Ուսուցիչը պետք է ինքնակառավարումը չկորցնի

Ուսուցիչը պետք է ինքնակառավարումը չկորցնի
Ավագ դպրոցների ծնունդն ավելի վաղ է եղել, սակայն արդեն 2 տարի է` դրանք նոր սկզբունքով են գործում. հիմնական եւ ավագ դպրոցներն առանձնացվել են, եւ ավագ դպրոցների հիմնական նպատակը դարձել է աշակերտներին բուհ ընդունվելու համար պատրաստելը: Արդյոք կարելի՞ է ասել, որ դրանք արդեն կայացել են եւ ծառայում են իրենց բուն նպատակին: Այդ եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ:



- Ձեր կարծիքով, ավագ դպրոցների ինստիտուտն արդեն կայացե՞լ է: Ի՞նչ խնդիրներ են առաջացել, որոնք լուծման կարիք ունեն:



- Հանրապետությունում այս պահին 91 ավագ դպրոց կա, որոնցից 31-ը՝ մայրաքաղաքում: Երեւանի 193 դպրոցներից 31-ը դարձել է ավագ դպրոց: Իհարկե, խնդիրներ ունենք: Ավագ դպրոցը ժամանակի պահանջ էր, կայացման գործընթացը շարունակվում է, եւ միանշանակ ասել, որ 2 կամ 3 տարի հետո կունենանք կայացած ավագ դպրոց, սխալ կլինի: Դա հեռավոր նպատակ է: Մենք գնում ենք այդ ճանապարհով:



- Ավագ դպրոցը վերջնականապես կվերացնի՞ կրկնուսույցների ինստիտուտը, թե՞ այն կգործի ավագ դպրոցին զուգահեռ:



- Ավագ դպրոցի գլխավոր նպատակը հենց դա է: Ի՞նչ իմաստ ունի, որ աշակերտը եւս 2 տարի դպրոցին զուգահեռ պարապի, այդքան գումար ծախսի: Եթե նախորդ տարվա հետ համեմատենք, ապա ես կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ շարժը կա: Մանավանդ այս տարի շրջանավարտներ չունենք, ուստի ընդունելություն չի կազմակերպվելու: Իսկ եթե պարապում են լրացուցիչ, ապա ես դա լրիվ ավելորդություն եմ համարում:



- Այսինքն, ավագ դպրոցի տված գիտելիքը բավակա՞ն կլինի բուհ ընդունվելու համար:



- Ես լիարժեք չեմ կարող ասել: Մենք այստեղ շատ անելիքներ ունենք: Դրա համար տարիներ են պետք, ժամանակ է պետք: Մեզ նախ պետք է ուսուցչի որակն ապահովել: Ուսուցիչ-դասախոս մրցակցության մեջ պետք է ուսուցիչը հաղթի: Եվ ուսումնական ծրագիրը լիարժեք ստացած աշակերտն ու տվող ուսուցիչը, ինչպես նաեւ ընդունելության պահանջները պետք է լինեն նույն դաշտում: Այսինքն` դպրոցը պետք է տա ճիշտ այնքան գիտելիք, որքան պետք է բուհ ընդունվելու համար: Այսօր մենք ուզում ենք ավագ դպրոցը դարձնել հենց այդպիսի կրթօջախ:



- Տիկին Սողոմոնյան, խոսակցություններ կան, որ եկող տարի նախատեսվում է բացել նոր ավագ դպրոցներ: Կա արդյո՞ք դրա կարիքը:



- Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախորդ տարվա շրջանավարտների 100 տոկոսը չի գնացել ավագ դպրոց: Մի մասը գնացին հենակետային վարժարաններ, մի մասը՝ քոլեջներ, արհեստագործական ուսումնարաններ, ավագ դպրոց գնաց այն մասը, որն ուզում էր սովորել ավագ դպրոցում: Մենք այսօր ունենք նաեւ ավագ դպրոցներ, որոնք համալրված չեն իրենց շենքային հզորություններով: Այս պահին ես, որպես այս ոլորտի մարդ, չեմ տեսնում նոր ավագ դպրոցներ բացելու անհրաժեշտություն, որովհետեւ ընտրված բոլոր ավագ դպրոցները համալրված են եւ դեռ կարող են լրացուցիչ երեխաներ ընդունել, եթե նրանք կան: Այս պահին ոչ մի ծնող չի ասել, թե` ես տարա իմ երեխային ավագ դպրոց, չընդունեցին՝ ասելով տեղ չկա: Եթե մենք հիմնական դպրոցներում ավագ դպրոցների հատվածը շուտ դատարկենք եւ նրանց տեղափոխենք հիմնական դպրոց, ապա մենք դեռ ազատ տարածքներ ենք ունենալու:



- Կարծիք կա, որ ավագ դպրոցներում տարբեր դպրոցներից հավաքված աշակերտների հարաբերությունները լարված են: Անգամ գողական օրենքներ են սկսել գործել:



- Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք Հայաստանում, եւ մեր ազգային խառնվածքին բնորոշ է ջերմ, շուտ բորբոքվող, արժանապատվությունը ծայրահեղության հասնող դրսեւորումները: Աշակերտների այդ տարիքը հենց այն տարիքն է, երբ ինքնահաստատման են ձգտում: Հատկապես տղա երեխաները ձգտում են ինքնահաստատվել` սկսած առաջին դասարանից: Հանկարծ երեխային կտրում են իր միջավայրից եւ տանում մի տեղ, որտեղ դաշտը իրենը չէ, եւ որտեղ եկել են ինքնահաստատման պայքարի մեջ մտած բազմաթիվ այլ տղաներ: Այստեղ առաջանում է շահերի բախում:



- Բախման որեւէ դեպք արձանագրվե՞լ է:



- Ոչ, նման դեպք չի արձանագրվել: Դաստիարակչության գծով փոխտնօրենների հետ մենք լուրջ աշխատում ենք:



- Տիկին Սողոմոնյան, կանդրադառնա՞ք «YouTube»-ում վերջերս տեղադրված տեսանյութերին, որտեղ ուսուցիչներն աշակերտների են ծեծում: Ո՞վ է մեղավոր: Եվ արդյո՞ք դա չի նշանակում, որ  այդ երեւույթը համատարած է մեր դպրոցներում, պարզապես չի լուսաբանվում:



- Գիտեք, ես վարչության պետ միանգամից չեմ դարձել, ես ճանապարհ եմ անցել, դասարան եմ մտել, ունեցել եմ չար աշակերտներ: Որեւէ ուսուցիչ զայրացած, աշակերտին ծեծելու մտադրությամբ դասարան չի մտնում: Որեւէ մեկը որեւէ մեկին չի ստիպում ուսուցիչ դառնալ: Դա ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքն է: Դասարանում կարող է ամենատարբեր իրավիճակներ ստեղծվել, բայց ուսուցիչը պետք է ինքնակառավարումը չկորցնի: Ես ծեծը դատապարտում եմ, բայց այդ երեւույթն առկա է անգամ ընտանիքներում: Ես չեմ ուզում, որ մենք տառապենք յութուբամանիայով: Հենց դա դարձավ քննարկման խնդիր, աշակերտի կողքին կկանգնի նաեւ ծնողը, իսկ լավ ուսուցչի կողքին ո՞վ է կանգնած: Պուշկինի դպրոցի դեպքը վերցնենք: Պատմության այդ ուսուցիչը դպրոցի լավագույն ուսուցիչներից էր, բայց հունից դուրս էր եկել: Պետք է դուրս չգար, պետք է կառավարեր իրեն:



- Դուք այս երեւույթների հանրայնացմանը դե՞մ եք:



- Այո: Ես շատ զայրացած էի, որ կարելի է նման նյութ տեղադրել ինտերնետում: Դրանք հաջորդեցին մեկը մյուսին, իսկ դեպքերը տեղի էին ունեցել տարիներ առաջ: Դե թող մի նյութ էլ այս օրերի մասին տեղադրեն, միթե հիմա չկա այդպիսի բան:



- Իսկ չե՞ք կարծում, որ այդ տեսանյութերը զգոնացրին այդպիսի «հակումներ» ունեցող ուսուցիչներին:



- Չէ, դա չի զգոնացնի: Համ էլ ինչո՞ւ պետք է ուսուցիչը ամեն րոպե մտածի, որ իրեն կնկարեն: Ուսուցիչը պետք է բարի լինի, չպետք է վախենա, նա իր գործը պետք է անի: Ուսուցչի նյարդային համակարգը պետք է խաղաղ լինի: Ուսուցիչ-ծնող-աշակերտ շղթան շատ ամուր պետք է լինի: Եթե այս շղթան ամուր լինի, որեւէ խնդիր չի առաջանա:



- Տիկին Սողոմոնյան, ինչո՞ւ են մեզ մոտ, այսպես ասած, սորտավորվում դպրոցները: Կան էլիտար եւ ոչ էլիտար դպրոցներ:



- Գիտեք, այդ «էլիտար» բառը ինձ էլ է շատ զայրացնում: Էլիտար շենք, էլիտար սրճարան, իսկ դպրոցի դեպքում ոչ թե զայրանում եմ, այլ վիրավորվում, որովհետեւ ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկին նման կարգավիճակ շնորհել: Այդ որակումը գալիս է ծնողներից, ընտանիքից, նրանք են իրենց էլիտար խավ համարում: Սակայն այդպիսին համարվող դպրոցներում տարբեր սոցիալական շերտերից երեխաներ կան: Ինձ համար բոլոր դպրոցները դպրոց են, ես մակդիր չեմ դնում: