Քաղաքը խոսում է...

Քաղաքը խոսում է...
Կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես շփվում եմ շատ տարբեր եւ հետաքրքիր մարդկանց հետ: Եվ վերջերս իմ բոլոր ծանոթները բողոքում են նրանից, որ մեր քաղաքը դարձել է շատ տխուր: Լավ ժամանց անցկացնելու վայրեր չկան: Հասարակ «մահկանացուների» համար կան ինչ-որ կիսատ-պռատ, արդեն հոգնեցրած սրճարաններ, երկու գրեթե միշտ վատ ֆիլմեր ցուցադրող կինոթատրոններ, մնացածը ամբողջ քաղաքում կամ ստրիպտիզ ակումբներ են, կամ ռաբիս ռեստորաններ:



Ավելի հարուստ խավի համար վերջերս բացվեցին մի քանի քաղքենի գլամուրային ակումբ-ռեստորաններ, որոնցից են «Բլեքբերրին», «Կայլը» (իմիջիայլոց, քաղաքը խոսում է, թե «Կայլի» տերը տարօրինակ, կրոնի վրա մի քիչ շեղված, մուշտուկը միշտ ձեռքին անհայտ մարդ է: Ռեստորանի դիզայնի մեջ շատ են կրոնական եւ մասոնական նշանները), «Վերանդան», «Բոհեմը» եւ այլն: Հիմա Երեւանում ավելի մոդայիկ են, այսպես կոչված, «Pub»-երը (հայերեն ասած՝ գարեջրատուն): Սովորաբար այդպիսի տեղերում լինում են կենդանի երաժիշտներ, արվեստագետ միջավայր եւ շատ խմիչք: Դրանցից են օրինակ «Ստոպ», «Բիտլս», «Այրիշ», «Ուլիխանյան» ակումբները:



Բայց իմ վերջին ու ամենալավ հայտնագործությունը նոր «Կալյումե» ակումբն է: Այս ակումբ մտնելիս թվում է, թե հենց նոր հայտնվեցիր Եվրոպայում: Նկուղային, շատ գունավոր, ուրախ տեղ է: Տերերը սփյուռքահայեր են, որոնք հետագայի մեծ պլաններ ունեն. հիմա թույլտվության են սպասում, որպեսզի վերելակ դնեն եւ վերեւում ռեստորան կառուցեն: Աշխատողներն այստեղ միմյանց հետ խոսում են անգլերեն:



Շատ դրական միջավայր է, «հայերը» (բառի վատ իմաստով) խուսափում են այստեղ գալ, քանի որ դրսից երեւում են միայն գորշ դուռը եւ փոքր «Calumet» անվանումը: Ես նկատեցի նաեւ, որ այստեղ եղած բոլոր ծանոթներս միմյանց խնդրում էին ոչ ոքի չպատմել նոր տեղի մասին, որպեսզի այն հնարավորինս երկար մնա լավը: Այս ամենից եզրակացրեցի, որ քաղաքը դուրս է եկել «գլամուրի» գերությունից, որ ազգը ներսից պահանջում է եվրոպական բարքեր, ազատամտություն, քաղաքակրթություն, հանգստություն… Քաղաքը խոսում է, Եվրոպան՝ ապրում...



Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ