Քաղաքաշինության ոլորտում կոռուպցիա չկա՞

Քաղաքաշինության ոլորտում կոռուպցիա չկա՞
Կոռուպցիայի վերացման վերաբերյալ վարչապետի հանձնարարականների ու հայտարարությունների մեջ զարմանալիորեն նշված չէին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են քաղաքաշինությունն ու բնապահպանությունը: Հատկապես քաղաքաշինության հետ առնչվողները դժգոհում են այս ոլորտում առկա քաշքշուկներից ու կաշառքից: Երեկ մեր թղթակիցը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից հետաքրքրվել է, թե ինչու է իրենց ոլորտը վրիպել Տիգրան Սարգսյանի ուշադրությունից:



«Բնական է՝ բոլոր տեղերում էլ կոռուպցիա կա, կոռուպցիոն ռիսկեր կան, բայց որ մեզանից դժգոհություններ կան, ես համամիտ չեմ Ձեր հետ, կոնկրետ ո՞վ է ու ինչի՞ց է դժգոհ»,-հարցրել է նախարարը: Մեր թղթակցի դիտարկմանը, թե շինթույլտվությունների համար կաշառքից ու քաշքշուկներից քաղաքացիները շատ են դժգոհում, Վարդանյանը պատասխանել է. «Քաղաքաշինության նախարարությունը շինթույլտվություններ չի տալիս, դա տեղական համայնքների իրավասություններն ու լիազորություններն են, հետեւաբար այդ հարցը եթե կա, իրենց ուղղեք»:



Ապա  Վարդանյանը մի քիչ խոսեց իրենց ծրագրերից. «Մեր ոլորտում էլ բարեփոխումների կարիք կա, մենք հետեւողական աշխատանք ենք տանում, այդ աշխատանքը շարունակական է լինելու եւ, բնականաբար, ամեն ինչի պետք է գնալ: Մեր կառույցում էլ կան նեգատիվ երեւույթներ, մենք ամեն ինչի պետք է գնանք, որ էդ ամեն ինչը բարեփոխենք, վերացնենք»: