Պետական ցինիզմը սահման չունի

Պետական ցինիզմը սահման չունի
Երբ ժողովրդի՝ հանապազօրյա հաց վաստակելու խնդրով մտահոգված հայոց կառավարությունը նվազագույն աշխատավարձը 30 հազարից բարձրացրեց 32,5 հազար դրամի, մի շարք քաղաքական գործիչներ հայտարարեցին, թե դա քիչ է, գոնե 10 հազար դրամով էլ բարձրացվեր: Եվ ոչ ոք չփորձեց մտնել գործադիրի վիճակի մեջ, վերլուծել ու հասկանալ, որ կառավարության առջեւ լուրջ մարտահրավերներ կան, որոնց համեմատությամբ աշխատավարձի հարց բարձրացնելը ոչ այլ ինչ է, քան փոքրոգություն, դավաճանություն եւ թշնամու ջրաղացին ջուր լցնել: Չէ որ գոյություն ունեն ավելի առաջնային ու մեծ ծախսեր պահանջող հարցեր, քան ինչ-որ քրջոտ աշխատավարձ:



Օրինակ երեկ հրատապ լուծվեց մի օրհասական խնդիր եւս: Կառավարությունը 119 միլիոն դրամ՝ մոտ 330 հազար դոլար հատկացրեց 11 ծառայողական մեքենա ձեռք բերելու համար, որից երկուսը՝ մշակույթի նախարարության համար, մեկական՝ տրանսպորտի եւ կապի ու արտակարգ իրավիճակների նախարարություններին, Քաղաքացիական ծառայության խորհրդին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Մեկական մեքենա էլ կստանան Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարանները:  Մեքենաների միջին արժեքը կազմելու է 30-35 հազար դոլար: Տեսնես ինչո՞վ է պայմանավորված այս անարդար մոտեցումը, մինչդեռ կարելի էր Ամանորի շեմին բոլոր գերատեսչություններին մեկական մեքենա նվիրել: