Ընտրությունը մերն է

Ընտրությունը մերն է
Գուցե շատ պարզունակ թվա, բայց երբ մեր երկրի առաջին դեմքերի այցելությունների գրաֆիկին ես հետեւում, շատ տխուր պատկեր է ի հայտ գալիս: Գրեթե բոլոր շփումները մեր «ավագ եղբոր» հետ են, մեր հյուսիսային հարեւանի հետ, եւ աշխարհը մի տեսակ դուրս է մնացել մեր տեսադաշտից: Մեկը մյուսի ետեւից պատվիրակություններ են մեկնում Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ: Մեզ ամենից շատ այցելում են նույնպես այնտեղից: Պայմանագրեր են կնքում, ներդրումներ անում, ընկերություններ առնում, վարկ վերցնում, ծրագրեր մշակում: Եվ բոլորը Ռուսաստանից, Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի համար: Սա, անշուշտ, այդքան վտանգավոր չէր լինի, եթե երբեմն այս շփումներին հակակշռեին Արեւմուտքի հետ փոխայցելությունները եւ արեւմտյան կապիտալի ու քաղաքականության հետ առնչությունները: Սակայն երբ երեկ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չի մասնակցելու, պարզ դարձավ, որ հավասարակշռությունն այլեւս անդարձ խախտված է: Տվյալ դեպքում բերված պատճառը՝ «հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը», եւս չի կարող արդարացում հանդիսանալ: Սա դեմարշի է նման, եւ բացատրությունը, թե՝ «Լիսաբոնյան հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում», մեր նկատմամբ աշխարհում դրական վերաբերմունք չի առաջացնելու: Հակառակը՝ տպավորություն է ստեղծվում, թե Սերժ Սարգսյանի՝ Լիսաբոն չմեկնելու որոշումը կայացվել է 2 օր առաջ Մոսկվայում, եւ Պուտին-Մեդվեդեւ զույգն են այս որոշման հեղինակները: