Կրծքանշանը` ադամանդապատ, մանդատը` ոսկեջուր

Կրծքանշանը` ադամանդապատ, մանդատը` ոսկեջուր
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը, ով ընդամենը 6 ամիս է, ինչ պատգամավոր է, 49 ադամանդներով ադամանդապատել է իր կուսակցական կրծքանշանը, նաեւ ոսկեջրել այն: Ճիշտ է՝ նրա կրծքանշանի ադամանդները հնարավոր էլ չէ համեմատել օլիգարխներ Ռուբեն Հայրապետյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Մուրադ Գուլոյանի կրած ադամանդների հետ, որոնցից յուրաքանչյուրը մի ամբողջ կարողություն արժեն: Ի դեպ, ԱԺ-ում ադամանդապատ կրծքանշանով շրջող ՕԵԿ-ականը դեմ չէ քաղաքական առեւտրին: ԱԺ-ում նրան քչերն են ճանաչում: Գագիկ Բաղդասարյանը միջին գործարար է: Հայտնի է, որ բենզալցակայան ունի Աջափնյակում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, Արարատյան դաշտավայրում մեծ ձկնաբուծարան ունի: Պատգամավոր է դարձել ՕԵԿ համամասնական ցուցակով: Նաեւ՝ երբեմն մոտոցիկլետով է գալիս ԱԺ, երբ քառօրյա նիստեր չեն լինում:



- Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ որոշեցիք ադամանդներով զարդարել ՕԵԿ-ի նշանը, որ այն Ձեզ ավելի շատ հաջողություն ու փա՞ռք բերի:



- Առաջինը՝ որ դա ոչ միայն ՕԵԿ-ի նշանն է, նաեւ մեր հանրապետության դրոշն է դրա վրա, իսկ ՕԵԿ-ը ոսկեզօծեցի, որովհետեւ ուզում եմ, որ այդպիսին լինի ՕԵԿ-ը:



- Հնարավո՞ր է նաեւ ֆինանսներով ոսկեզօծեք ՕԵԿ կուսակցությունը: Որքա՞ն ներդրում եք պատրաստվում անել կուսակցությունում:



- Անկեղծ ասած, ոսկեզօծելը ո՞րն ա, յուրաքանչյուր կուսակցական գործունեություն էլ ենթադրում ա, որ որոշակի ներդրումներ պետք է անես: Ես էլ իմ չափով: Գրասենյակ ունեմ Աջափնյակում: Ներդրում չի՞ դա: Աշխատողներ կան: ...Ես իմ աշխատանքով, ԱԺ-ում իմ օրենսդիր պահվածքով ես փորձում եմ անել էն, ինչ որ պարտավոր եմ անել:



- Բայց ասում են՝ Արթուր Բաղդասարյանը խստապահանջ է ներդրումների հարցում, լուրջ ներդրումներ պետք է արվեն, որպեսզի դառնաս պատգամավոր կամ ընտրացուցակում առաջնային տեղ զբաղեցնես: Դուք, օրինակ, ՕԵԿ-ում որքա՞ն ներդրում եք արել, որ դառնաք պատգամավոր:



- Ես իմ կուսակցական աշխատանքով եւ իմ հեղինակությամբ եմ վաստակել դա, էդ վստահությունը: Թե մնացած տեղերում ինչ են ասում, էդ հարցերն իրանց ուղղեք: Ես կոնկրետ չեմ արել եւ չգիտեմ տենց բան:



- Իսկ Ձեր ադամանդապատ կրծքանշանի արժեքը որքա՞ն է:



- Անգին ա իմ համար, որովհետեւ դա իմն ա, եւ մենակ ես ունեմ:



- Հնարավո՞ր է Ձեր մանդատն էլ ադամանդապատեք:



- Չէ, ի՞նչ իմաստ ունի:



- Ոմանք կարծում են, որ Դուք վարկաբեկված կուսակցություն եք մտել:



- Ինչո՞ւ ա վարկաբեկված:



- Մասնավորապես նրա համար, որ ՕԵԿ նախագահն իր ընտրողների ձայները վաճառեց Սերժ Սարգսյանին, կոալիցիային եւ հիմա պաշտոն ունի եւ այլն:



- Այսինքն այդ առեւտրի ժամանակ Դուք ներկա՞ եք եղել: Ես տեղյակ չեմ: Վաճառել ի՞նչ ա նշանակում:



- Ակնհայտ է, որ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ դարձավ եւ միացավ մեկին, ում քննադատում էր խստագույնս:



- Ինչ ասեմ, քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր ա, քանի որ էդ պայքարի արդյունքն ու հետեւանքն էր իշխանությունը, եթե ես ճիշտ եմ հասկանում քաղաքականությունը ինչ բան է: Էդ ամբողջ պրոցեսների արդյունքում տրամաբանությունը բերեց նրան, որ առաջարկություն եղավ, եւ ՕԵԿ-ն էլ ընդունեց էդ առաջարկությունը՝ լինել իշխանության մեջ եւ իրականացնել իր ծրագրերը:



- Այսինքն ուրանալ ընտրողներին:



- Ինչո՞ւ ուրանալ: Ի՞նչ է նշանակում ուրանալ: ...Բոլորը մտածում էին՝ ամբողջ կյանքը էդ նույն ՕԵԿ-ը պետք ա լինի ընդդիմություն, հա՞:



- Դուք առաջիկա ընտրություններին մասնակցելո՞ւ եք:



- Իհարկե մասնակցելու եմ՝ ՕԵԿ-ի հետ միասին:



- Հնարավո՞ր է Ձեր ընտրազանգվածի ձայները ինչ-որ հարմար առաջարկով փոխանակեք:



- Չի կարող: Կուսակցության շրջանակներում դա այլ բան ա, բայց քաղաքականությունը, որ կուսակցությունը գնաց իշխանություն, լրիվ այլ պրոցես է: Որովհետեւ իշխանությունը ստանձնելու համար պիտի լինես կոալիցիայի մեջ, չէ՞: Ընդդիմությունը հո իշխանություն չի կարող ունենալ: Դե, առաջարկություն եղավ, ՕԵԿ-ն էլ ընդունեց էդ առաջարկությունը, հիմա էլ կառավարում ա երկիրը՝ իր լիազորությունների շրջանակներում: Ես էդտեղ վատ բան չեմ տեսնում:



- Այսօր, սակայն, ՕԵԿ-ը մի տեսակ ոչ իշխանության մեջ է ընդունված, ոչ ընդդիմության մեջ, ինչ-որ անորոշ կարգավիճակում է:



- Ինչի՞, էդ նախարարությունները, որ էսօր գործում են, անորոշ վիճակը ո՞րն ա: Շատ էլ լավ ընդունված ենք:



- Իսկ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր բիզնեսը զարգացնել: Օրինակ Արթուր Բաղդասարյանը կոնյակի գործարան է կառուցում Ոսկեվազում:



- Ես հիմա բիզնես չունեմ, ես այդ բիզնեսի սեփականատերն եմ: Ես բիզնեսի կառավարման հետ կապ չունեմ: Ո՞ր կուսակցությունում բիզնեսմեններ չկան: Կա՞ տենց կուսակցություն:



- Պաշտոնյա՞ բիզնեսմեններ:



- Իհարկե, եւ պաշտոնյա բիզնեսմեններ, եւ ԱԺ պատգամավորներ՝ որտե՞ղ չկա: Նորությո՞ւն է: Մեր երկրում դա նոր երեւույթ չի: