Ճոխությունը՝ ճգնաժամը հաղթահարելու ճանապարհ

Ճոխությունը՝ ճգնաժամը հաղթահարելու ճանապարհ
Պետական կառավարման մարմինների համար  նոր ծառայական ավտոմեքենաներ ձեռք բերելու կառավարության որոշումը հայաստանյան իրականության լավագույն պատկերն է ներկայացնում: Հայաստանյան իշխանությունները չհասկացան, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է խոր ճգնաժամի մեջ եւ այդ ճգնաժամը պայմանավորված չի եղել 2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Դա չհասկացան նախկին ղեկավարները, չեն հասկանում նաեւ գործող ղեկավարները: Այս է պատճառը, որ նրանք շարունակում են իրենց ճոխությունները:



Հարցը չի կայանում նրանում, թե քանի մեքենա կգնեն, ինչ գումարով կգնեն: Միգուցե անհրաժեշտ է, չնայած ես դա շատ մեծ հարցականի տակ եմ դնում: Այլ հարցը կայանում է նրանում, որ ճգնաժամի պայմաններում, Հայաստանի տնտեսության այսօրվա պայմաններում, երբ իսկապես արդեն աղքատության մեջ գտնվողների թիվը մոտավորապես 50 տոկոս եւ ավելի է կազմում, իշխանությունն առաջին հերթին պետք է իր ծախսերը սահմանափակի եւ կրճատի, բայց նա չի կարող դրա մասին մտածել, եւ շատ տարօրինակ կլիներ, որ հայաստանյան այսօրվա իշխանություններն այդպիսի քայլեր անեին:



Առավել եւս այսօրվա բյուջեի քննարկումները ցույց են տալիս, որ իշխանությունները շարունակում են իրենց ճոխ ապրելակերպը: Դա կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք գոյություն ունեն, որովհետեւ այսօրվա գործող իշխանությունը որեւէ պատասխանատվություն չի կրում Հայաստանի քաղաքացիների առջեւ, որովհետեւ նա շատ լավ գիտի, որ այդ քաղաքացիներն իրեն չեն ընտրել, իրենք են իրենց այդ կոչումները կամ պաշտոնները տվել: Դա է պատճառը, որ իրենց թույլ են տալիս մեր՝ ՀՀ քաղաքացիներիս գրպաններից փողերը գողանալով (ես իրավունք ունեմ այդ բառն ասել), իրենց հաճույքների համար մեքենաներ էլ գնել, գործուղումների գինն էլ ավելացնել, Ազգային ժողովն էլ վերանորոգել: Աշխարհում երեւի քիչ կան կամ ընդհանրապես չկան նման պետություններ, որոնք այս տարիներին որպես ճգնաժամը հաղթահարելու ճանապարհ ընտրում են ոչ թե խնայողությունը, այլ ճոխությունը: Մենք, ինչպես միշտ, յուրահատուկ ենք դառնում:



Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱԿ տնտեսագետ