Փոփոխություն չի տեսնում

Փոփոխություն չի տեսնում
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեքշաբթի օրը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ելույթ ունենալով` անդրադարձել էր քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին եւ կոշտ գնահատականներ հնչեցրել (այս մասին նախօրեին մամուլով հայտարարել էր Դավիթ Հարությունյանը): Երեկ հայաստանյան պատվիրակությունը վերադարձել էր Ստրասբուրգից, եւ մենք մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից:



«Ես, ճիշտն ասած, չեմ տեսնում որեւէ փոփոխություն, ուղղակի իր այցելության ժամանակն է մոտենում, դրա համար նա ներկայացրեց իր հիմնական մտահոգությունները, թե ինչ հարցի վրա են կենտրոնանալու, իսկ փոփոխություն եւ դիրքորոշում ես չեմ տեսել: Միշտ հարցադրումները եղել են եւ որեւէ նոր հարցադրում չկա»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Առաջիկայում սպասվում է համազեկուցողների մոնիտորինգային հերթական այցելությունը Հայաստան: Դավիթ Հարությունյանը անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչների ազատ արձակման հարցում Հայաստանից ակնկալվող քայլերի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեց, որ պետք է հետեւել ԵԽԽՎ բանաձեւերի կատարմանը:



«Կոնկրետ ի՞նչ պիտի արվի» հարցին նա պատասխանեց. «Բանաձեւերում բոլոր պահանջները, որ ներկայացված են, այդ պահանջները կատարվեն»: «Այսինքն ազա՞տ արձակեն քաղբանտարկյալներին»: «Կարդացեք բանաձեւերը, որովհետեւ բանաձեւերին ուշադրություն դարձնելը շատ կարեւոր է, թե ինչ ձեւակերպումներ են այնտեղ գրված»,-նորից պատասխանից խուսափեց Դավիթ Հարությունյանը: