Բամբասանքն էր ի սկզբանե

Բամբասանքն էր ի սկզբանե
Մենք սովոր ենք գրողներին պատկերացնել ներշնչանքի պահերին կամ մենակության մեջ երկունքի ցավ քաշելիս, ինչպես սովորաբար ներկայանում են նրանք տեսախցիկի առաջ եւ տեսախցիկի համար, բայց երբ մոտակայքում տեսախցիկ չկա, նրանց ամենեւին էլ խորթ չեն մարդկային արատները։ Ավելին՝ գրողներն ամբողջությամբ մարդկային արատներից են բաղկացած, եւ զարմանալի չէ, որ այդքան լավ են նկարագրում դրանք։ Բոլոր արատներից գրողների համար ամենասիրելին բամբասկոտությունն է։ Գրողները շատ բամբասասեր ժողովուրդ են։



Որ իրար գլխի են հավաքվում, էլ իրենից քիչ թե շատ ինչ¬որ բան ներկայացնող ոչ մեկը չի կարող խուսափել բամբասանքի առարկա դառնալուց։ Սովետից գրողների հանգստյան տներ կան մնացած՝ կառուցված մի նպատակով, որ գրողները կարողանան մեկուսանալ ու երկնել։ Բայց այդ հանգստյան տներում մեկուսանալն ամենից ավելի դժվարն է, որովհետեւ պատերը ստվարաթղթից են, իսկ պատի հակառակ կողմում միշտ առնվազն երկու գրող բամբասում են։ Սկզբում իրար հետ են բամբասում, հետո իրարից են բամբասում, ու այդպես շարունակ։



Երբեմն բամբասում են ինքնամոռաց ու ուշաթափության աստիճանի, եւ դժվար է լինում նմանօրինակ բարձրարվեստ բամբասանքի մեջ չներքաշվելը, իսկ ներքաշվելուց հետո դժվար է լինում անջատվելը, քանի որ գնացողը միշտ գիտի՝ հենց ոտը քաշեց, բամբասանքի առարկան ինքն է։ Լինում են, իհարկե, ոգու բացառիկ արիության ու կամքի բացառիկ ուժի տեր գրողներ, որ հենց սկզբից կտրականապես մերժում են բամբասելու ամեն առաջարկ ու մեկուսացման մեջ ստեղծագործելու անհաջող փորձեր են անում, բայց նրանց տարբերությունը բամբասողներից նույնն է, ինչ ակտիվ ու պասիվ ծխողի տարբերությունը։ Եթե նույնիսկ չեն բամբասում, ակամա բամբասանքի ունկնդիր են դառնում, ընդ որում այդ բամբասանքը հաճախ չի շրջանցում իրենց անձը։



Քանի որ նման տներում բամբասանքից հնարավոր չէ խուսափել, ամենակարեւորը հենց սկզբից տաղանդավոր բամբասակից գտնելն է։ Որակյալ բամբասանքի ունկնդիր եւ ինչու ոչ՝ մասնակից դառնալը երբեմն շատ էլ հաճելի է։ Կա բամբասանք, որ իրենից բարձր գեղարվեստական արժեք է ներկայացնում։ Բայց անտաղանդ բամբասանքը ամենաորակյալ նյութն էլ կփչացնի՝ վերածելով պարզունակ չարախոսության։ Իսկ գրողները, հայտնի է, միշտ չէ, որ տաղանդավոր են լինում։ Հաճախ նրանք բոլորովին զուրկ են լինում տաղանդից։



Տարիներ առաջ այդպիսի մի հանգստյան տանը հանգստանում էի ու քանի որ տաղանդավոր բամբասակից չգտա, մեկուսացած ստեղծագործելու հուսահատ ճիգեր էի անում։ Բայց ստվարաթղթե պատերից լսվող ամեն բառը վիրավորանք էր բամբասանքի հասցեին։ Դա ըստ էության բամբասանք էլ չէր, այլ թույնի ու թարախի ցփնում բոլոր ուղղություններով, որը պատահում էր՝ չէր խնայում անգամ դիմացինին։ Այնքան էի զզված ինքնուս բամբասչիների այդ կույտից, որ անգամ ճաշարան չէի ուզում գնալ։ Բայց դե, առանց սնվել էլ չի լինի, իսկ նրանք հացի վրա ու ճաշի մեջ էլ էին թույն ու թարախ ցանում։



Ուտում էի թույնով ու թարախով առատորեն համեմված այդ ճաշերը ու ոչ միայն չէի կշտանում, այլեւ զգում էի, որ ուր որ է աղեստամոքսային թունավորում կունենամ։ Ստամոքսս պատռվում էր կերածիցս, հոգիս՝ համատարած ապաշնորհությունից, որ տիրում էր հանգստյան տանն այդ տարի։ Սենյակում էլ անկարելի էր հանգստություն գտնել, քանի որ գրողները նախաճաշից, ճաշից ու ընթրիքից հետո սովորություն ունեն սրճելու միմյանց սենյակներում։ Երկու հարեւաններիս սենյակներում էլ առավոտից իրիկուն եռում էր անորակ բամբասանքը, եւ բլթբլթոցը խառնվում էր իրար իմ սենյակում։



Որոշեցի մի քիչ մաքուր օդ շնչել ու դուրս եկա։ «Ինչպե՞ս կարելի է լինել այդքան ապաշնորհ ու չարացած,-մտածում էի քայլելով,-եւ ո՞նց է հաջողացրել Աստված, որ էդ մարդկանց շնորհքի մի հյուլե անգամ չի տվել»։ Աստծո անարդարության ու անհավասարության մասին էի մտածում, երբ դեմս հառնեց Աստծո հարսը՝ հնամենի եկեղեցին։ Եկեղեցին նոր էր վերանորոգվել, դեռ պատարագ չէին մատուցում, բայց արդեն սկսել էին մոմ վաճառել։ Մոմավաճառը տեղում չէր, ոչ մի մարդ չկար, եւ ես վերջապես հանգիստ գտնելու հույսով փռվեցի նստարանին։



Եկեղեցում կատարյալ հանգստություն էր ու լռություն, որ Աստված նվիրում էր ինձ՝ հավանաբար տեսնելով հոգուս փոթորիկը։ «Էս գրողներն ինձ հավատացյալ կդարձնեն»,-մտածեցի՝ աչքերս փակելով ու ըմբոշխնելով լռությունը։ Մեկ էլ ինչ¬որ ձայն լսեցի՝ սկզբում շատ խուլ ու անվերծանելի, ասես անդրաշխարհից գալիս լիներ։ Ականջս սրեցի ու գտա աղբյուրի ճիշտ տեղադրությունը. ձայնը բեմից ու խորանից էր բխում՝ այնտեղից, որտեղ դրված էր Հիսուսի մեծադիր պատկերը։ Դա մի ձայն չէր, այլ մի քանի ձայն՝ իրար խառնված։ «Աստված իմ, հրեշտակների բվվոցն է,-մտածեցի,-հրաշք, որի մասին կարող է երազել հավատացյալը, բայց այդ հրաշքը Տերն ինձ՝ անհավատիս է նվիրում»։ Ապշանքի, վախի ու խանդաղատանքի խառը զգացումով սկսեցի ականջ դնել, որ հասկանամ՝ ինչ է ուզում ասել ինձ Տերը կամ թե չէ՝ հրեշտակները, մի խոսքով՝ ի՞նչ պատգամ, ի՞նչ հորդոր...



-Դա գիտե՞ս ինչքան փող ա տվել, որ եպիսկոպոս ա դառել...



-Տո չէ հա, կաթողիկոսի ախպոր տղեն ա...



-Ասում են՝ Վեհի տղեն ա, ուղղակի ախպերը որդեգրել ա...



-Դե լավ հա, չեմ հավատում, կաթողիկոսի ինչի՞ն ա պետք տղեն։



-Խի՞ ինչին ա պետք, բա էդքան բիզնեսներ ունի, հո գյոռը չի տանելու։



Ձայները գերբնական չէին, այլ գալիս էին տնտեսական սենյակից, որ տեղակայված էր բեմի հետնամասում։ Հրեշտակների անդրկուլիսյան բվվոցը չէր փաստորեն, եկեղեցու սպասավորներն էին բամբասում եկեղեցական անցուդարձից։ Բայց բամբասանքը ճիշտ Հիսուսի պատկերից էր բխում, եւ դրանից նրա դեմքի արտահայտությունը չէր փոխվում՝ ոչ հանդիմանանք, ոչ տխրություն... Ու եթե ինչ¬որ արտահայտություն էլ կար Հիսուսի դեմքին, ապա միայն հետաքրքրված ու մի քիչ չարաճճի, ինչպիսին ունենում են բամբասողների դեմքերը։



Ես հիմա չեմ կարող ճշգրտորեն վերարտադրել տարիներ առաջ լսածս բամբասանքը, եւ դա կարեւոր էլ չէ։ Կարող եմ ասել, քննարկվում էր եկեղեցու բարձրաստիճան եւ կուսակրոն այրերի սեռական կյանքն ու թվարկվում նրանց բիզնեսները։ Եկեղեցու սպասավորների բամբասանքը չուներ տաղանդի հատուկ դրոշմ եւ ավելի հետաքրքիր ու որակյալ չէր, քան գրողների տանը մեկուսացած ստեղծագործող գրողներինը։ Այնպես չէ, թե այն բոլորովին զուրկ էր ինֆորմացիայից եւ լսելը որեւէ իմաստ չուներ, բայց ժամերով լսելու բան էլ չէր, եւ ես վեր կացա աթոռից, որ դուրս գամ։



-Սըս, սըս...-լսվեց խորանից։ Հրեշտակներն իսկույն պապանձվեցին, եւ նրանցից մեկը դուրս թռավ տնտեսական սենյակ տանող դռնից:



-Ի՞նչ ա պետք,-ասաց հրեշտակը, որ հայ տան կնկա դեմք ուներ։



Դե արի ու սրան հասկացրու, որ խաղաղություն եմ ուզում։



-Մոմ ե՞ք ուզում,-հուշեց։



-Չէ,-ասացի,-շնորհակալ եմ, արդեն գնում եմ։



Դրսում օդը մաքուր էր ու սառը, եւ ստած կլինեմ, եթե ասեմ, թե ներսումս խաղաղություն չկար։ Աստված ասես իսկապես էլ խոսել էր հետս, իսկ ավելի ճիշտ՝ բամբասել։ Քայլում էի ու մտածում՝ միգուցե բամբասանքը ոչ թե գրողներին է հատուկ, այլ հայերի՞ն։ Չէ, բամբասանքը մարդուն է հատուկ եւ մարդու չափ հին է։ Իսկ միգուցե մարդուց է՞լ է հին։ Եթե Աստված մեզ ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, պիտի որ ինքն էլ բամբասանքի սիրահար լինի։ Պատկերացրեցի՝ ինչքան տխուր ու անհետաքրքիր կլիներ Աստծո կյանքը մինչեւ մարդու արարումը։



Միգուցե Աստված հենց այդ նպատակով է ստեղծել մարդուն, որ կարողանա բամբասել ու բամբասանք լսել։ Եվ ի՞նչ է խոստովանությունը, եթե ոչ այլասերության հասցված բամբասանք, երբ մարդ սկսում է բամբասել ինքն իրենից։ Եվ ի՞նչ է հայտնությունը։ Իսկ միգուցե բամբասանքն Աստծո՞ւց էլ հին է։ Կարող է Աստվածաշունչն արտագրող գրիչները վրիպակ են թույլ տվել կամ չափազանց լրջմիտ ու տափակ լինելով, Աստծուն իրենց արշինով են չափել եւ նեղմտորեն ու ապաշնորհաբար խմբագրել են պատմական ճշմարտությունը։ Ո՜վ իմանա։ Չգիտեմ, բայց զգացողություն ունեմ, որ ի սկզբանե բանը չի եղել, այլ բամբասանքը։