Էլի ՕԵԿ-ական

Էլի ՕԵԿ-ական
ՀՀ գյուղնախարարի որոշմամբ ՕԵԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Միրզոյանը նշանակվել է ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության սննդամթերքի բաժնի պետի գլխավոր մասնագետ` պետի պաշտոնակատարի գործառույթներով: Գ. Միրզոյանը քաղաքի ավագանու անդամ է, նախկինում Եվրոպական կրթական ակադեմիայի Կապանի քոլեջի տնօրեն է աշխատել: Այս տարվա ամռանն ազատվել է աշխատանքից: Նա հայտարարել էր, որ հավանաբար կուսակցության որոշմամբ զբաղվելու է բիզնեսով:



Իսկ թե սա ինչ բիզնես կլինի նորանշանակ քաղծառայողի համար` ժամանակը ցույց կտա: Առաջիկայում այս պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: Ի դեպ, մեր թերթին վերջերս տված հարցազրույցում երիտասարդ ՕԵԿ-ականը հարազատ կուսակցությունն ընտանիքից վեր էր դասել: Գ. Միրզոյանը գործազուրկ լինելու ամիսներին կուսակցաշինությամբ է զբաղվել, իր իսկ խոսքով՝ մեծացնելով կուսակիցների   շարքերը: Թերեւս նվիրյալ երիտասարդի արգասիքը գնահատել են վերեւում ու պաշտոն տվել:



Գերասիմ Ալավերդյանի մեկ այլ որոշմամբ նորանշանակ պետի պաշտոնակատարին «Նիվա» ծառայողական ավտոմեքենա է հատկացրել ու համակարգիչ: Նշենք, որ բաժնի նախկին պետը` Արշակ Ղուկասյանը, հիվանդության պատճառով մի քանի ամիս է, աշխատանքի չի գալիս: Նա օրենքով սահմանված կարգով անաշխատունակության թերթիկ ունի: Ավելացնենք, որ Գ. Միրզոյանի հայրը` Վոլոդյա Միրզոյանը, Կապանի անտառտնտեսության պետն է: