Վարչապետի դասը ուսանողներին չհետաքրքրեց

Վարչապետի դասը ուսանողներին չհետաքրքրեց
Երեկ Ուսանողների միջազգային օրն էր: Որոշ պաշտոնյաներ կատարյալ տոն դարձրին օրը՝ անձամբ բուհ այցելելով: Արմեն Աշոտյանն ու Տիգրան Սարգսյանը  առավոտ գիշերով ժամանել էին Երեւանի ճարտարապետության եւ շինարարության, ինչպես նաեւ ճարտարագիտական համալսարաններ: Կարմիր ժապավեններ կտրեցին, վերանորոգված լսարաններում պտտվեցին, վերջում հավաքվեցին Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում, ու սկսվեց տոնական ցերեկույթը: Դահլիճը շողշողում էր ՀՀԿ-ականների կրծքին փակցրած «զնակների» փայլից:



Տպավորություն էր, որ ոչ թե ուսանողական հավաքույթ է, այլ կուսակցական ժողով: Սկզբում թվում էր, թե ընձեռված հնարավորությունն օգտագործելով՝ հարցախեղդ կանեն գործադիրին, սակայն շատերը նույնիսկ Տիգրան Սարգսյանի դասախոսությունն արհամարհեցին, ու կեսից գրանցվեց ձանձրույթի հետեւանքով ծագած միգրացիա, ինչին, վստահ ենք՝ վարչապետն ըմբռնումով կմոտենա, ինչպես աշխատանքային ու կրթական միգրացիային: Ուշագրավն այն է, որ նրա խոսք ու զրույցին ունկնդրելու եկած ուսանողությունը թեկուզ ցուցադրական հարգանք չտածեց երկրի վարչապետի հանդեպ, երիտասարդ ինտելիգենցիան լքեց դահլիճը՝ թքած ունենալով թեկուզ քաղաքավարության տարրական կանոնի վրա:



Թերեւս ոչ մի թույլ դասախոսի դասին այդպիսի աշխուժություն չէր նկատվել, որքան բարձրաստիճանների դասին, այն դեպքում, երբ դուռը մի խումբ թիկնապահներով հսկվում էր ներսից ու դրսից: Ակտիվ տեղաշարժին դեմքի ջղաձիգ շարժումներով արձագանքեցին դասախոսներն ու ռեկտորը, Աշոտյանի դեմքի արտահայտությունը վկայում էր, որ ինքն էլ է զարմացած ու հիասթափված ուսանողության վերաբերմունքից:



ՄԻԳՐԱՑԻԱՆ ՆՈՐՄԱԼ Է, ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ



Արմեն Աշոտյանը, որպես կրթության ոլորտի գլխավոր պատասխանատու, պարզապես ուղեկցում էր Սարգսյանին եւ ոչ մի բառով հանդես չեկավ: Տիգրան Սարգսյանի՝ գիտելիքների կարեւորությանը նվիրված լեկցիային հաջորդեց հարցուպատասխանը: Ուսանողներից մեկը հետաքրքրվեց օտարալեզու դպրոցների հիմնադրման հետ կապված քննադատությունների վերաբերյալ վարչապետի կարծիքով: «Արդյո՞ք այնպիսի ռիսկ կա հանրապետությունում, որ մենք կդառնանք մի ազգ, որը հայերեն գրել-կարդալ չգիտի:



Ես կարծում եմ, որ մեր քննադատները գերագնահատում են այդ ռիսկը եւ թերագնահատում այն ռիսկը, որ մենք այսօր աշխարհից  կարող ենք մեկուսանալ՝ օտար լեզուներ չիմանալով»,-վերլուծեց Տիգրան Սարգսյանը՝ հանգելով այն եզրակացության, որ ազգադավ ծրագրի դեմ ընդվզողներն  ագրեսիվ կամպանիա են սկսել: «Նրանք գիտակցո՞ւմ են, որ մենք ունենք այլ մարտահրավեր, այլ լրջագույն խնդիր, էլ չեմ ասում Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի մասին, որ մեզ պետք  են մասնագետներ, որոնք փայլուն տիրապետում են օտար լեզվի:



Ես ընդամենը ուզում եմ, որ մենք մեր քննադատության մեջ լինենք հավասարակշռված»,-անսպասելի բորբոքվեց վարչապետն ու  հորդորեց կառավարության կայքում ծանոթանալ  այդ փաստաթղթի քվեարկության արդյունքին, ըստ որի՝ քաղաքացիների 75 տոկոսը քվեարկել է դրական, 25 տոկոսը պարզապես համաձայն չէ, իսկ 25-ի 6 տոկոսն էլ ագրեսիվ անհամաձայնություն է հայտնել: «Բայց ագրեսիվ անհամաձայնությունը շատ ավելի լսելի է, քան 75 տոկոս համաձայնությունը»,-ասաց նա: Սակայն ելույթի ուշագրավ հատվածն այն էր, որ արդարացրեց աշխատանքային արտագաղթը:



Երբ հարց հնչեց, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռք առնում կրթված երիտասարդության աշխատանքային արտագաղթը կանխելու ուղղությամբ, Տիգրան Սարգսյանն ըստ էության ասաց, որ իրենք միգրացիան խրախուսում են. «Ժամանակակից կրթված մարդը, որ գիտի մի քանի լեզուներ, ինքն ավելի մոբիլ է, եւ այդ մարդու զարգացման ինքնաիրացման համար անհրաժեշտ պայման է միգրացիոն ակտիվությունը: Նա պետք է հնարավորություն ունենա սովորել ու աշխատել տարբեր երկրներում, փորձարկել իր կարողությունները:



Այդ տեսակետից դա համաշխարհային բնական միտում է՝ միգրացիայի ավելի բարձր մակարդակ, եւ մենք այդ առումով պետք է ստեղծենք  բարենպաստ պայմաններ, որ մեր քաղաքացիները նույնպես միգրացիոն մոբիլությունից օգտվեն ինքնաիրացման իրենց կարողությունները դրսեւորելու համար»: Իսկ միգրացիան կնվազի, եթե «մոտակա 10 տարում բարեփոխումները հաջող ընթացք ունենան»: Վերջում վարչապետն ուսանողներին հրավիրել է կառավարության Ընդունելությունների տուն՝ մասնակցելու օրվա առթիվ կազմակերպված երեկույթին: Կարճ ասած՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ մի լավ տժժաց Տիգրան Սարգսյանը:



ԲԱ ԲԱՆԱԿԻ PR ԱԿՑԻԱՆ…



Վերջերս ակտիվորեն գովազդում են բանակի եւ Սեյրան Օհանյանի թեման: Բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքին ու կարծիքին որպես հակակշիռ՝ համալսարանական ակտիվը երեկ «Գնում ենք բանակ» կարգախոսով ակցիա էր անում՝ երթով շարժվելով Եռաբլուր: Իհարկե, կարգախոսը լավ են մտածել, բայց որպեսզի նպատակին ծառայեր, թերեւս ճիշտ կանեին, որ երթով ու հերթով բանակ զորակոչվեին, թե չէ Եռաբլուր բոլորն էլ կարող են խանդավառված գնալ ու հետ գալ, անկախ բանակի մասին պատկերացումներից: Այս մանկապատանեկան միջոցառումն ավարտվել է Սեյրան Օհանյանի հետ հանդիպումով: Պաշտպանության նախարարը առիթն օգտագործելով՝ դարձյալ կրկնել է բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքի ու ընդհանրապես առկա արատավոր երեւույթների առաջացման սկզբնապատճառներն ու կանխարգելելու ուղղությամբ իրենց ջանքերը: