Իրավիճակային քաղաքականություն

Իրավիճակային քաղաքականություն
Պաշտոնավարման երկու տարում ՀՀ նախագահի պաշտոնական եւ աշխատանքային արտասահմանյան 62 այցերի մեջ գերակշիռը, թերեւս, Ռուսաստան կատարած այցելություններն են: Իհարկե, եթե հաշվի առնենք երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ավանդական կապերը, այն, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է համարվում, եւ մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում, զարմանալու բան չկա: Սակայն հատկապես վերջին շրջանում Հայաստան-Ռուսաստան շփումներն առավել քան ակտիվացել են, եւ տարբեր առիթներին ու մակարդակներով մշտապես ընդգծվում է Ռուսաստանի դերը մեր երկրի ներկայի ու ապագայի   հարցում (վերջինը Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցելության առիթով հնչեցված հայտարարություններն էին):



Մինչդեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին շրջանում տպավորությունն այնպիսին էր, թե փորձ է արվում Հայաստանի արտաքին քաղաքական գծում փոփոխություններ մտցնել եւ ավելի սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ: Քաղաքագետ, ՌԱՀԿ փորձագետ  Մանվել Սարգսյանը միանշանակ չի համարում, թե Հայաստանի քաղաքական կուրսը փոխվել է: Ըստ նրա` անորոշությունը եւ իրավիճակային քաղաքականությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակվում է, իսկ ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի սերտացումը պայմանավորված է Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքներով:



Մանվել Սարգսյանը միաժամանակ նկատեց, որ երբ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում նկատվեց, Սերժ Սարգսյանը դեպի ՆԱՏՕ «ռեւերանս» կատարեց, անգամ Բրյուսելում հայտարարություններ արեց, որոնք գնահատվեցին որպես հրավեր ՆԱՏՕ-ին տարածաշրջան: Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան վերջին շփումներին, քաղաքագետի կարծիքով, դրանք Արեւմուտքի կողմից չեն էլ քննադատվում, ինչը պայմանավորված է գլոբալ փոփոխություններով եւ ՌԴ-Արեւմուտք հարաբերություններով:



Հայաստանն այս պարագայում, քաղաքագետի դիտարկմամբ, Ռուսաստանին սիրաշահելու քայլեր է անում, որոնց նպատակն է խոչընդոտել Հայաստանի թիկունքում ռուս-ադրբեջանական հնարավոր մերձեցմանը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածության առնչությամբ հիշեց ֆուտբոլային դիվանագիտության սկիզբը, երբ Հայաստան-Թուրքիա մերձեցումը Արեւմուտքը ողջունում էր: Այդ փուլում շատերը վստահ էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումն ընդհանրապես խթան կհանդիսանա Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցման համար: Բայց երբ այդ քայլերն անհաջողության մատնվեցին, եւ ի հայտ եկավ ԼՂ հարցը՝ որպես նախապայման, նույն Արեւմուտքը հայտարարեց, որ չունի Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու լծակներ:



«Եթե հիշում եք, այն ժամանակ միակ վճռական խնդիրը, որը դրվեց նախապայմանների հարցում, Ռուսաստանի ղեկավարության կողմից էր: Վլադիմիր Պուտինը Ստամբուլում հայտարարեց, որ այդ 2 հարցերն իրար հետ կապել պետք չէ, եւ ըստ էության այդ ծանր վիճակից Ռուսաստանն իր ձեռքը մեկնեց Հայաստանին, եւ տրամաբանական է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների անփառունակ ավարտից հետո Հայաստանի՝ դեպի Ռուսաստան վեկտորն էլ ավելի ուժեղացավ»,- ասում է քաղաքագետը՝ հիշելով ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի հայտնի խոսքերը. «Хотели как лучше, получилось как всегда»՝ նկատի ունենալով, որ հայ-թուրքականի ձախողումը Հայաստանին մղեց էլ ավելի ուժեղ ռուսամետության: Այս կոնտեքստում է քաղաքագետը դիտարկում ոչ միայն ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման, այլեւ օտարալեզու դպրոցների ներդրման խնդիրները:



Բոզոյանի խոսքով՝ երկու ծայրահեղություններն էլ ճիշտ չեն, հարկավոր է հավասարակշռված քաղաքականություն վարել ու չփորձել ծայրահեղ փոփոխությունների գնալ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի աշխատանքային վերջին այցին Մոսկվա եւ դրա ընթացքում հնչած հայտարարություններին, ապա, ըստ քաղաքագետի, Աստանայի գագաթաժողովին ընդառաջ թե Հայաստանը, թե Ադրբեջանը ջանք չեն խնայում Կրեմլի աջակցությունն ստանալու համար: ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը համաձայն չէ, թե Հայաստանի իշխանությունները երբեւէ դեպի Արեւմուտք են ձգտել: Ըստ նրա, ժամանակ առ ժամանակ ռուսական մամուլը լուրեր է տարածել, թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը արեւմտամետ են:



«99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ռուսական մամուլը գրում էր, որ Քոչարյանն արեւմտամետ է եւ այլն: Այդ բոլորը անցած 12 տարիների ընթացքում երեւացել է, իսկ իրականությունն այն է, որ նրանք երկուսն էլ օտար պետության ծառայողներ են, եւ նրանց ամբողջ գործունեությունը կապված է այդ օտար երկրի՝ Ռուսաստանի շահերի հետ: Ռուսներն էլ իրենց հերթին աջակցում են այդ իշխանությանը, երբ լինում է, ասենք, հոկտեմբերի 27, մարտի 1, երբ իշխանությունը որոշակի քաղաքական ճգնաժամի առջեւ է կանգնում, անմիջապես վազում են Մոսկվա եւ վերադառնում, ինչպես վերջին այցելության ժամանակ եղավ՝ հայտարարելով, որ ավելի վստահ են Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ: Այսինքն, եթե իրենց համար խոստացել են պայծառ ապագա, նրանք  դա փոխում են, իբր Հայաստանին է վերաբերում»,-նշեց Երջանիկ Աբգարյանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վասալական են:



Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին այցելությունն այդ է փաստում, եւ այն, որ այցելությունը նախորդեց ԵԱՀԿ գագաթաժողովին, խոսում է այն մասին, որ եւս մի քայլ է կատարվելու, որպեսզի Ռուսաստանի դերակատարությունն ընդգծվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում: «Ռուսաստանը կաշխատի ինչ-որ թղթի կտոր սարքի, որը նորից ծառայելու է ոչ թե Հայաստանի շահին, այլ Ռուսաստանի հեղինակության բարձրացմանը»,-հավելեց ՀՀՇ վարչության անդամը: