Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում
Արդեն հինգերորդ օրն է՝ Վայոց ձորի, հատկապես Եղեգնաձոր եւ Վայք քաղաքի բնակիչները ահաբեկված խոսում են ադրբեջանցի սահմանախախտների՝ լրտեսների մասին: Որոշ տեղեկություններով՝ նրանք 3 հոգի են եղել, իսկ մյուսներն էլ պնդում են, թե ավելի շատ են եղել՝ մոտ 7 հոգի: Ըստ քաղաքացիների, ադրբեջանցի լրտեսները սահմանը հատել են ամենայն հավանականությամբ՝ Նախիջեւանի հատվածից: Նրանք մի քանի օր անցկացրել են Եղեգնաձորում, եղել են նաեւ Մալիշկա գյուղում: Գերազանց տիրապետել են հայերենին, ինչը լրտեսի վարկածի դեպքում բնական է:



Եղեգնաձորցիներն ասացին, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, նրանցից 3 հոգու ձերբակալել են: Երեկ զանգահարեցինք ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել եւ ովքեր են այդ սահմանախախտները: ԱԱԾ մամլո խոսնակն ասաց, որ ոչինչ էլ չի եղել. «Ոչ մի լրտես էլ չկա, դրանք ընդամենը ուսումնավարժանքներ են եղել: Ուղղակի այնքան լավ են անցկացրել, որ ժողովրդի մոտ նման տպավորություն է ստեղծվել»: Ի դեպ, այս ամենը հատկապես խուճապ է առաջացրել եղեգնաձորցիների մոտ: Եղեգնաձորում ասում են, թե այդ լրտեսները երեխա առեւանգելու փորձ են արել:



Նույնիսկ պատմեցին, որ այդ մարդիկ մոտեցել են մի երեխայի եւ առաջարկել տուն տանել, սակայն երեխան հրաժարվել է: Նրանք պնդել են, որ իր հայրն է ուղարկել, սակայն երեխան ասել է, որ իր հայրը Երեւանում է, եւ համոզողը հեռացել է: Թե որքանով է հավաստի այդ վարկածը, դժվար է ասել, բայց որ եղեգնաձորցիները խուճապի մեջ են, ակնհայտ է: Այս օրերին դպրոցներում եւ մանկապարտեզներում խուսափել են նույնիսկ ընդմիջում անել, որպեսզի երեխաները շենքից դուրս չգան: Եթե այդ ամենը ընդամենը ՀՀ ԱԱԾ-ի կազմակերպած ուսումնական վարժանքներն են եղել, ապա ինչո՞ւ են մի քանի օր շարունակ ահաբեկել եւ խուճապի մեջ պահել քաղաքացիներին: Այս կապակցությամբ ԱԱԾ խոսնակ Արծվին Բաղրամյանն ասաց. «Ոչ մի խուճապ էլ չի առաջացել: Եթե չգրեին այդ մասին, ոչ մի խուճապ էլ չէր առաջանա»:



Սակայն մեր հավաստի տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ ճանապարհի Վայք մտնող հատվածում, ինչպես նաեւ դեպի Ջերմուկ տանող ճանապարհին Ռազմական ոստիկանությունը մանրազնին ստուգում է քաղաք մտնող եւ դուրս եկող բոլոր ավտոմեքենաները: Ստուգում են ավտոմեքենաների թափքը, մեքենայի եւ վարորդի փաստաթղթերը: Երեւանից Վայք գնացող մի քաղաքացու հարցին, թե ինչի համար են այդ ստուգումները, ոստիկանները պատասխանել էին. «Ուժեղացված ծառայություն է, պարտադիր ստուգում են բոլոր մեքենաները»:



Ռազմական ոստիկանությունից որեւէ բան պարզել չհաջողվեց: Իսկ ԱԱԾ խոսնակը, մեր իրականությունը պարզելու փորձերից զայրացած, անջատեց հեռախոսը: Նրա տարօրինակ պահվածքը, Եղեգնաձոր-Վայք տանող ճանապարհին զինված ռազմական ոստիկանների առկայությունը եւ տեղի բնակիչների խուճապն ու անհանգստությունը թույլ են տալիս կասկածել, թե այդ ամենն ընդամենը ԱԱԾ-ի կազմակերպած ուսումնական վարժանքներ են եղել:



ՀԳ - Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Երասխավանի հատվածից սահմանն անարգել հատելու երկու ապօրինի դեպք էր գրանցվել, որոնց մենք անդրադարձել էինք, սակայն դրանք ոչ միայն չբացահայտվեցին, այլեւ խնամքով թաքցվեցին: Եվ բնավ էլ զարմանալի չի լինի, եթե հաստատվի, որ այդ մարդիկ իրականում լրտեսներ են եղել եւ ոչ թե ԱԱԾ-ականներ: