Գեւորգ Դանիելյան. Խմբագիրների պահանջը չգիտեմ որքանով է իրավաչափ

Գեւորգ Դանիելյան. Խմբագիրների պահանջը չգիտեմ որքանով է իրավաչափ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ «Կոշ» ՔԿՀ-ում կատարված հարձակման առթիվ ավելի քան մեկ տասնյակ խմբագիրներ արդեն մի քանի օր է՝ հանդես են գալիս հայտարարություններով եւ ասուլիսներով, բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով ապահովել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը եւ ազատ արձակել նրան: ՀՀ իշխանությունը դրան որեւէ կերպ չի արձագանքում:



Հայտնի է միայն, որ դեպքից հետո «Կոշ» ՔԿՀ-ում պատժի են ենթարկել Փաշինյանին` նրան տեղափոխելով պատժախուց: Խորհրդարանում հանդիպելով արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` այս առիթով մի քանի հարցեր ուղղեցինք նրան: Ճիշտ է, նախարարի նյարդերը տեղի տվեցին, եւ նա չպատասխանեց բոլոր հարցերին՝ ընդհատելով մեր զրույցը, բայց որոշ հարցերի պատասխաններ ստացանք:



- Պարոն նախարար, խմբագիրները բողոքի ակցիաներ են անցկացնում եւ համատեղ հայտարարություններ անում` պահանջելով ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու ազատ արձակել նրան: Ո՞րն է Ձեր արձագանքը, Դուք ի՞նչ եք անում այդ առթիվ:



- Ինձ համար որեւէ դատապարտյալի անվտանգության պահանջը անկեղծ հասկանալի չէ: Չի կարելի մարդուց պահանջել մի բան, որի նախ լիազորությունը չունես, եւ որը արդեն մտնում է այդ պաշտոնատար անձի լիազորությունների մեջ: Այսինքն ի՞նչ է նշանակում պահանջել, եթե բնականաբար դրա համար կան իրավասու մարմիններ, իրենք պատասխանատու են դրա համար, եւ պահանջելը… չգիտեմ որքանով է դա իրավաչափ:



- Այսինքն խմբագիրների պահանջը ոչ իրավաչա՞փ է:



- Եթե արդեն կան պաշտոնատար անձինք: Արդարադատության նախարարն իր մասով, այսինքն  վերահսկողության մասով, որոնք պարտավոր են դա անելու, պահանջելը մի քիչ իրավաչափ չի, տրամաբանական չի:



- Այսինքն Դուք ընդունում եք, որ նաեւ Դուք եք պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման:



- Ես նման բան ասացի՞:



- Դուք ասում եք, որ անվտանգության ապահովումը Ձեր պարտականությունն է:



- Ես ասացի` անվտանգության համար պատասխանատու են իրավասու մարմինները, նախարարն էլ իր մասով, վերահսկողության մասով: Երկրորդը` եթե կլինեն դեպքեր, որ  մենք արձանագրելով, հիմքեր կունենանք համոզվելու, որ իսկապես եղել են հարձակումներ, ապա ինչպես նաեւ ցույց է տալիս նախորդ դեպքերի փորձը, անպատճառ կհարուցվի քրեական գործ` նայած ինչ է տեղի ունեցել, կամ կնշանակվի ծառայողական քննություն, ինչը մշտապես արվել է, եւ չեմ կարծում, որ ինչ-որ նոր բան կա: Ես ուզում եմ, որ լրատվության միջոցներին փոխանցվի, որ բոլոր դեպքերում, այն անձանց, որոնց նկատմամբ որոշ լրատվամիջոցներ մշտապես կարծես թե ունեցել են կանխակալ կարծիք, համոզվել են, որ եթե տեղի է ունեցել բռնության կամ հարձակման որեւէ դեպք, ապա դրանք անմիջապես արձագանք ստացել են մեր կողմից: Հետեւաբար այս դեպքը չէր կարող տարբերվել մյուսներից:



- Այսինքն դեռ համոզված չե՞ք` դեպքը տեղի է ունեցել, թե ոչ: Նաեւ Ձեզ որոշակի ապացույցներ են, չէ՞, փոխանցվել` արյունոտ բծերով սավան, գիշերազգեստ:



- Առայժմ ինձ ներկայացված նյութերով որեւէ լիարժեք փաստ չի վկայում այն մասին, որ նման դեպք է տեղի ունեցել: Մենք հաստատապես պնդում ենք, որ նման դեպք տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նախանշված, այսպես կոչված՝ իրեղեն ապացույցներին, այդ մասին խոսվել է բազմիցս, որ դրանք ընդունված կարգով հետազոտվել են: Ավելին, նաեւ նշեմ այն մասին, որ եթե լինեն միջնորդություններ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու, մենք որեւէ խոչընդոտ չենք ստեղծի, եթե նման միջնորդություն իսկապես լինի:



- Եթե արյունոտ սավանը Ձեզ չի համոզում, ի՞նչ պետք է լինի, որ Ձեզ համոզի, որ դեպք է տեղի ունեցել: Այսինքն` արյունոտ դոշա՞կ պետք է լիներ:



- Չէ, դժվար... Ինչքան հարցեր ունեիք, ես պատասխանեցի, հիմա չի շարունակվում հարցազրույցը:



Հ.Գ. - Երեկ հայաստանյան լրատվամիջոցների 12 ղեկավարներ «Հայկական ժամանակի» խմբագրությունում համատեղ ասուլիս տվեցին եւ պահանջեցին ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին: Ասուլիսի մասնակիցները վերջին երկու միջոցառումներն աննախադեպ անվանեցին եւ հայտարարեցին, որ առաջիկայում եւս հանդես են գալու համատեղ ակցիաներով՝ այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հայտնվի ազատության մեջ: Նրանք միասնական էին կատարվածի վերաբերյալ գնահատականներում՝ անթույլատրելի է, որ Նիկոլ Փաշինյանը բանտում է, նրա՝ բանտում գտնվելու միակ պատճառը քաղաքական գործունեությամբ զբաղվելն է:



Կարծիքները տարբեր էին միայն այն հարցում, թե ում է պետք դիմել եւ ինչ պահանջով, որ Նիկոլն ազատ արձակվի: Խմբագիրները պատրաստակամ էին դիմելու պայքարի ամենաարտառոց միջոցների եւ ասուլիսից հետո քննարկեցին այդ առումով առաջիկա անելիքները: Երեկ արդեն մի շարք հայաստանյան կայքերում տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ ազատության պահանջով: Այդ նկարները կմնան կայքերում մինչեւ Փաշինյանի ազատ արձակումը: