200 տեղանոց դահլիճում` 25 մարդ

200 տեղանոց դահլիճում` 25 մարդ
«Ժառանգություն»  խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը,  Անահիտ Բախշյանը եւ կուսակցության  վարչության փոխնախագահ  Ռուբեն Հակոբյանը ուրբաթ օրը Կապանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճում ստիպված էին մոտ 20 րոպե սպասել կապանցիներին։ Չնայած տեղական հեռուստաալիքներով տրված հայտարարություններին (ի դեպ, «Խուստուփ» հեռուստաընկերությունը նույնիսկ իր լրատվական թողարկումներով էր ծանուցել հանդիպման մասին), այդպես էլ հավաքվածների թիվը չանցավ 25-ից։



Հիմնականում մեծահասակներ էին՝ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ, որոնց գրասենյակը նույնպես մշակույթի կենտրոնում է։ Իսկ, օրինակ, մանկավարժ Ամալյա Մարտիրոսյանին ուրանյան պայքարն էր դահլիճ բերել։ Սակայն այս անգամ «Ժառանգության» ներկայացուցիչները չանդրադարձան հակաուրանյան թեմային։ Միայն մինչ հանդիպումը սկսելը տիկին Փոստանջյանն ասաց, որ եղել են Լեռնաձորում, հորատող մեքենան էլի աշխատում է։ Մեր այն հարցին, թե լուծվե՞ց արդյոք հակաուրանյան պայքարի տեղացի նախաձեռնողների ու պատգամավորի կոնֆլիկտը, տիկին Զարուհին նկատեց, որ ինքը ոչ մեկի հետ կոնֆլիկտ չունի։



Վերջինս իրենց խմբակցությունից Սյունիքի պատասխանատուն է ու պատրաստվում է ամեն ամիս գալ Սյունիք։ «Ժառանգությունն» ընդամենը 6 պատգամավոր  ունի ԱԺ-ում, ովքեր «անզոր են 125-ի դեմ, ու շատ որոշումներ կայացնելիս իրենց ձայնը որոշիչ չի լինում»: Այսպես կուսակցության վարչության փոխնախագահը փորձեց կանխել ավագ սերնդի ներկայացուցիչների սոցիալական բողոքը։ «Թանկացումները վեր ա կոխած ժողովրդին ուտում: Մարդիկ չեն էդ ապրանքներն ուտում, այլ ապրանքներն են մարդկանց ուտում:



Եղանակներն էլ արդեն ցրտել են, չենք իմանում` մեր ստացած թոշակով վարձերը մուծե՞նք, թե՞ մի կտոր հաց ու պանիր առնենք: Սաղ օրը հեռուստատեսությամբ Ադրբեջանից են խոսում, քննադատում, բա մեր երկրի ներսում ի՞նչ ա կատարվում»,-նկատեց վետերաններից մեկը։ Երեւանից եկած հյուրերը կարծիք հայտնեցին, որ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար պետք է չկաշառվել ընտրություններում, քվեարկել ազատ, առանց կաշկանդվելու։ 75-ամյա Գեղամ Խաչատրյանը պատգամավորներին հարցրեց, թե ինչու ինքը, որ աշխատել է, «30 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ անգործը, լորդը՝ 500 հազար»։



«Պառլամենտում փոխեք, ինձ համար նշանակություն չունի ով ա, ինչ ա, ես էլ եմ արժանի լավ ապրելու»,-ասաց Գ. Խաչատրյանը։ Պատգամավորների առջեւ բարձրացված հարցերը տարբեր ոլորտների էին վերաբերում` սկսած սոցիալական, արտաքին ու ներքին քաղաքականությունից, Արցախի հիմնահարցից,  բնապահպանական խնդիրներից,  ավանդների փոխհատուցումից, ցորենից մինչեւ առողջապահական համակարգում տիրող անարդարություններ: Քանի որ խմբակցությունը պայքարող է, կապանցիները  նրանց հորդորեցին իրավունքները պահել։



ՀԳ - Մինչ հանդիպումը Զ. Փոստանջյանը զարմացավ, որ այդքան շատ ոստիկաններ կային դահլիճում։ Երեք հոգի իրենք էին, 3-ը` ոստիկան ու 3 լրագրող՝ 200 տեղանոց դահլիճում։