Անանաիա Շիրակացին գերեզմանում շուռ կգար

Անանաիա Շիրակացին գերեզմանում շուռ կգար
Սերժ Սարգսյանը երբեմն զարմացնում է իր «առատաձեռնությամբ», հատկապես, երբ խոսքը գնում է այնպիսի բարձր պարգեւների մասին, ինչպիսին «Անանիա Շիրակացի» մեդալն է, որը սեպտեմբերի 16-ին շնորհեց մի շարք անձանց` «անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար»:



Մեդալակիրների շարքում կա մի անձնավորություն` 2010 թվից «ՀայՌուսգազարդի» տնօրենի տեղակալ 36-ամյա Վարդան Հարությունյանը` հայրական կողմից ԲՀԿ-ական, ինքը` կեղծ ՀՀԿ-ական, ավելի ճիշտ` «տարոնական» (Տարոն Մարգարյանի մոտ ընկերն է): Ստացած մեդալը  Վ. Հարությունյանն իր շրջապատում բացատրում է այսպես. «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանին տանում են քաղաքական շատ մեծ պաշտոնի, իսկ ռուսներին «դեմ են տալու իրեն»: Իրոք կսազի այս նոր կադրը «ՀայՌուսգազարդի» տնօրենի հայկական (ավելի ճիշտ` ՀՀԿ-ի) չափանիշներին:



Ընդ որում, Վարդանին սկսել են «պատրաստել» դեռ վաղուց, աները` Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը, Սահմանադրական դատարանի անդամ է: 25 տարեկան երիտասարդը դարձել է «Աբովյանգազի» տնօրեն, իսկ 2 տարի անց նշանակվել «Երեւանգազի» տնօրեն: Վ. Հարությունյանի անունը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցներում` նրա «փայլուն» վարքի պատճառով: Մասնավորապես, «Գազի Վարդանը» մարդ ծեծելու հոբբի ունի. ծեծում էր ինչպես «Երեւանգազի» գրասենյակում, այնպես էլ իրեն պատկանող «Արքայաձոր» ռեստորանում:



Իր անձեռնմխելիությունը նա բացատրում է իշխանությունների հետ ունեցած սերտ հարաբերություններով եւ նրանց խնջույքների ծախսերը հոգալու հանգամանքով: Հանրապետական պատգամավորները հաճախ են «Արքայաձորում» լինում, Վարդանը հոգում է ծախսերը եւ նեղ շրջապատում դժգոհում, թե «կրակն է ընկել սրանց ձեռքը»: Սկզբում «Աբովյանգազում», ապա «Երեւանգազում» տնօրեն եղած ժամանակ Վարդանը Թուրքիայից խողովակներ էր ներկրում իրեն պատկանող ՍՊԸ-ի միջոցով եւ գազահաշվիչներ էր տեղադրում՝ յուրաքանչյուրը 5 հազար դրամով (միայն Երեւան քաղաքում մոտ 300 հարյուր հազար գազի բաժանորդ կա), 1 բնակարանի գազիֆիկացումը 400-500 դոլար էր նստում:



Ով գոնե մեկ անգամ շփվել է «Երեւանգազի» հետ, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը: Սա այն Վարդանն է, ով «Արքայաձորի» աշխատակցին այնպես ծեծեց, որ վերջինս հիվանդանոց ընկավ, եւ մամուլն անդրադարձավ այդ դեպքին: Սա այն Վարդանն է, ով «Երեւանգազում» հսկիչ է ծեծում: Նրա՝ Բաղրամյան պողոտայում կառուցվող առանձնատունը բնակիչների դժգոհությունն է առաջացրել: Փաստորեն, Սերժ Սարգսյանն անկախության տոնի առթիվ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրում է Վ. Հարությունյանին` երկրի անկախության գործում իր ներդրած ավանդի համար:



Ասում են, 5-6 տարվա ընթացքում Վ. Հարությունյանի անձնական կարողությունը հասել է մի քանի միլիոն դոլարի. միայն նրան պատկանող երկու մեքենաներն արժեն մոտ 200 հազար դոլար:Ահա թե ինչ աստիճանի են նսեմացրել այս պարգեւի նշանակությունը: Մեդալ տալու փոխարեն միգուցե ավելի ճիշտ կլիներ դատախազությանը հանձնարարել ստուգելու վերջին 5-6 տարիների ընթացքում «Երեւանգազի» գործունեությունը:



ՀԳ - Ի դեպ, 2010թ., երբ Սերժ Սարգսյանը գնացել էր Լոնդոն, չգիտես ինչպես, պատվիրակության կազմում էր նաեւ Վ. Հարությունյանը, որն իր իսկ պատմածով, հոգացել է ծախսերը 25 հազար ֆունտ ստեռլինգի չափով եւ այժմ էլ գլուխ է գովում, թե «Կարենի ու Սերժի հետ Անգլիա է գնացել եւ ոչ մի պրոբլեմ չունի Հայաստանում»: Իսկ թե որտեղից այս նորաթուխ երիտասարդին այսպիսի կարողություն, մնում է միայն կռահել: Դե ուրեմն, առաջ Հայաստան:



Անուշավան ՌԵՎԱԶՅԱՆ