Ոչ թե հանեցին, այլ նշանակեցին

Ոչ թե հանեցին, այլ նշանակեցին
Կրթության եւ գիտության ոլորտի հակակոռուպցիոն ծրագիրը երեկ ներկայացվել է վարչապետի դատին ու հավանության արժանացել: Թեեւ ծրագիրը նախատեսում է դպրոցից մինչեւ բուհ առկա կոռուպցիայի վերացում, սակայն ոչ մի կադրային փոփոխություն՝ բոլոր կաշառակերները կմնան տեղում: Երեկ մեր թղթակիցը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է ոլորտի կոռուպցիան մաքրել այն աշխատակիցների միջոցով, ովքեր տասնյակ տարիներ նպաստել են այդ երեւույթի զարգացմանն ու խորացմանը:



Աշոտյանը պատասխանելու փոխարեն  շտապել է արդարանալ՝ հիշեցնելով վարչապետի հանձնարարականը. «Այս երկու շաբաթների ընթացքում սխալ են մեկնաբանվել հանձնարարականները: Վարչապետը նախ չի խոսել նախարարության կոռուպցիայի մասին, նա խոսել է ոլորտի կոռուպցիայի մասին, երկրորդը՝ կադրային փոփոխությունների մասին խոսելիս աշխատանքից ազատումների մասին հանձնարարականներ չեն եղել, կադրային փոփոխությունների հանձնարարականը վերաբերել է բուհական խորհուրդների կազմերի փոփոխությանը»:



Նախարարն այդպես էլ չի նշել երեւէ փոփոխություն, ավելին, ուրախությամբ ազդարարել է նոր փոխնախարարի նշանակման մասին: Խոսքը կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Կարինե Հարությունյանին փոխնախարար նշանակելու մասին է: Վերջինս ԾԻԳ-ի տնօրենն է հիմնադրման օրվանից, Համաշխարհային բանկի եւ մյուս միջազգային կառույցների՝ Հայաստանին տրամադրված վարկերի, այդ թվում՝ դասագրքերի տպագրմանն ուղղված միջոցների տնօրինողն է եղել տարիներ շարունակ: Եվ եթե այս ոլորտում կա կոռուպցիա եւ թերություններ, հաստատ Կարինե Հարությունյանը դրանցից անմասն չի եղել, եւ հուսալ, որ այդ թերությունները հնարավոր կլինի վերացնել նրա ձեռքով, պարզապես ռոմանտիզմ է: Ի դեպ, ըստ լուրերի, նա փոխնախարար է նշանակվել վարչապետի հետ ունեցած մտերմության շնորհիվ: