Գայլերի հերթական հարձակում այս անգամ Քարաբերդ համայնքի վրա

Գայլերի հերթական հարձակում այս անգամ Քարաբերդ համայնքի վրա
Լոռու մարզում այս տարի գայլերն ակտիվացել են։ Այս անգամ նրանք հարձակվել են մարզի Քարաբերդ համայնքի վրա։ Հարձակման վերջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 15-ին, առավոտյան հոշոտել են համայնքի բնակիչ Գառնիկ Թունյանի մեկ խոզը, այնուհետ Վաչագան Թունյանի մոզին։ Ինչպես տեղեկացանք Լոռու մարզային փրկարարական վարչությունից, վերջին 3 ամիսներին գայլերը համայնքի տարածքում հոշոտել են 16 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Քարաբերդ համայնքի գյուղապետ Յուրիկ Շավելյանն արդեն չի հիշում, թե այս տարվա ընթացքում գայլերը քանի անգամ են գյուղ իջել:



«Մոտ 20 անգամ հարձակվել են, ամեն հարձակվելու ժամանակ խեղճ գյուղացուն զրկում են ապրուստից»,-ասում է համայնքապետն ու ավելացնում, որ եղել են նաեւ դեպքեր, երբ գյուղացիները ժամանակին են վրա հասել։ Գյուղապետն ասաց, որ դիմել են մարզպետարան, անձամբ մարզպետին, իսկ վերջին դեպքից հետո որսորդմիության նախագահն է ԱԱԾ-ի աշխատակիցների հետ  եկել գյուղ, բայց չեն կարողացել ոչ մի հատ գայլ խփել։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին էլ են գայլերի հարձակումներ եղել, բայց այս տարի իջնում են մինչեւ գյուղ։ Գյուղացիներն ու գյուղապետը հույսները կապում են ձյան շուտափույթ գալու հետ: «Գոնե ձյունը գա, հետքերով կարենանք խփենք»,-նշեց Յուրիկ Շավելյանը։