնել: ... եւ եթե կա այդ մթնոլորտը բոլորի մոտ, որ կարելի է անել ամեն ինչ, հետագայում Վերահսկիչ պալատի հետ լեզու գտնելով դա ծածկել, գնալ, կոռուպցիան միշտ էլ զարգանալու է, լինելու է»,-մեղադրանքը զարգացրեց Մելիքյանը՝ շարունակելով, թե անթույլատրելի է «մեղադրել, որ մեր համայնքապետերը բոլորը գողեր են, ավազակ են կամ մեր նախարարները բոլորը թալանչի են, որովհետեւ ամեն ինչ գալիս է սիստեմից»:



Մեր հարցին, թե փաստեր, ձայնագրություններ ունի՞ կաշառքի հետ կապված, Սպարտակ Մելիքյանը պատասխանեց. «Ինչի ես անվտանգության աշխատո՞ղ եմ՝ ձայնագրեմ: Կգան իրավապահ մարմինները, կպարզեն ամեն ինչ: Ես երեկ դիմել եմ եւ դատախազությանը, եւ ազգային անվտանգությանը»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, որ ՎՊ ստուգումների արդյունքում ոսկորը շատերի կոկորդում է մնում, Մելիքյանը հակադարձեց. «Ես կարծում եմ՝ այդպիսի հայտարարություն անելուց լավ կլիներ այդ «շատերի» բառի փոխարեն կոնկրետ ազգանուն տալ. օրինակ ասել՝ ա՜յ, այս նախարարին պատժել ենք, իրենց կոկորդին է մնացել, իրենք էլ Մելիքյանին հրահրել են, որ Մելիքյանը նման հայտարարություն անի:



Ա՜յ, այդ ժամանակ ես կհասկանայի, որ դա նորմալ զրույց է, որի համար մարդուն կարելի է պատասխանատվության ենթարկել։ Իսկ երբ բոլորը ավազակ են, գող են, բայց կոնկրետ անուն չենք տալիս, նրանցից կոնկրետ հարց տվող էլ չկա, բա ինչո՞ւ չես ասում: Ես կոնկրետ եմ ասել եւ կոնկրետ իմ ասածի համար պատասխանատու եմ»: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ  նախարարները չեն բողոքում, ինքն է բողոքում: «Նախ, ամեն նախարար թող ինքը որոշի՝ ինչո՞ւ չի բարձրաձայնում այդ հարցը, որովհետեւ դա կախված է իրենց գործելաոճից»:



Մեր հարցին, թե ՀՀԿ խմբակցությունում իրեն աջակցո՞ւմ են, Մելիքյանը հայտարարեց. «Երեւի դուք ինքներդ եք հասկացել, որ այն, ինչ ես բարձրաձայնել եմ, խորհրդարանի 90%-ը դրա հետ համաձայն է, բայց տարբեր պայմաններից ելնելով՝ չի բարձրաձայնում: Ես նորություն չեմ հայտնաբերել, ընդամենը ասել եմ այն, ինչ շուտվանից կա»: Միեւնույն ժամանակ իր հայտարարությունը ՀՀԿ-ի հետ կապ չունի:



Ուշագրավ է, սակայն, որ որեւէ անգամ որեւէ համարձակ հայտարարությամբ աչքի չընկած պատգամավորը երեկ «առյուծ էր կտրել»: Ուշագրավ է նաեւ այն, որ սա հետեւեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը լիզենզիայից զրկելու հայտարարությանը եւ սեփականատիրոջ հնարավոր փոփոխության մասին հրապարակումներին: