Քարամյանը Սիմոնյանի՞ն ի նկատի ունի

Քարամյանը Սիմոնյանի՞ն ի նկատի ունի
Սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը, որը ոչ վաղ անցյալում ԵՊՀ պրոռեկտոր է եղել ու Սիմոնյանի թեւի տակ ծվարած աճել-հասել ընդհուպ ախոյանի աստիճանի, երեկ շշմեցնող դատողություններ է արել իր շուրջ ծավալված հրապարակումների վերաբերյալ:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր ռեկտորական նկրտումների վերաբերյալ լուրերին, ասել է, թե դա շրջանառության մեջ են դնում համալսարանական կոռումպացված չինովնիկները: Քարամյանի համարձակությունն այսքանով չի սահմանափակվել, նա հրապարակավ պաշտպանել է ԵՊՀ-ում իր կատարածուների երամին՝ նույնիսկ հերոսացնելով նրանց:



«Լուրերը տարածել են մարդիկ, ովքեր վախենում են, որովհետեւ երբ համալսարանի խորհրդի նախագահը հրապարակային ելույթի ժամանակ ասում է՝ կեցցե այն համալսարանը, որը վաղն է գալու, մարդիկ վախենում են այդ գաղափարից: Վաղվա համալսարանը չի կարող լինել կոռումպացված, վաղվա համալսարանում այդպիսի մարդիկ տեղ չեն ունենալու»,-կրքոտ ելույթ է ունեցել ԵՊՀ երիտասարդության վերջերս ՀՀԿ-ացված կուրատորը: Ճիշտ է, Քարամյանի համարձակությունը սահմանափակվել է անանուն մեղադրանքներով, բայց պարզ է, որ նա ակնարկել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ու նրա թիմակիցներին: Մենք արդեն գրել ենք, որ այս երկու թիմերը լուրջ տարաձայնություններ ունեն, երբեմն այդ տարաձայնությունները հասցնում են խայտառակ սկանդալների, որոնք մայր բուհում դարձել են սովորական երեւույթ: